կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 12:29
Քաղաքական

Երեւանում լույս է տեսել Խաչատուր Ստեփանյանի «1921 թ․ փետրվարյան հակաբոլշեւիկյան ապստամբությունը Հայաստանում» գիրքը

Երեւանում լույս է տեսել Խաչատուր Ստեփանյանի «1921 թ․ փետրվարյան հակաբոլշեւիկյան ապստամբությունը Հայաստանում» գիրքը

Երևանում լույս է ընծայվել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ռոստոմի Ստեփանյանի «1921 թ․ փետրվարյան հակաբոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում» վերնագրով մենագրությունը։

Աշխատությունը հրատարակության է երաշխավորվել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի  խորհրդի կողմից։ Գիրքը նվիրված է 1921 թ․ փետրվարյան ապստամբության 100-ամյակին։

Մենագրությունում ներկայացվել և վերլուծության են ենթարկվել 1921 թ. փետրվարյան ապստամբության պատճառները, ընթացքը և հետևանքները: Բազմաշերտ անդրադարձ է կատարվել խնդրի շուրջ գոյություն ունեցող պատմագիտական և հասարակական-քաղաքական մտքի ներկայացուցիչների տեսակետներին: Գիրքը նախատեսված է պատմաբանների, հասարակագետների, քաղաքագետների և ընթերցող լայն հանրության համար:

Ստորև ներկայացնում ենք գրքի ներածությունը․

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հա­յաս­տա­նի խորհր­դա­յնացումը հա­յոց նորագույն պատ­մութ­յան շրջա­դար­ձա­յին է­ջե­րից է: ­Բոլշևիկների ամբողջական իշխանության գալը ոչ միայն վարչակարգի, հասարակական-քաղաքական կարգի փոփոխություն էր, այլև արտաքին-քաղաքական նոր արևելում և, ցավոք, անկախության կորուստ: Հայաստանում խորհրդային իշխանության վերջնական հաստատումը հեշտությամբ չստացվեց: Հայհեղկոմի 1920 թ. նոյեմբերի 29-ի հռչակագիրը, ինչպես նաև դեկտեմբերի 2-ի Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը լոկ սկիզբն էին այն գործընթացի, որի ավարտին նոր միայն խորհրդային վարչակարգը հանգիստ շունչ քաշեց: Հայհեղկոմի իշխանության գալուց մի քանի օր անց Հայաստանում սկսվեց բռնությունների մի ամբողջ շարք, որի հետևանքը եղավ 1921 թ. փետրվարյան ապստամբությունը:

1921 թ. փետրվարյան ապստամբությունը տա­րաբ­նույթ գնահա­տա­կան­նե­րի է ար­ժա­նա­ցել ինչ­պես հայ պատ­մա­գի­տութ­յան, այն­պես էլ հասարա­կա­կան-քա­ղա­քա­կան մտքի կող­մից: ­Խնդիրն առավել սուր բնույթ է ստացել Հայ Յեղափոխական ­Դաշ­նակ­ցութ­յան և Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցութ­յան միջև առկա գա­ղա­փա­րա­քա­ղա­քա­կան ան­զի­ջում պայ­քա­րի բո­վում:

Խորհր­դա­հայ պատ­մա­բան­նե­րը, կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յան պար­տադ­րանք­ով պայ­մա­նա­վոր­ված, Փետրվարյան ապստամբությունը ներկայացրել են միայն որ­պես «դաշնակցական ավանտյուրա», «հակաժողովրդականության ծայրահեղ դրսևորում», իսկ նրա ղեկավարները՝ հայ ժո­ղովր­դի «թշնա­մի­ներ և դա­վա­ճան­ներ»: Սփ­յուռ­քում նույնպես քիչ չէին խորհր­դա­յին պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը կի­սող­նե­րը: ­Սա­կայն Սփյուռք­ի հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան և պատմագիտական շրջա­նակ­ները հիմնականում ազատ են ե­ղել ի­րենց դիր­քո­րո­շումն արտահայտե­լիս ու ­պե­տա­կան-կուսակ­ցա­կան գաղա­փա­րա­խո­սա­կան ճնշման չեն են­թարկ­վել: Չնա­յած պետք է ընդու­նել, որ Սփյուռքում էլ ­ Հայաստանի խորհրդայնացման գործընթացի գնահատման հար­ցում հնա­րա­վոր չէր ընդհանրապես զերծ մնալ կու­սակ­ցա­կան ազդե­ցութ­յու­նից:

