Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
101 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 18-ին, ընդամենը մի քանի ամիս խորհրդային դարձած Հայաստանում զինված հեղափոխություն է բռնկվում, որը հայտնի է որպես Փետրվարյան հեղափոխություն։
Բոլշևիկներին երկրի ղեկը Հայաստանի Առաջին Հանրապետության դաշնակցական ղեկավարությունն էր հանձնել՝ 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի Երևանի պայմանագրով, բայց դրանից ընդամենը մի քանի ամիս հետո հենց դաշնակցական գործիչներն էլ ղեկավարում են ինքնաբուխ ապստամբությունը։ Պարզվում է՝ պատճառները մի քանիսն էին։
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ պատճառներից մեկն այն էր, որ բոլշևիկները չկատարեցին Երևանի պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ չհետապնդել և բռնություններ չկիրառել նախկին իշխանության ներկայացուցիչների հանդեպ, եթե անգամ նրանք պայքարել են բոլշիկների դեմ, և պարտավորվել էին չխանգարել մյուս գործիչներին, որոնք պետք է հեռանային Հայաստանից։
«Հայ բոլշևիկների մոտ այլ հիվանդություն կար՝ նրանք զայրացած էին, որ Բորիս Լեգրանը՝ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը, առանց արյուն հեղելու, խաղաղ ճանապարհով իշխանություն է վերցրել։ Հայ բոլշևիկների համար դա մառազմատիկ երևույթ էր՝ ըստ իրենց հեղափոխությունը պահանջում էր արյուն, խաղաղ ճանապարհով իշխանությունը վերցնելը պատիվ չէր բերում իրենց նման հեղափոխականներին։ Եվ նրանք սադրում էին՝ ձերբակալություններով»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը։
Հիմնականում դաշնակցականներ հետապնդումների ենթարկվեցին, բայց նաև ոչ դաշնակցականներ։ Հարյուրավոր սպաներ ձերբակալվեցին, ոտաբոբիկ ձյան վրայով տարվեցին Դիլիջան, այնտեղից էլ Ադրբեջան և Ռուսաստան։ Իսկ Փետրվարյան հեղափոխության նախօրեին արդեն Երևանի բանտում թուրք դահիճների ձեռքով կացնահարեցին երկու տասնյակ ռազմական ու քաղաքական գործիչների՝ այդ թվում Խմբապետ Համազասպին ու Սարդարապատի հեոսամարտին մասնակցած սպաների։ Թիրախ էին նաև արևմտահայերը, որոնք օր առաջ ուզում էին վերադառնալ իրենց օջախները, որն Առաջին Հանրապետության տարիներին փաստացի չստացվեց, և ակնկալում էին, որ Խորհրդային իշխանությունը գոնե որոշ չափով կփորձի այդ հարցը կարգավորել, բայց հայ բոլշևիկների համար շատ կարևոր էր «եղբայրական» Թուրիայի հետ բարեկամություն հաստատելը և նրանք ընդհանրապես լսել անգամ չէին ուզում թուրքերից տարածքային պահանջների մասին։
Բայց Փետրվարյան հեղափոխության ամենագլխավոր խթանը Խաչատուր Ստեփանյանը համարում է այսպես կոչված «ռազմական կոմունիզմը», երբ քաղաքներում ու գյուղերում մարդկանց վաստակածից մի չնչին մաս թողնում էին, որ յոլա գնա, մնացած ամբողջը վերցնում, տալիս Կարմիր բանակին, ուղղում հայ և ռուս բոլշիկների կարիքներին, անգամ օգնություն ուղարկում «եղբայրական» Ադրբեջանին։
«Գյուղացուց վերցնում էին ամեն ինչ՝ բացառությամբ սերմացուի բաժինը և իր ուտելու բաժինը, տնտեսապես քայքայված երկրում այդ բռնի ունեզրկման քաղաքականությունը շատ ծանր ազդեցություն թողեց բնակիչների վրա։ Քաղաքում էլ, օրինակ, սպիտակեղեն էին բռնագրավում․ մտնում էին տուն, ասում՝ քո տանը կա 3 հատ ավելորդ սպիտակեղեն, պետք է տաս Կարմիր բանակի զինվորներին։ Ջրվեժ գյուղում, օրինակ, կաքավի հարկ էին դրել՝ օրական այսքան կաքավ պետք է որսաք, որ Ռուսաստանից այստեղ եկած բոլշիկ ղեկավար ներկայացոուցիչներն անպայման կաքավի միս ուտեն»,-ասաց Խաչատոր Ստեփանյանը։
Անգամ Առաջին Հանրապետության կառավարության՝ Ամերիկայից ստացած հացը, խտացրած կաթն ու կաթի փոշին, որ ուղարկվել էր բնակչությանը սովից փրկելու համար, ուղարկեցին Ադրբեջան, որպեսզի Մոսկվային ցույց տան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերություններ կան։ Մինչդեռ, Ադրբեջանից ոչինչ չէր գալիս, նրանք մղում չունեին որևէ բան ապացուցելու, դա հայ բոլշևիկներին էր բնորոշ՝ ասաց պատմաբանը։
Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցիին Երևանը։ Խորհրդային ղեկավարությունը փախավ Արտաշատ և Հայաստանի մի հատվածում վերականգնվեց պետական անկախությունը, ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։
Փետրվարյան հեղափոխությունն ընդամենը 42 օրվա կյանք ունեցավ, նշեց Խաչատուր Ստեփանյանը, բայց շատ կարևոր արդյունքներ եղան՝ բոլշևիկերը հասկացան, որ ժողովուրդն ունակ է զենք վերցնելու անգամ ռուսների դեմ և հետապնդումները, սպանդը, ունեզրկումները դադարեցին։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․