կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-01 17:56
Հասարակություն

«Չհասցրեցին սիրել, սիրահարվել, երազեցին, բայց կիսատ մնացին բոլոր երազանքները». հուշաքարի բացում՝ Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի շրջանավարտների հիշատակին

Հոկտեմբերի 30-ը Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի համար պատասխանատու եւ պարտավորեցնող օր էր: Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած՝ դպրոցի շրջանավարտների հարգանքի, փառքի եւ հիշատակի տուրքն էր մատուցվում. բացվեց  նրանց հիշատակը հավերժացնող «Հավերժ փառք» հուշաքարը եւ ցայտաղբյուրը:

Միջոցառմանը ներկա էին զոհված տղաների ծնողները, դասընկերները, զորահավաքային կայանի սպաներ, ազատամարտիկներ, դպրոցի՝ պատերազմին մասնակցած շրջանավարտներ։

Հուշաքարի բացումը վստահվեց հերոսացած տղաների քույրերին ու եղբայրներին։ Իսկ ցայտաղբյուրը բացեցին Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Լաուրա մայրիկը, և դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը, որը, լինելով նաեւ երկրապահ, հայրենիքի նվիրյալներ է կրթել այս դպրոցում․ այդպիսին էին նաեւ պատերազմում հերոսաբար ընկած շրջանավարտները:

«Նրանք իրենց տանն են, բոլորդ գիտեք՝ դպրոցը երկրորդ տունն է: Չէր կարող դպրոցը ձեռնամուխ չլինել այսպիսի միջոցառման, որովհետեւ մենք նրանց արդեն մեկ տարի է՝ բացակա չենք դրել: Յուրաքանչյուր սենյակում, դասասենյակում, ամենուր նրանց շունչը զգացվում է: Աշակերտներ, որոնք չհասցրեցին սիրել, սիրահարվել, երազեցին, բայց կիսատ մնացին բոլոր երազանքները»,- լացը կոկորդում սեղմելով՝ ասաց դպրոցի տնօրենը: Հուշաքարի բացումը նրա նախաձեռնությունն էր:  Մեկ ամիս առաջ դպրոցի անձնակազմը միահամուռ արձագանքել է տնօրենի՝ դպրոցի բակում տղաներին նվիրված հուշաքար տեղադրելու առաջարկին եւ սեփական միջոցներով լծվել գաղափարի իրականացմանը։

Միջոցառման ժամանակ «Հաղթանակ ազատամարտիկների բանակի» հրամանատարի տեղակալ Հովհաննես Ուստյանը ծնողներին հանձնեց նրանց հերոս որդիների անուններով պատվոգրեր՝ 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչելու եւ կյանքը հայրենիքին նվիրաբերելու համար։ Ներկաներին իր խոսքն ուղղեց հաշմանդամների «Սատար» ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանը։ Արարողության ընթացքում ելույթ ունեցան դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, դպրոցի երգչախումբը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լ.Ս.