Օրինակ՝ ժա­մա­նա­կի բոլշ­ևիկ գոր­ծիչ Ար­տա­շես ­Կա­րին­յա­նը գրում է, որ Դաշնակցությու­նը փետր­վար­յան դեպ­քե­րին անդ­րա­դառ­նա­լիս ի­րեն ներ­կա­յաց­նում է «որ­պես «ա­զա­տագ­րա­կան ուժ», իսկ փետր­վա­րի 18-ը՝ որ­պես «համաժողովրդական բո­ղո­քի» հետ­ևանք»[1]: Ա. ­Կա­րին­յանը դրանք օգ­տա­գոր­ծում է հեգ­նա­կան իմաստով և­ եզրակաց­նում. «Անց­յա­լի «դեպ­քե­րի» ա­ղա­վաղ­ված լու­սա­բա­նութ­յու­նը դառ­նում է այդպի­սով հայ հա­կա­հե­ղա­փո­խութ­յան հա­մար ի­դեո­լո­գիա­կան քաղաքական պայ­քարի զենք պրո­լե­տա­րիա­տի և պ­րո­լե­տա­րա­կան հե­ղա­փո­խութ­յան դեմ»[2]: Իր հեր­թին Փետրվար­յան ապս­տամ­բութ­յան ղե­կա­վար­նե­րից մեկը՝ ­Սի­մոն Վրացյանը, անդրադառնալով 1923 թ. ­Վիեն­նա­յում գու­մար­ված Հ.Յ. Դաշնակցության խորհրդաժո­ղո­վի կող­մից ապս­տամ­բութ­յա­նը տրված գնահատակա­նին, գրում է. «… ժո­ղո­վը միա­ձայ­նու­թեամբ իր բուռն ծա­փե­րով Փետրո­ւար 18ը դա­սեց հայ ազատամար­տի ա­մե­նա­փայ­լուն է­ջե­րի շար­քում»[3]:

Բավականին բազմազան է ուսումնասիրության աղբյուրագիտական բազան՝ ժամանակի մամուլի նյութեր, հասարակական-քաղաքական գործիչների հուշեր, վերապրումներ, հաղորդումներ, ինչպես նաև կուսակցությունների ընդունած համապատասխան հայտարարություններ և բանաձևեր:

Պակաս արժեքավոր չեն ժամանակակիցների վավերագրությունները: Այս տեսակետից նախ պետք է առանձնացնել Հայաստանի Առաջին հանրապետության գործիչների հուշագրություններն ու վկայությունները: Անձամբ լինելով դեպքերի ոչ միայն ժամանակակիցը, այլև անմիջական ականատեսն ու մասնակիցը՝ Սփյուռքում հաստատված այս գործիչներն անսպառ տեղեկություններ են հաղորդում մեզ: Այս տեսակետից արժանահիշատակ են Սիմոն Վրացյանի[4], Ալեքսանդր Խատիսյանի[5], Հովհաննես Քաջազնունու[6], Ռուբեն Տեր-Մինասյանի[7], Ավետիս Ահարոնյանի[8], Կարո Սասունու[9], Վահան Նավասարդյանի[10], Միքայել Վարանդյանի[11], Ռուբեն Դարբինյանի[12], Գարեգին Նժդեհի[13], Սարգիս Արամյանի[14], Օնիկ Մխիթարյանի[15], Նորայր Բադալյանի[16], Գևորգ Երեցյանի[17] և այլոց վկայությունները:

