կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-21 22:56
Քաղաքական

Սա այն երազանքի Հայաստանը չէ, որ Արամն էր ուզում. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը Անկախության օրվա առթիվ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված հանրահավաքում

Սիրելի՛ հայրենակիցներ

Արդեն 28 տարի է, ինչ մեր պատմական հայրենիքի մի հատվածում վեր հառնած հայոց պետականությունը վավերական իրականություն է:

1920-ին ընդհատված մեր անկախության երթը նորոգվեց 1991-ին՝ անսպառ հպարտության և միաժամանակ պատասխանատվությունների, հանձնառությունների, պայքարի ու արարումի նոր հանգրվան դառնալով յուրաքանչյուր հայի համար՝ լինի Հայաստանում, թե` Սփյուռքում։

Վերանորոգված անկախության տարեդարձը միմյանց շնորհավորելու, հպարտանալու, ձեռքբերումներն արժևորելու հրաշալի առիթ է և միևնույն ժամանակ` բացթողումներն ու ձախողումներն անաչառ վերլուծելու, դրանք շտկելու և լուծումներ գտնելու հերթական փուլ։
Աշխարհաքաղաքական ու ներքին բազմաթիվ մարտահրավերներով խիտ`անցնող 28 տարիներին, բնականաբար, ունեցել ենք խոշոր, ես կասեի՝ պատմական ձեռքբերումներ: Անշուշտ, ազատագրված Արցախն այդ շարքում առաջիններից է։ Արցախի Հանրապետության գոյության փաստը՝ պետականության իր բոլոր ինստիտուտներով, մի իրողություն է, համահայկական նվաճում, որի հետ, անգամ միջազգայնորեն հաշվի չնստել անհնար է: Այդ հաղթանակը գին ունի, այդ հաղթանակը նվաճել ենք համազգային աննահանջ նվիրումի և մեր ժողովրդի հերոսների արյան ու սխրանքների գնով։ Այդ հաղթանակի հետագա ամրագրումն ու միջազգային ճանաչումը շարունակում է մնալ մեր համազգային օրակարգի առաջնահերթությունը, որն ամեն բանից առավել համազգային միասնականություն է պարտադրում։

Քիչ չեն մեր հպարտությունը սնող նաև այլ ձեռքբերումները։ Անցնող 28 տարիների ընթացքում ստեղծվել և ամրապնդվել են մեր անկախ պետականության ինստիտուտները։ Կամավորական ջոկատների հենքի վրա ձևավորվել և կայացել է հայոց հաղթանակած բանակը, որն այսօր մեր գոյության թիվ մեկ երաշխավորներից է։ Անցնող շրջանում բարեփոխել ենք Սահմանադրությունը, անցում կատարեցինք կառավարման խորհրդարանական համակարգի և այլն: Որոշակի ձեռքբերումներ ունենք տնտեսության մի քանի ճյուղերում։ Քիչ չեն նաև մեր ստեղծագործ ժողովրդի անհատական հաղթանակները գիտության, մշակույթի ոլորտներում։

Սիրելի' հայրենակիցներ, ինչպես խոսքիս սկզբում ասացի, անկախության օրը միայն միմյանց շնորհավորելու և ձեռքբերումների մասին խոսելու համար չէ, պետք է խոսենք նաև մեր չարածների և սխալների, նաև` շարունակվող սխալների մասին:

Անցնող 28 տարիներին, անշուշտ, մեր պետությունն անցել է բարդ ու դժվարին ուղի։ Դիմագրավել ենք մարտահրավերներ, որոնց մի մասը եղել են օբյեկտիվ, սակայն ունեցել ենք նաև բացթողումներ ու սխալներ, որոնք կարող էին չլինել, եթե դրսևորվեր բավարար քաղաքական կամք, եթե կարողանայինք համազգային շահը վեր դասել խմբային կամ անձնական շահից:

Անցած 28 տարիների ընթացքում մենք չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակություն, զարգացած տնտեսություն, արդար պետական և արդյունավետ կառավարման համակարգեր, և ամենակարևորը` չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունն ու չարությունը վերացնել և համախմբել հայ ժողովրդին, ստեղծել ազգային պետություն:

Հենց այս էր պատճառը, որ հազարավոր մեր հայրենակիցներ 2018-ին ապրիլին դուրս եկան փողոցներ։ Հանրային պահանջը հստակ էր և այլընտրանք չունեցող: 2018 թ. իշխանափոխության արդյունքում մեր հասարակությունը արդարացիորեն նոր և կտրուկ փոփոխությունների պահանջներ ներկայացրեց նոր իշխանություններին, և շուրջ մեկ տարի առաջ հենց այստեղ` մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշակոթողի առջև, նոր վարչապետը խոստացավ կառուցել Արամի երազած Հայաստանը, նա խոստացավ շարունակել Արամ Մանուկյանի առաքելությունը, խոստացավ լինել արժանի Արամ Մանուկյանին և գործել այնպես, որ ամեն անգամ, անցնելով այստեղից,  կարողանա ուղիղ նայել Արամի աչքերի մեջ:

