Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստեփանակերտի «Մետաքս կոմբինատ»-ի տեղում տարիներ առաջ ավերակ շենք էր` հակառակորդի ականանետների հրետակոծությունից փլուզված: Տարիներ առաջ ԼՂ կառավարության աջակցությամբ շենքը վերակառուցվեց, տեխնիկան վերանորոգվեց, թարմացվեց, իսկ 2013-ին գործարանն արդեն սկսեց գործել: «Մետաքս կոմբինատ»-ը պետական ներդրումներով գործող թեթև արդյունաբերական ՍՊԸ-ների միավորում է, որում ներգրավված են մի շարք կազմակերպություններ: Ընկերությունն այժմ ապահովված է ժամանակակից տեխնիկայով:
ՍՊԸ-ի տնօրեն Վալերի Բալայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կոմբինատը 15 000 քմ արտադրական տարածքներ ունի, որոնք կառավարությունն իրենց վարձով է տալիս, բայց չնչին գնով` 1 քմ-ի դիմաց վճարում են 30 դրամ:
Արտադրամասերից մեկում արտադրում են բամբակե սպիտակեղեն ու ներքնաշորեր: Հումքը բերվում է Ուզբեկստանից, իսկ քաթանն արտադրում են տեղում: ՍՊԸ-ն ունի 300-350 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 70-120 հազար դրամ է /գործարքային/:
Բալայանի ներկայացմամբ` իրենք փորձում են այս տարածքներում ստեղծել բիզնես համակարգ, որի միջոցով կկարողանան Ղարաբաղում զարգացնել փոքր և միջին բիզնեսը:
«Մենք` որպես միջին բիզնեսով զբաղվող ընկերություն, ունենք բոլոր այն խնդիրները, որոնք Երևանում էլ կան, այսինքն` փոքր շուկայի խնդիրները: Ընկերությանն այս պահին աջակցում է ԼՂ կառավարությունը. նախ` սուբսիդավորում է վարկերը, մեզ հետ պայմանագիր է կնքել բանակը, որի համար արտադրում ենք բամբակե սպիտակեղեն և ներքնաշորեր, որոնք բաժանվում են զորամասերին: Մտածում ենք, որ սկզբնական փուլում բանակի պատվերները կբավարարենք, որ մի քիչ ոտքի կանգնենք ու հետո արդեն քաղաքացիական շուկա դուրս կգանք»,- ասաց Բալայանը:
Նրա հավաստմամբ` դեռևս հաջողվում է այս ամենի «տակից դուրս գալ», թեև այնպես չէ, որ բիզնեսը զարգանում է. շատ դանդաղ, բայց առաջ են շարժվում:
Գլխավոր խնդիրը, ըստ տնօրենի, դրսի շուկա դուրս գալն է: Այժմ ռուսական 3-4 ընկերությունների հետ են բանակցություններ վարում, որ սկսեն իրենց արտադրանքն արտահանել:
Ինչ վերաբերում է ապրանքի որակին, ապա, ըստ Բալայանի, Պաշտպանության բանակի պահանջները շատ խիստ են, և եթե նրանց պահանջներին չհամապատասխաներ արտադրանքը, ապա ուղղակի այն չէին վերցնի:
«Հավատացեք, եթե նրանց նորմաներից մի քիչ շեղում է լինում, չեն ընդունում ապրանքը: 100 տոկոսանոց բամբակից է մեր ապրանքը, և հետո գիտենք, թե զինվորներն ինչ պայմաններում են ծառայությունն անցկացնում, մենք դեռ մի բան էլ ավելի սրտացավ ենք մոտենում ու փորձում լավագույն որակն ապահովել»,- ասաց նա:
Ընկերության տեխնիկական մասնագետ Արամայիս Հարությունյանն էլ, ով դեռ 1970-ականներին է աշխատում գործարանում, նշում է` գործարանը սկսում է ոտքի կանգնել: Հարությունյանը 1977-ից մինչև 1988թթ. աշխատել է գործարանում, հետո, երբ սկսվել է պատերազմը, որպես կամավոր մեկնել է ճակատ և հակատանկային դիվիզիոնում ծառայել մինչև թոշակի անցնելը: 2013-ին, երբ բացվել է գործարանը, նորից աշխատանքի է անցել այնտեղ:
«Պատերազմի ժամանակ ծառայել եմ բանակիս, իսկ երբ թոշակի անցա, առաջարկեցին, որ գամ, սարքերը վերականգնեմ, գործի անցնենք, համ էլ ժողովրդի համար աշխատատեղեր կբացվեն: Պատկերացրեք` ես քանի-քանի տարի բանակում ծառայության անցած մարդ, ինչ տրամադրվածությամբ ենք բանակի համար սպիտակեղեն արտադրում»,- ասաց Հարությունյանը:
Նա գոհ է իր աշխատանքից, ուզում է միայն` արտադրամասի գործերն այնքան լավանան, որ սկսեն դրսի շուկա էլ արտահանել իրենց ապրանքն ու հարևան երկրների բնակիչներին զարմացնեն իրենց ապրանքի որակով: «Այս տարիքում ամեն մարդու բախտ չէ, որ բերում է և աշխատանք է ունենում: Մտածում եմ` գործարանը լավ աշխատի, աշխատատեղերն ավելանան, լավ կլինի: Ստեփանակերտից հեռանալու մասին չեմ էլ մտածում, այստեղ եմ մեծացել, երեխեքս, տունս այստեղ է, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ: Այստեղ շատ քչերն են մտածում գնալու մասին, մանավանդ` եթե աշխատանք ունեն»,- ասաց Հարությունյանը:
Ընկերությունում աշխատող կանանցից մեկը ծալում է բանակ ուղարկվող սավանները: Յուրաքանչյուր սավան ծալելիս օրհնում է. «Անուշ ու խաղաղ քնեք վրան, ողջ-առողջ էլ տուն հասնեք»:
Կարինե Հարությունյան