1921 թ. փետրվարյան ապստամբությունը հայ պատ­մա­գի­տութ­յունն ամ­բող­ջա­կան չի ու­սում­նա­սիր­ել: Ավե­լին, ինչ­պես վեր­ևում նշեցինք, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով խնդրի մեկնաբանումը հիմ­նա­կա­նում ե­ղել է միա­կող­մա­նի՝ կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցա­կան գա­ղա­փա­րա­խո­սա­կան պարտադրանք­ով պայ­մա­նա­վոր­ված: Այս տե­սա­կե­տից կար­ևոր է «թույլ տրված» սխալ­նե­րի սրբագ­րու­մը:

Օրինակ՝ Փետր­վար­յան ապս­տամ­բութ­յան ղե­կա­վար­նե­րից մեկի՝ ­Կա­րո Սա­սու­նու վկա­յութ­յամբ 1922 թ. սկզբին ­Խորհր­դա­յին ­Հա­յաս­տա­նում ստեղծ­վում է մի հանձնախումբ՝ պատ­մա­բան Ա­շոտ ­Հով­հան­նիս­յա­նի գլխա­վո­րութ­յամբ, ո­րը պետք է հա­վա­քեր և հ­րա­տա­րա­կեր «­Փետ­րո­ւա­րեան շարժ­ման պատ­մու­թիւ­նը»: «Սա­կայն, այդ գիր­քը լոյս չտե­սաւ: ­Փետ­րո­ւա­րեան ապս­տամ­բու­թիւ­նը նրանց ոչ միայն ֆի­զի­քա­կան պար­տու­թեան մատ­նեց, այլ շատ վճռա­կան հա­րո­ւած հասց­րեց բա­րո­յա­կան գետ­նի վրայ: Նրանք ի­րենց ամ­փո­փած պատ­մու­թիւ­նից միայն ա­մօթ են զգում: Ն­րանք այդ տեղ պատ­մու­թիւն չու­նին եւ զար­մա­նա­լի խո­հե­մու­թեամբ, հակառակ ա­ռա­ջի տա­րո­ւայ բա­ցա­կան­չու­թիւն­նե­րի, գիտ­ցան լռել եւ ծրա­րո­ւած պահել տխրահռ­չակ «ղե­կա­վար­ներ»-ի հա­ւա­քած գրու­թիւն­նե­րը»,- գրում է Կ. Սասունին[18]: ­Պարզ է, որ Խորհր­դա­յին ­Հա­յաս­տա­նում այդ ժա­մա­նակ «հրատարակվե­լիք» գրքում սփյուռք­յան տե­սա­կետ­ներ չէին նե­րա­ռի: ­Սա­կայն այդ փաստն ինք­նին ակ­ներև է դարձ­նում դեպ­քե­րը փո­փոխ­ված ներ­կա­յաց­նե­լու խորհր­դա­յին կող­մի հակ­վա­ծութ­յու­նը:

Խորհր­դա­հայ բոլշ­ևիկ գոր­ծիչ­նե­րից և ­պատ­մա­բան­նե­րից 1921 թ. փետրվարյան ապստամբությանն անդ­րա­դար­ձել են Արտա­շես ­Կա­րին­յա­նը[19], Ա­շոտ Հով­հան­նիս­յա­նը[20], Գ­րի­գոր ­Չու­բար­յա­նը[21],  Լեոն[22], Ար­շա­վիր ­Հա­կոբ­յա­նը[23], ­Սամ­վել Ա­լի­խան­յա­նը[24], ­Լենդ­րուշ Խուր­շուդ­յա­նը[25],  Յու­րա ­Հով­սեփ­յա­նը[26] և­ ու­րիշ­ներ: Չնայած պարտադրված միակողմանի մեկնաբանություններին՝ իրենց հարուստ աղբյուրագիտական բազայով առանձնանում են Արամայիս Մնացականյանի[27], Գալուստ Գալոյանի[28], խորհրդային ժամանակաշրջանի աշխատանքները: Իր ժամանակներին ոչ հատուկ համարձակ մեկնաբանությունների համար կարելի է եզակի համարել Բագրատ Բորյանի[29] աշխատությունը:

Հիմնահարցի համապարփակ ուսումնասիրության համար բացառիկ կարևորություն ունեն նաև սփյուռքահայ պատմաբանների աշխատությունները:

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման և անկախության վերականգնման խնդիրները Դաշնակցություն կուսակցության դիրքերից են քննարկել սփյուռքահայ պատմաբաններ Հրաչ Տասնապետյանը[30], Ռու­բի­նա Փիրումյա­նը[31]: Չնայած տրամաբանական համարվող կուսակցական կողմնորոշմանը՝ այս հեղինակների գործերը կարևոր են հիմնախնդրի առավել ամբողջական պատկերացման համար: Դրանք գնահատանիքի են արժանի աղբյուրագիտական բազայի տեսակետից: Այս հեղինակները դրվատանքով են գրում Փետրվարյան ապստամբությունն արժևորող գործիչների մասին:

Իրենց տրամադրության տակ եղած փաստական նյութը վերլուծելու առումով պակաս արժեքավոր չեն նախկին դաշնակցական պատմաբաններ­ Թորգոմ Վեհապետ­յա­նի[32], ­Լևոն Չորմիսյանի[33] աշխատությունները: Չնայած պետք է նշել, որ հատկապես Թ. Վեհապետյանը, ճշմարտացիորեն ներկայացնելով փաստերն ու դեպքերը, հաճախ է կողմնակալ եզրակացություններ և ընդհանրացումներ անում: Ռամկավար հեղինակներից կարելի է առանձնացնել Ա­վե­տիս ­Յա­փուջ­յա­նի[34] աշխատությունը:

Հետ­խորհր­դա­յին շրջա­նում հայաստանյան պատ­մա­գի­տութ­յան մեջ Փետրվարյան ապստամբությունը ո­րո­շ չա­փով ուսումնա­սիր­վել և անկողմ­նա­կալ գնա­հա­տա­կան­ների է արժանացել: Անցյալի դեպքերն իրենց արժեքավոր աշխատություններում նորովի են մեկնաբանել բեղմնավոր գրիչ ունեցող պատմաբաններ Գալուստ Գալոյանը[35], Հրաչիկ Սիմոնյանը[36], Վ­լա­դի­միր Ղազախեցյա­նը[37]: Ակադեմիկոս Գալուստ Գալոյանի ուսումնասիրությունն առանձնանում է ոչ միայն արտասահմանյան բազմատեսակ արխիվային նյութերի առատությամբ, այլև մեզ հետաքրքրող խնդրի կապակցությամբ արված գնահատումներով: Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանն իր ուրույն գիտական դիպուկ ոճով հանգում է մի շարք եզրակացությունների, որոնց հետ չի կարելի չհամաձայնվել: Պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանն իր ծավալուն մենագրության և մի շարք հոդվածների մեջ հետաքրքիր բացահայտումներ ու ընդհանրացումներ է անում:

Արարատ Հակոբյանի գիտական լուրջ հետաքրքրություն ներկայացնող ուսումնասիրություններում[38] հանդիպում ենք արժեքավոր վերլուծությունների և գնահատականների: Մեզ հետաքրքրող խնդիրների ուսումնասիրվածության առումով կարելի է առանձնացնել նաև Արամ ­Սի­մոն­յա­նի[39], Համ­լետ Գևորգ­յա­նի[40],  Գ­ևորգ Ս­տե­փան­յա­նի[41] աշխատությունները և Նաթելլա Գրիգորյանի հոդվածները[42]: Փետրվարյան ապստամբության պատճառների և հետևանքների մեկնաբանման համեստ փորձ է կատարվել նաև մեր կողմից[43]:

Փետրվարյան ապստամբության վերաբերյալ սույն աշխատության մեջ փորձել ենք հավասարակշռել հակադարձ տեսակետները և հնարավորինս անկողմնակալ ներկայացնել տեղի ունեցածը:

Աշխատանքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում ՀՅԴ Բոստոնի արխիվներում հայտնաբերված բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր:

[1] Կարինյան Ա., Դաշնակցությունը յեվ իր զինակիցները, Յերևան, 1932, էջ 94:

[2] Նույն տեղում:

[3] Վրացեան Ս., Կեանքի ուղիներով, Դէպքեր, դէմքեր, ապրումներ, հ. Զ,Պէյրութ, 1967, էջ 199:

[4] Վրացեան Ս., Էջեր մօտիկ անցեալից, «Հայրենիք», Պոսթըն, 1923, փետրուար, էջ 32-43, օգոստոս, էջ 69-78, նույնի՝ Խարխափումներ: Յ. Քաջազնունու «Հ.Յ.Դ. անելիք չունի այլեւս» գրքի առթիւ, Պոսթըն, 1924, 230 էջ, նույնի՝ Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս խորհրդայնացաւ Հայաստան,  «Հայրենիք» Պոսթըն, 1940,  փետրուար, էջ 73-94, նույնի՝ Կեանքի ուղիներով. Դէպքեր, դէմքեր, ապրումներ, հ. Զ, Պէյրութ, 1967, 348 էջ, նույնի՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 542, նույնի՝ Յուշեր մօտիկ անցեալից, «Հայրենիք», Պոսթըն, 1923, նոյեմբեր, էջ 63-73, դեկտեմբեր, էջ 66-75, 1924, յունուար, էջ 83-90, 1924, մարտ, էջ 111-120, նույնի՝ Փետրուար 18-ից յետոյ (մեր հետագայ քաղաքականութիւնը), «Վէմ», 1938, Զ տարի, թիւ 1, էջ 1-10:

[5] Խատիսեան Ա., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք, 1930, 368 էջ:

[6] Քաջազնունի Յ., Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւս, Վիեննա, 1923, 108 էջ, նույնի՝ Քաջազնունի Յ., Յետ մահու: Պատմուածքներ, յուշեր, յօդուածներ, նամակներ, հրատ. պատրաստեց՝ Ս. Վրացեան, Պէյրութ,1968, 256 էջ:

[7] Տեր-Մինասեան Ռ., Հոդվածների ժողովածու (կազմող՝ Խ. Ստեփանյան), Երևան, 2002, 424 էջ:

[8] Ահարոնեան Ա., Սարդարապատից մինչեւ Սեւր եւ Լօզան, Պոսթըն, 1943, 212 էջ:

[9] Սասունի Կ., Հայկական ազատամարտի վերջին դրուագը եւ անկախութեան սերունդը, «Դրօշակ», 1926, թիւ 3, էջ 72-75, նույնի՝ Փետրուարեան ապստամբութիւնը, «Հայրենիք», Պոսթըն, 1925, հոկտեմբեր, էջ 86-102, նոյեմբեր, էջ 79-104, դեկտեմբեր, էջ 103-120, 1926, յունուար, էջ 74-96, նույնի՝ Փետրուարեան ապստամբութիւնը, Պէյրութ, 1970, 263 էջ:

[10] Նաւասարդեան Վ., Հ.Յ.Դաշնակցութեան անելիքը (Մտքեր եւ յուշեր մի գրքոյկի առիթով), Գահիրէ, 1924, 288 էջ, նույնի՝ Ի՞նչ չէր եւ ի՞նչ չպիտի լինի մեր ուղին, Գահիրէ, 1923, 81 էջ:

[11] Վարանդեան Մ., Համայնավարութիւնը եւ համաշխարհային յեղափոխութիւն, Գահիրէ, 1926, 238 էջ:

[12] Դարբինեան Ռ., Երկեր, Կեանքիս գրքէն, Ա հատոր, Պէյրութ, 1972, 704 էջ, նույնի՝ Հայ քաղաքական մտքի դեգերումները, «Հայրենիք», Պոսթըն, 1923, յունուար, էջ 57-64, յուլիս, էջ 121-128, հոկտեմբեր, էջ 137-144, նույնի՝ Մեր պատասխանը Յ. Քաջազնունիի, Պոսթըն, 1923, 166 էջ:

[13] Նժդեհ Գ., Ազատ Սիւնիք, «Հայրենիք», Պոսթըն, 1925, յուլիս,  էջ 75-86, նույնի՝ Երկեր: Երկու հատորով, հ. 2, Երևան, 2002, 504 էջ, նույնի՝ Իմ պատասխանը, Հայաստանի ողբերգութիւնը թրքօբոլշեւիկ փաստաթղթերի լոյսի տակ, Սոֆիա, 1937, 103 էջ, նույնի՝ Լեռնահայաստանի գոյամարտը, «Հայրենիք», Պոսթըն, 1923, սեպտեմբեր,  էջ 71-78:

[14] Արամեան Ս., Փետրուարեան յեղափոխութիւնը և բոլշեւիզմը, «Փետրուար 18», Հրատ. Հ.Յ.Դ. Փրակայի ուսանողական միութեան, Փրակա, 1927, էջ 5-12:

[15] Մխիթարեան Օ., Փետրուարեան ապստամբութեան աղբիւրները, «Փետրուար 18», Հրատ. Հ.Յ.Դ. Փրակայի ուսանողական միութեան, Փրակա, 1927, էջ 13-35:

[16] Բադալեան Ն., Փետրուար 18 հայկական ազատագրական շարժման ամբողջական մարմնացում, «Փետրուար 18», Հրատ. Հ.Յ.Դ. Փրակայի ուսանողական միութեան, Փրակա, 1927, էջ 35-41:

[17] Երէցեան Գ., Փետրուար 18-ի նշանակութիւնը, «Փետրուար 18», Հրատ. Հ.Յ.Դ. Փրակայի ուսանողական միութեան, Փրակա, 1927, էջ 42-44:

[18] Սասունի Կ., Փետրուարեան ապստամբութիւնը, «Հայրենիք», Պոսթըն, 1926, յունուար, էջ 96:

[19] Կարինյան Ա., Դաշնակցությունը յեվ իր զինակիցները, Յերևան, 1932, 170 էջ, նույնի՝  Դաշնակցությունը փաստերի դեմ, Թիֆլիս, 1926, 88 էջ, նույնի՝ Հայ ազգայնականների ուղին, Մոսկվա, 1926, 246 էջ:

[20] Հովհաննիսյան Ա., Համազգային կրիզիսը, Յերեվան, 1926, 30 էջ:

[21] Չուբարյան Գ., Դաշնակցության տաճկական ոիրենտացիան յեվ հայրենիքի փրկության կոմիտեն, Յերեվան, 1929, 86 էջ:

[22] Լեո, Անցեալից. Յուշեր, թղթեր, դիտումներ, Թիֆլիս, 1925, 482 էջ:

[23] Հակոբյան Ա., Քաղաքացիական կռիվները Հայաստանում 1921թ., Երևան, 1948, 113 էջ, նույնի՝ Հայաստանի բան­վորների և գյուղացիների հաղթանակը 1921թ. քաղաքացիական կռիվնե­րում, Երևան, 1960, 92 էջ:

[24] Ալիխանյան Ս., Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում (1917-1921թթ.), Երևան, 1966, 413 էջ:

[25] Խուրշուդյան Լ., Հայաստանի ոչ պրոլետարական կուսակ­ցու­թյունների գաղափարական-քաղաքական և կազմակերպա­կան կրախը (1920-1921թթ.), Հայաստանում սովետական իշխանու­թյան ամրապնդ­ման պատմության մի քանի հարցեր (1920-1922թթ.), (ժողովածու), Երևան, 1987, էջ 185-225:

[26] Հովսեփյան Յու., Սովետահայ պատմագրությունը Հայաստանում «ռազմական կոմունիզմի» քաղաքականության կենսա­գործ­ման մասին, Հայաստանում սովետական իշխանության ամրապնդման պատմության մի քանի հարցեր (1920-1922թթ.), (ժողովածու), Երևան, Երևանի համալս. հրատ., 1987, էջ 28-52, նույնի՝ 1921 թ. փետրվարյան խռովության առաջացման պատճառների նենգափո­խումը հայ բուրժուական պատմագիտության մեջ, «Լրաբեր հասա­րակական գիտությունների», Երևան, 1987, թիվ 4, էջ 49-55 :

[27] Մնացականյան Ա., Ընդդեմ պատմության դաշնակցական նենգափոխության, Երևան, 1976, 116 էջ:

[28] Գալոյան Գ., Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ,  Երևան, 1961, 408 էջ, նույնի՝ Борьба за Советскую власть в Армении, Москва, 1957, 256 стр:

[29] Борьян Б., Армения, международная дипломатия и СССР, ч. II, М-Л, 1929, 434 с.

[30] Տասնապետեան Հ., Հ.Յ.Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողովը (1890-1924), Աթէնք, 1988, 259 էջ:

[31] Փիրումեան Ռ., Հայաստանը Հ.Յ.Դ.-Բոլշեւիկ յարաբերութիւն­ների ոլորտում (1917-1921), Երեւան, 1997, 421 էջ:

[32] Վեհապետեան Թ., Նոր սերունդը՝ քավութեան նոխազ, Բ հատոր, Ալեքսանդրապոլի դաշնագիրը եւ Փետրուարեան ապստամ­բու­թիւնը իրենց յարակից հարցերով, Պէյրութ, 1985, 207 էջ:

[33] Չորմիսեան Լ., Կուսակցութիւնները եւ հայրենիքը, Փարիզ, 1946, 163 էջ, նույնի՝ Կուսակցութիւնները, Պէյրութ, 1965, 308 էջ:

[34] Եափուջեան Ա., Ո՞վ կազմակերպեց փետրուարեան արկածա­խնդ­րութիւնը եւ ի՞նչ եղավ անոր հետեւանքը, Գահիրէ, 1968, 136 էջ:

[35] Գալոյան Գ., Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Երևան, 1999, 540 էջ:

[36] Սիմոնյան Հ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, 630 էջ:

[37] Ղազախեցյան Վ., Հայաստանը 1920-1940թթ., Երևան, 2006, 564 էջ, նույնի՝ Հայ սպաների աքսորը 1920-1921թթ., «Բան­բեր Հայաստանի արխիվների», Երևան, 2003, թիվ 2, էջ 32-51, նույնի և Գևորգյան Հ., Դաշնակցության կողմից Փետրվարյան ապս­տամբության ղեկավարման հարցի շուրջ, «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, 2003, թիվ 1, էջ 46-50:

[38] Հակոբյան Ա., ՀՍԽՀ 1921 թ. ներքաղաքական կյանքի պատմու­թյան հիմնահարցերը հայ պատմագրության մեջ, Երևան, 2014, 260 էջ, նույնի՝ Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918-1920 թթ., Երևան, 2005, 364 էջ, նույնի՝ Հակոբյան Ա., Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում, Երևան, 2010,339 էջ, նույնի՝ Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդային Հայաստանում (1920-ական թվականներ), Երևան, 2016, 366 էջ:

[39] Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1920-1921 թթ., Երևան, 2000,  698 էջ:

[40] Գևորգյան Հ., Դրո, Երևան, 1999, 557 էջ:

[41] Ստեփանյան Գ., Համազասպ Սրվանձտյան, Երևան, 2016, 1088 էջ, նույնի՝ 1921թ. փետրվարի 14-18-ի իրադարձու­թյունները Երևանի կենտրոնական բանտում. Նոր մանրամասնություն­ներ Հայհեղկոմի ոճրագործությունների վերաբերյալ, «Վէմ» համահայ­կական հանդես, Երևան, 2015, թիվ 3, էջ 161-178:

[42] Գրիգորյան Ն., 1921 թ. փետրվարյան ապստամբության գնահատության շուրջ, «Բանբեր Երևանի համալսարանի. հասարակական գիտություններ», թիվ 139.1, Երևան, 2013, էջ 48-63, նույնի՝ «Հայրենիքի փրկության կոմիտեի» ներքին և արտաքին քաղաքականությունը, «Ակունք», Երևան, 2012, թիվ 3, էջ 21-32, նույնի՝ Փետրվարյան ապստամբության դերն ու նշանակությունը, «Բանբեր Երևանի համալսարանի. հասարակական գիտություններ», թիվ 130.6, Երևան, 2013, էջ 68-81:

[43] Ստեփանյան Խ., 1921թ. Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (մենագրություն), Երևան, 2016, 200 էջ:

Akunq.net