Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելական «Կան» հեռուստակորպորացիան ֆիլմ-հետաքննություն է ցուցադրել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության մասին՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներ Վաշինգտոնում և Թել Ավիվում: Yerkir.am-ը ներկայացնում է Մեծ Բրիտանիայում լույս տեսնող արաբալեզու Rai Al Youm պարբերականի հոդվածը, որում բացառիկ մանրամասներ կան «Կան»-ի հետաքննության մասին:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իսրայելի վարչապետը շտապեց հերքել, թե երկիրը որևէ կապ է ունեցել գործողության կազմակերպիչ ԱՄՆ-ի հետ: Իսրայելական ԶԼՄ-ները, վկայակոչելով լավ տեղեկացված իսրայելական աղբյուրներ, հունվարի 6-ին, այսինքն՝ իրանցի գեներալի սպանությունից 3 օր անց, տեղեկացրին, որ կառավարությունը խորհրդակցություն է անցկացրել՝ այդ իրադարձության հետևանքները քննարկելու համար:
«Իսրայելական ԶԼՄ-ները, որոնց զգոնությամբ հետևում է ռազմական ծառայության գրաքննությունը, ընդամենը հայտնեցին, նույն աղբյուրներին հղումով, որ խորհրդակցությունն ավարտվել է՝ չլուսաբանելով, թե ինչ է տեղի ունեցել դրա ընթացքում: Իսկ «13-րդ ալիք»-ը, վկայակոչելով խորհրդակցությանը մասնակցած նախարարներին, հայտնեց, որ, Բինյամին Նեթանյահուի խոսքով, Սոլեյմանիի սպանությունը զուտ ամերիկյան գործողություն է եղել, որին իսրայելցիները չեն մասնակցել: Նա արգելել է նախարարներին՝ որևէ հայտարարություն անել երկու առաջնորդների՝ Սոլեյմանիի և ալ Մուհանդիսի հանդեպ ամերիկացիների իրականացրած բարբարոս հանցագործության վերաբերյալ»,- գրում է Rai Al Youm-ը՝ հիշեցնելով, որ հունվարի 3-ի առավոտյան ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, հայտնեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի ժողովրդական համախմբման ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանության մասին՝ Բաղդադի միջազգային օդանավակայանին ավիահարված հասցնելու արդյունքում:
Ըստ պարբերականի՝ անպատասխան է մնում՝ այդ սպանության մեջ Իսրայելն իսկապե՞ս որևէ դեր չի ունեցել: Հայտնի է, որ ԱՄՆ-ի և հրեական պետության ռազմավարական դաշինքն ամենաուժեղն է՝ այն օրից սկսած, երբ Վաշինգտոնը ստանձնել է «1948 թվականին Մերձավոր Արևելքում պաղեստինցիների ու արաբ այլ ժողովուրդների զոհերի վրա ստեղծված այդ կազմավորման» պաշտպանի դերը:
Չնայած սպանությանը Իսրայելի մասնակցության շուրջ ստեղծված գաղտնիությանը, արաբալեզու պարբերականի տեղեկացմամբ, երեքշաբթի իսրայելական «Կան» պետական ռադիոհեռուստատեսային կորպորացիան ցուցադրել է «Ճշմարտության ժամանակը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է գեներալ Սոլեյմանիի սպանության՝ ամերիկյան գործողության մասին: «Կան»-ի հիմնական լրատվական հաղորդման ժամանակ հաղորդավար Ասաֆ Լիբերմանը, խոսելով ֆիլմի մասին, նշել է, որ ֆիլմ-հետաքննությունը բացահայտում է կատարվածի՝ նախկինում անհայտ մանրամասները: Ըստ նրա՝ ֆիլմի հիմքում ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրներից ստացված տվյալներն են: Բացի դրանից՝ հաղորդավարն ակնարկել է, որ կիրառվել են նաև իսրայելական անվտանգության ծառայության աղբյուրներից ստացված տեղեկություններ, սակայն չի բացահայտել այդ աղբյուրները:
Լիբերմանը հայտնել է, որ հետաքննող լրագրողների տեղեկությունների համաձայն՝ իրանցի գեներալին սպանելու որոշումը ԿՀՎ-ն կայացրել է դրանից 1,5 տարի առաջ, և գործողության համար պատասխանատուները վեց անգամ «սպանել են» Սոլեյմանիին վարժանքների ժամանակ:
Հաղորդավարը նաև ընդգծել է, որ Սոլեյմանին մերձավորարևելյան տարածաշրջանի կարևորագույն քաղաքական ու ռազմական գործիչներից էր, և հունվարի 2-ի լույս 3-ի գիշերն իրականացված գործողությունը փոխեց Մերձավոր Արևելքը:
Ամփոփելով խոսքը՝ Լիբերմանն ընդգծել է, որ «Ճշմարտության ժամանակը» վավերագրական ֆիլմը բավարարող պատասխան կտա Սոլեյմանիի սպանությանը Իսրայելի մասնակցության մասին: