կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-05 17:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արժևորելով պայքարի 100 և 31 տարիները՝ պիտի կերտենք նո՛ր արշալույս. Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ 131-ամյակի առթիվ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթը` ներկայացված ՀՅԴ 131-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ

Հայաստանի և Արցախի  Հանրապետությունների հարգարժա՛ն նախագահներ, Սրբազան հա՛յր, հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ ընկերներ

Տասնամյակների ավանդույթ է՝ ամեն տարի նշել Հայ Յեղափոխական Դաշնակցության օրը։ Դա առիթ է հաշվետվությամբ արժևորելու անցած ճանապարհը, խոսելու բացթողումների, չարված գործերի մասին։ Առիթ է նաև  հանրայնացնելու Դաշնակցության մոտեցումները և տեսակետները  առանցքային հարցերի վերաբերյալ։

1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճակված հայ ժողովրդի պատմության մեջ։ Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից։ Պայքարի ու անմնացորդ նվիրումի 100 և 31 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրման դատին։  Պատվով ու հայրենիքով երդվյալների իրարահաջորդ սերունդների նպատակը եղել է մեկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։

Եվ այդ պայքարը շարունակվում է արդեն 131 տարի։ Փոխվում են ժամանակները, փոխվում են պայքարի ձևերն ու մեթոդները, փոխվում են մարտահրավերներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխավոր նպատակը։

Երեկ, այսօր և վաղը Դաշնակցությունը եղել է, կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հողին ու հային։  Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող և ապագայի տեսլականով կազմակերպություն է։ Միշտ կենսունակ կազմակերպություն։

Գործելով Հայրենիքում և Հայրենիքից դուրս՝ Դաշնակցությունը միշտ վառ է պահել անկախ պետականության գաղափարը։ 1990 թ. Դաշնակցությունը վերադարձավ Հայրենիք և անմիջապես ձեռնամուխ եղավ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Դաշնակցությունը ոգի ու կազմակերպված բնույթ հաղորդեց ազատագրական պայքարին։ Կազմակերպության նվիրյալների մի ամբողջ փաղանգ կյանքով ու գործով ապացուցեց, որ Դաշնակցության բազուկը չի կորցրել իր ուժը։ Զինական գործին զուգահեռ՝ Դաշնակցությունն ակտիվ գործունեություն ծավալեց նաև քաղաքական ասպարեզում։

Դաշնակցության մուտքը սպասված էր շատերի համար, բայց նաև անցանկալի` որոշների, հատկապես` օրվա իշխանությունների համար, որովհետև տեսակի, նկարագրի, արժեհամակարգի խնդիր կար։ Եվ կրկին փորձ արվեց կասեցնելու կազմակերպության գործունեությունը Հայրենիքում։

1998 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի  հեռացումից հետո,  դադարեցին հալածանքները  Դաշնակցության նկատմամբ: ՀՅԴ-ն արդարացվեց։ 1999-2009 և 2016-2018 թվականներին Դաշնակցությունը տարբեր ձևաչափերով մաս է կազմել իշխանությանը։

Մենք ոչ միայն լավ կռվել գիտենք, այլ նաև կառուցել։ Ժամանակն էր լծվելու  պետականաշինության գործին։ Հիմա շատ է խոսվում այդ տարիների և՛ ձեռքբերումների, և՛ բացթողումների մասին։ Մենք մեր ողջ ուժերով, համահայկական կառույցով` և՛ Հայաստանում, և՛ Արցախում, մասնակցել ու մեր նպաստն ենք բերել երկու պետականությունների կառուցման գործին։

Այո՛, այդ տարիներին եղել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաև սխալներ, բայց այդ սխալներն արագ շտկվող էին, դրանք մեզ թուլացնող, մեր զարգացման տեմպերը դանդաղեցնող սխալներ էին, բայց ոչ երբեք` կործանարար։

Դաշնակցությունից մեր ժողովրդի սպասումները միշտ մեծ են եղել, բայց տված քվեն` ոչ բավարար։ Մենք, հանուն քվեի, երբեք ամբոխավարությամբ չենք զբաղվել, միշտ ցույց ենք տվել իրական զարգացման ճանապարհը, որը եղել է բարդ և դժվարանցանելի։ Մենք ամբողջական իշխանություն չենք ունեցել` մեր ծրագրերը լիարժեք իրականացնելու համար, այդ պատճառով մաս ենք կազմել տարբեր կառավարությունների։ Այո՛, մենք մեր մասնակցության չափաբաժնով տեր ենք այդ տարիների և՛ լավին, և՛ վատին։

Եվ, առհասարակ, մենք մեր կուսակցության 131 տարիների, մեր կենսագրության յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր քայլի և որոշման համար հաշվետու ենք մեր ժողովրդին։ Մենք սխալներ ունեցել  ենք, չեն սխալվում ոչինչ չանողները, բայց ինքներս մեզ ու մեր գաղափարներին, մեր համոզմունքներին, մեր նպատակներին երբեք  չենք դավաճանել։

Հարգելի՛ ներկաներ

Կարող ենք շատ երկար խոսել, քննարկել և վերլուծել  անցյալը, բայց առաջարկում եմ կենտրոնանալ ներկայի և ապագայի  վրա: Այսօր Հայաստանը և հայ ժողովուրդը խոր ճգնաժամի մեջ են:

Օրվա  իշխանությունը ձախողվել է բոլոր ուղղություններով՝ Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության։ Ձախողվել են նաև այն  ոլորտներում, որոնք, իբր, իրենց համար արժեք էին և համոզմունք։ Արդեն ակնհայտ փաստ է՝ նրանք որևէ կապ և առնչություն չունեն ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար դատական համակարգի, քաղաքացու` ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքի հետ։ Նրանց համար դրանք, ինչպես մնացած պարագաներում, ընդամենը լոզունգ են՝ ֆեյսբուքյան ստատուս, մարդկանց մոլորեցնելու միջոց, բայց ոչ երբեք` նպատակ։

Արդար դատական համակարգի ջատագովները կալանավորում են ընդդիմադիրներին  ապօրինի չդատող դատավորներին։ Ազատ ընտրությունների ջատագովները կալանավորում են ժողովրդի կողմից ընտրված` համայնքի ղեկավարներին։ Ուժային կառույցները դարձել են երկրում մեկ մարդու իշխանություն, ավելի ճիշտ՝ բռնապետություն հաստատելու բութ գործիք, իսկ միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները լուռ հետևում են այս ամենին, դեռ մի բան էլ ասում՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է ապրում։ Ամեն ինչ պարզ է` այս իշխանությունը  ձեռնտու է բոլորին, բացի հայերից:

Մեր երկրի ներքաղաքական իրավիճակն այս պայմաններում շատերն են այսօր փակուղային համարում։ Ո՛չ փողոցային պայքարը, ո՛չ քաղաքական, ռազմական, մշակութային, գիտական, հոգևոր էլիտաների պահանջը, ո՛չ էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր չդարձրեցին Հայաստանը պարտության տարած վարչախմբի հեռացումն իշխանությունից։ Սա չլսված երևույթ է, բայց` իրականություն. երկրին աղետ և դժբախտություն բերած իշխանությունը շարունակում է պաշտոնավարել և երկիրը տանել նոր կործանարար զիջումների։

Հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ։ Ի՞նչն է պակասում մեր քաղաքական պայքարին։ Կազմակերպվածությո՞ւնը։ Վճռականությո՞ւնը։ Համապատասխան տեխնոլոգիաների բացակայությո՞ւնը։ Իսկ գուցե չափից ավելի շրջահայաց լինե՞լը։ 

Մենք` որպես ընդդիմություն, պատասխանատվություն ենք ունեցել երկրի կայունության և անվտանգության համար, քանի որ մեր պայքարը իշխանության համար չէր, այլ երկրի: Մինչդեռ նա թքած ուներ և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգության վրա։ Նա թքած ուներ մեր պետության միջազգային հեղինակության վրա։ Թքած ուներ մեր ժողովրդի ցավի ու կորուստների վրա։ Նրա նպատակն ամեն գնով իշխանության պահպանումն է։ Եվ նա անում է դա, նորից եմ կրկնում, ի հաշիվ մեր ամենօրյա կորուստների։ 

Սիրելի՛ հայրենակիցներ

Ես կարող եմ շատ երկար թվարկել, թե ինչ կորուստներ է պատճառել այս իշխանությունը մեր ժողովրդին ու պետությանը։ Բայց, կարծում եմ, հիմա դրա կարիքը չկա, դրանք բոլորին հայտնի փաստեր են։ Կարող եմ ասել միայն, որ այդ գործընթացը երբեք կանգ չի առել։ Այն նույնիսկ չի դանդաղել և նույն տեմպով շարունակվում է հենց այս պահին։ Հայ-թուրքական,  այսպես կոչված, հաշտեցման գործընթացը դրա վկայությունն է։

Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք արդեն չափից ավելի ենք հանդուրժել այս իշխանությունների կամայականությունները։ Ասաց՝ ինչ ուզեմ` կբանակցեմ, արդյունքում` Արցախի զգալի մասը կորցրեցինք, հիմա էլ ասում է՝ ես եմ իշխանություն, ես եմ որոշում։ Պարզ է, չէ՞, սրա վերջը.  պետականության կորուստ։ Արդեն բավ է։ Նահանջելու տեղ չունենք։ Սպասելու ժամանակ չունենք։ Հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է Հայաստանի թուրքացման, պետք է կասեցնել։ Եվ սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը։

Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետևենք այդ ամենին:  Թույլ չե՛նք տալու, մոռացե՛ք։

Խոսքս ուղղում եմ իմ դաշնակցական ընկերներին:

Սիրելի՛ ընկերներ

Գիտեմ՝ վիրավոր ենք, դառնացած և գլխիկոր, գիտեմ՝ շատերդ, ատամները սեղմած, որոշման  եք սպասում, շատերդ մեզ քննադատում եք, որ այդ որոշումն ուշանում է, նույնիսկ երբեմն մտածում եք, որ Դաշնակցությունն առաջվանը չէ, համակերպվել է, հանդուրժում է դավաճան իշխանությանը, երկիրն աղետի բերած իշխանությանը, հանդուրժում է լկտիությունը, նույնիսկ թուրքի առաջ ծնկի եկածները համարձակվում են ձեռք բարձրացնել ու անպատիժ մնալ։

Սիրելի՛ ընկերներ

Այն պահից, երբ Դաշնակցությունը համակերպվեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դավաճաններին, այդ պահից կդադարի լինել Դաշնակցություն, կհեռանա իր էությունից, ծրագրից, արմատներից։ Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների  լկտիություններին՝ մենք պարզապես չենք ուզում, որ երկիրը վերածվի քաոսի ու անարխիայի։ Կարծում եմ՝ պարզ ասացի:

Ի միջի այլոց, երբ գլխավոր մեղավորը և պատասխանատուն ասում էր՝ եթե ես սխալ եմ, թող ժողովուրդն ինձ գնդակահարի պատերի տակ, կրկին պետք է հիշեցնեմ՝ մենք ջունգլիներում չենք ապրում, Հայաստանում պատերի տակ մարդ չեն գնդակահարելու, ՀՀ-ում պետք է լինի օրենք, դատարան, և հանցագործներն իրենց պատիժը ստանան օրենքով, ու ստանալու են:

Սիրելի՛ ընկերներ

Մենք՝ դաշնակցականներս, մեր պատմության 131 տարիների ընթացքում  շատ դժվարությունների միջով ենք անցել, մենք սովոր ենք և՛ բռնաճնշումների, և՛ հալածանքների,  և՛  զոհաբերության,  բայց միշտ կարողացել ենք հաղթահարել իրավիճակը և պատվով դուրս գալ, քանի որ մեր կողքին, մեր մեջ և մեզ հետ ունեցել ենք ձեզ նման գաղափարակիրներ, համակիրներ, գործընկերներ, հայ ժողովրդի արժանավոր զավակներ, որոնց հետ կրկին մենք պատրաստ ենք  պայքարել, ոտքի կանգնել և հաղթել:

Սա կցանկանամ  իմանան բոլորը.

-Դաշնակցությունը  մեկ անձի կուսակցություն չէ։ Ով հակառակն է մտածում, չի ճանաչում Դաշնակցությանը։

- Դաշնակցությունն  այլ քաղաքական ուժերի կամ անհատների կամքով առաջնորդվող կառույց չէ։ Ով հակառակն է կարծում, չգիտի Դաշնակցության էությունը։

- Դաշնակցությունը  որևէ ուժային կենտրոնի ձեռքում գործիք չէ: Ով այլ կերպ է մտածում, չի ըմբռնում ՀՅԴ հայկականության խորքն ու ոգին։

Սիրելի՛ հայրենակիցներ

2020 թ. նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից։

Մի առիթով ասել եմ, հիմա կրկնեմ՝ Դաշնակցության և օրվա իշխանության  հակադրության պատճառը անձնական և անհատական չէ, այն ավելի խոր և գաղափարական հիմքեր ունի:

Մեր և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկայի ու ապագայի տեսլականն է:

Մեր նպատակն է կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։

Իսկ օրվա  իշխանության իրական նպատակն է, պահպանելով պետության նոմինալ գոյությունը, ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներից  ու շահերից:

Ավելի պարզ ձևակերպեմ. սա պայքար է երկու տեսակների` մարդկանց, որոնք ուզում են մնալ հայ, ունենալ պետություն, հայրենիք, ապրել արժանապատիվ, և մարդկանց, որոնք առանց դրա էլ յոլա կգնան:

Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ:  

Ահա սա է մեր և օրվա իշխանության հակադրության բուն պատճառը, առարկան և էությունը, ուստի բոլոր  իրադարձություններին պետք է անդրադառնալ հենց այս դիտանկյունից։

Սիրելի՛ հայրենակիցներ

Այս իշխանությունն աղետաբեր է Արցախի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

Մեր երկիրը  պետք է ունենա ազգային  իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու` իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ  և բարեկեցիկ  երկիր:

Սիրելի՛ հայրենակիցներ

44–օրյա պատերազմը, դրա հետևանքները և նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատավճիռ չէ։ 

Դա մեզ համար անընդունելի, բայց կայացած փաստ է։ Փաստաթղթի պայմանները, բացի գերիների վերադարձի կետից, ցավոք, արդեն կատարվել են։ Ի միջի այլոց, մենք այդ փաստաթղթով, առանց կրակոցի, ավելի շատ տարածք ենք տվել թշնամուն, քան պատերազմի 44 օրերի ընթացքում։

Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են դրանց ծնունդ տվող պայմանները, կփոխենք պայմանները, կփոխվի իրավիճակը:

Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ փաստաթղթի, որում արտացոլված կլինեն մեր կենսական շահերը։

Սա մեր ժողովրդին նոր պատերազմի կամ փորձության տանելու արկածախնդրություն չէ։ Սա կենսական  պայքար է  հայ ժողովրդի ապրելու իրավունքի և պետականություն ունենալու համար։

Շատերն ասում են` դե աշխարհը, միջազգային հանրությունն ընդունել են այս ամենը, մենք էլ թույլ ենք, անպաշտպան, այլևս ոչինչ հնարավոր չէ, սա մեր ճակատագիրն է։

Ո՛չ, սիրելի՛ հայրենակիցներ, երբ վռնդենք այս` պարտության սիմվոլ իշխանությանը, իրավիճակը կփոխվի: Համաժողովրդական լեգիտիմություն, ազգային դիմագիծ ու տեսլական ունեցող իշխանության հետ աշխարհն  այլ լեզվով  է  խոսելու։

Երբ Հայաստանում լինի իշխանություն, որն Ալիևի թեզերը հիմնավորելու և Ադրբեջանի շահերը սպասարկելու փոխարեն կպաշտպանի հայկական շահերը, վստահեցնում եմ` վիճակն այլ կլինի։

Հետևաբար, Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ։

Խոշոր հաշվով` այս իշխանությունների նկարագիրը պարզ է` ապազգային, անհայրենիք, սրբություն չունեցող մարդկանց մի խումբ, որը երկիրը տանում է շարունակական պարտության: Մնում է մեկ, էական հարցի պատասխան` ի՞նչ պետք է անի այս իրավիճակի հետ չհաշտվող հայը, ո՞րն է ելքը։

Սիրելի՛ հայրենակիցներ

Ստեղծված իրավիճակից ելքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրություն ձևավորելն է։

Դիմադրություն, որը պետք է համահայկական միասնությամբ վիժեցնի Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման` արդեն իսկ գործի դրված ծրագիրը։

Դիմադրությո՛ւն, որը պետք է ուղղված լինի  մեր թշամիներին և նրանց սպասարկող ուժերին,  դիմադրությո՛ւն մեր պետությունը կազմաքանդող ուժերին, դիմադրությո՛ւն մեր հայրենիքը հերթական անգամ պարտության և նոր աղետի տանող օրակարգերին, դիմադրությո՛ւն, որն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել,  պատերազմի արդյունքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրելու, զարգանալու և իր ինքնությունը պահելու կամք և վճռականություն ունի:

Օրվա իշխանությունները պետք է տեսնեն և հասկանան, որ կեղծ, անհեռանկար ու պատեհապաշտ լոզունգների տակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունեն:

Իսկ ինչպե՞ս պետք է հասնել դրան

Առանց հուսահատության, առանց ավելորդ զգացմունքների, աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, մենք պետք է երկրում իրավիճակ փոխենք։ Մենք պետք է ապացուցենք, որ հայ ժողովրդի ճակատագիրը որոշվում է Հայաստանում, որոշվում է հայ ժողովրդի զավակների կողմից։

Հարգելի՛ ներկաներ, ես գիտեմ, ես տեսել եմ, ձեզանից շատերը, մենք միասին, երկար ենք պայքարել կործանարար այս ընթացքը կասեցնելու համար։ Մեր ժողովրդի մեծ զանգվածներ փողոց են դուրս եկել, բազում զրկանքներ կրել, զոհողությունների գնացել, ի վերջո՝ ամեն ինչ արել, որպեսզի այս ամենը տեղի չունենա։ Բայց, սիրելի՛ ժողովուրդ, մեր հիմնական խնդիրը դեռ լուծված չէ։ Հայաստանն ու Արցախը շարունակում են վտանգված մնալ։ Հոգնելու, նահանջելու, հիասթափվելու, համակերպվելու կամ արտագաղթելու ոչ մի իրավունք չունենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը։ Հակառակ պարագայում` կկորցնենք ամեն ինչ։ Ամեն, ամեն ինչ։

Պայքարի դեպքում կա հնարավորություն մեր մեջքը շտկելու, իրավիճակը փոխելու։ Առանց պայքարի մենք դատապարտված ենք։

Դիմադրությունը մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է:

Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ անկախ տարիքից, կուսակցական պատկանելությունից ու քաղաքական նախասիրություններից, մասնագիտությունից և աշխարհագրությունից։

Դիմադրությունը պետք է դառնա մեր հավատամքը, մեր ապրելակերպը, մեր առօրյան, մեր ամենօրյա գործունեության մասը։

Հակահայ ծրագրեր իրականացնողները, մեր ապագան մեզնից խլողները` լինեն հայ կամ օտարազգի, դիմադրության պետք է հանդիպեն ամեն տեղ՝ փողոցում, աշխատավայրում, արտերկրում։

Սիրելի՛ հայրենակիցներ

Ես Հայ Յեղափոխական Դաշնակցության անունից հայտարարում եմ`  Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի շարքային զինվորը` առանց որևէ կուսակցական և քաղաքական հավակնության, Դաշնակցությունը պատրաստ է նաև լինել պայքարի  կազմակերպիչն ու առաջամարտիկը, պատրաստ է նաև լինել տարբեր ուժերին հաղթանակի դրոշի տակ համախմբողն ու միավորողը։

Սիրելի՛ հայրենակիցներ

Դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, դիմակայել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է նաև տոկունություն և զոհաբերություն, համախմբում։

Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության  անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու  մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի։

Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է,

Սյունիքը չի՛ զիջվելու,

Արցախը վերականգնվելու՛ է,

Հայաստանը չի՛ թուրքացվելու,

Եվ ինչպես Ցեղասպանության զոհ բանաստեղծն է ասել՝ պիտի կերտենք նո՛ր արշալույս։