Սիրելի' հայրենակիցներ, ես այսօր ուզում եմ ուղիղ հարց տալ ձեզ` սա՞ էր Արամի երազած Հայաստանը. Հայաստան, որտեղ կազմաքանդվում են պետական ինստիտուտները (չկառուցելով ավելի լավը կամ նորը), Հայաստան, որտեղ իշխանությունների կողմից անխնա յուրացվում է դատական համակարգը, Հայաստան, որտեղ իշխանությունների քմահաճույքով մարդը կարող է մի գիշերվա մեջ դառնալ ազգային դավաճան կամ, հակառակը, դավաճանից վերածվել ազգային հերոսի, Հայաստան, որտեղ իշխանությունների հրահրած հասարակական անվստահությունն ու ներքին անկայունությունը երկիրը նետում են ծանր ճգնաժամի մեջ, իսկ հանրության շրջանում ձևավորված ներքին ատելությունը, հասարակական բևեռացումը գնալով դառնում են վտանգավոր:

Այս ամենի արդյունքում օրեցօր անհույս է դառնում խոսելը այդքան բաղձալի առաջընթացի և վերելքների, այդքան երազած տնտեսական հեղափոխության և լայնածավալ ներդրումների, հարուստ և բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր կառուցելու մասին:

Սիրելի' հայրենակիցներ, մենք այսօր` այս տոնական օրը, այս կարևոր վայրում հայտարարում ենք, որ Արամի երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով չենք գնում, սա այն երազանքի Հայաստանը չէ, որ Արամն էր ուզում: Արամի երազած Հայաստանը իրավական, սոցիալական, ազգային արժեքների վրա հենված հզոր Հայաստանն է, Արամի երազանքը հայության համախմբումն էր, Արամի երազանքը ոչ թե անցյալի մղձավանջում մնացող Հայաստանն է, այլ ներկայի և ապագա հզոր Հայաստանն է:

Մենք ասում ենք` անցյալը ջնջելով, նորը չես կառուցի, անցյալը՝ լավ կամ վատ, բոլորինս է, անցյալի սխալներից պետք է դասեր քաղել` այն չկրկնելու համար, պետք է նայել առաջ, այսօր պետք է գործել ոչ թե հանուն անցյալի իբր մաքրագործման, այլ հանուն ներկայի և ապագայի, մենք պետք է նաև արժևորենք մեր անցյալի փառավոր էջերը, մեր նորագույն պատմության ձեռքբերումները, որոնք շարժիչ ուժն են մեր հետագա վերելքների համար: 

Չկան հին ու նոր Հայաստաններ, կա մեկ Հայաստան, կա Հայաստանի Առաջին հանրապետություն և նրա իրավահաջորդ` ներկայիս հանրապետությունը, և ամենակարևորը` կա ապագայի Միացյալ Հայաստանը:

Ես այս խոսքերն ասում եմ մեր հազարավոր հայրենակիցների անունից, ասում եմ` իբրև հայոց պետականության ծնունդն իրականացրած քաղաքական ուժի` Դաշնակցության ներկայացուցիչ, իբրև քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատասխանատվություն է կրում մեր պետականության այսօրվա և վաղվա համար։

Մենք տեսնում ենք երկրի բնականոն զարգացման ընթացքը կասեցնող սպառնալիքները, մենք տեսնում ենք երկրի անվտանգային համակարգին ուղղված մարտահրավերները, մենք անհանդուրժելի ենք համարում մեր ինքնությունը խարխլող արշավանքը մեր ազգային ինստիտուտների և արժեքների դեմ, արձանագրում ենք, որ երկրում տիրող հանրային անհամերաշխության մակարդակը ուղիղ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, մենք գիտակցում ենք, որ պետության զարգացման հայեցակարգային ծրագրերի բացակայությունը երկիրը տանում է ցնցումների և անկանխատեսելիության ճանապարհով։ Մենք պարզապես իրավունք չունենք և չենք կարող սոսկ այս իրավիճակի արձանագրողը լինել։

Հետևաբար`մեր երկրի ներքին կայունությունը, սահմանների անառիկ պաշպանությունը, հասարակական համերաշխության ապահովումը, երկրի Սահմանադրությունը ոտնձգություններից զերծ պահելը, իրավական և սոցիալական արդարության պահանջը շարունակում է լինել Դաշնակցության առաջնային օրակարգը, և սա է անկախության ու պետականության պահպանման, զարգացման և հզորացման գրավականը:

Ես եմ անկախության պաշտպանը, դու ես անկախության պաշտպանը, նա է անկախության պաշտպանը, մենք ենք անկախության պաշտպանը, հայն է հայի և հայոց պետականության պաշտպանը:

Կեցցե՛ մեր անկախությունը, փա՛ռք անկախության նվիրյալներին: