Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի աշակերտների այսօր բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի հարակից տարածքում՝ պահանջելով մաքուր պահել կրթական հաստատության տարածքը աղբից։
Yerkir.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանն ասաց, որ սա իրազեկման դաս էր: Ակցիայի նպատակն էր տարածքն աղբանոցի վերածող մեծահասակներին կոչ անել ոչ միայն մաքուր պահել Երեւանը, այլ նաեւ իրենց դպրոցի տարածքը:
«Երեխաներն այստեղ կրթություն են ստանում, իսկ հարակից կանգառներում երթուղայինի սպասելիս մարդիկ աղտոտում են տարածքը՝ աղբը ճաղավանդակներից ներս նետելով: Մտահղացումը երեխաներինն էր, որովհետեւ հաճախ աղբը հենց իրենք են հավաքում: Մենք էլ որոշեցինք ականջալուր լինել երեխաներին խնդրանքին եւ այս ֆորմատով իրազեկման դաս անցկացնել: Երեխաները դպրոցի տարածքում դասերից հետո էլ են ժամանակ անցկացնում եւ տեսնում մեծահասակների կողմից անհարգալից վերաբերմունք կրթության նկատմամբ: Եթե աղբը թափում են դպրոցի տարածքում, շատ լավ հասկանալով, որ դպրոց է, ստացվում է, որ նույն վերաբերմունքն ունեն նաեւ դպրոցի նկատմամբ»,- ընդգծեց տնօրենը։
Դպրոցի ուսուցիչների գլխավորությամբ՝ երեխաները շրջեցին կրթօջախի հարակից տարածքում, շենքերի բակերում, հավաքեցին աղբը, իրազեկման թռուցիկներ բաժանեցին մարդկանց:
Աղբամաններ տարածքում քիչ են, ինչն էլ նպաստում է, որ կանգառներում կանգնող մարդիկ ալարեն մի քանի քայլ այն կողմ դրված աղբամանի մեջ աղբը նետել: Քաղաքապետարանից խոստացել են, որ տարածքում կավելացնեն աղբամանների թիվը:
Նախկինում աղբաման դրված է եղել, կոտրել են: «Սա եւս օրինակ է փոքրերի համար: Այն, ինչ դրված է, պետք է պահել, պահպանել, ոչ թե փշրել»,- հավելեց Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լ․Ս․