Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշելու է իր հիմնադրման 131-ամյակը: Այդ հոբելյանի կապակցությամբ «Սահմանդրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը շնորհավորական ուղերձ է ուղղել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Ուղերձում մասնավորապես ասված է.
ՍԻՄ կուսակցության անունից ընդունեք իմ շնորհավորանքները ՀՅԴ 131-ամյակի կապակցությամբ: Մեր կուսակցությունները ունեն 30 տարիներից ավելի արդյունավետ համագործակցության փորձ: Սկսած 1988թ.-ից մինչ օրս ՍԻՄ-ը եւ ՀՅԴ-ն բազմիցս հանդես են եկել համատեղ: 1992թ.-ին մեր կուսակցությունները միավորվեցին Ազգային Դաշինքի մեջ, իսկ 1994թ. վերջից ՀՅԴ-ի դեմ Լ. Տեր-Պետրոսյանի սանձազերծած հետապնդումների ընթացքում ՍԻՄ-ը եւ իր պաշտոնաթերթ «Իրավունք»-ը բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը ՀՅԴ-ի եւ դաշնակցականների նկատմամբ զանգվածային համատարած բռնությունների դեմ: Ավելին, ՍԻՄ-ը հյուրընկալեց իր տարածքում ՀՅԴ-ին, երբ Ձեր կուսակցությանը ապօրինաբար զրկեցին գրասենյակից: Մեր կուսակցությունները միասին էին նաեւ 1996թ. նախագահական ընտրություններում, ստեղծելով 6 կուսակցությունների դաշինք եւ հանդես գալով մեկ թեկնածուով: Մեր համագործակցության պատմությունը լի է բազմաթիվ դրական դրվագներով:
Վերջին շրջանում` 2020-21թթ.-ին մեր կուսակցությունները ակտիվ համագործակցեցին 16 կուսակցությունների դաշինքում եւ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում, ունենալով ընդհանուր նպատակ` ազատագրել մեր երկիրը օտարների կամակատարներից ու հայադավ տարրերից:
Ու, թեեւ, որոշ գաղափարական եւ քաղաքական հարցերի ու իրադարձությունների վերաբերյալ մեր կուսակցությունների տեսակետները տարբերվում են, սակայն դա երբեք չի վերածվել հակադրության կամ հակամարտության:
ՀՅԴ-ն ունի իր հսկայական լուման մեր երկրի պաշտպանության գործում, Հայաստանի երրորդ հանրապետության պետականաշինության մեջ եւ իր ուրույն հետագիծը ՀՀ-ում քաղաքական զարգացումներում:
Այսպիսով, շնորհավորում եմ Ձեր կուսակցության հոբելյանը հարազատական զգացմունքներով, մաղթելով հաջողություն, բեղուն գործունեություն, ազգային գաղափարախոսության հաղթանակ, մեր երկրի ապագայի վերաբերյալ բոլորիս երզանքների իրականացում: Անձամբ Ձեզ եւ բոլոր դաշնակցականներին մաղթում եմ առողջություն եւ երջանկություն:
ՍԻՄ լրատվական ծառայություն