կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-03 17:22
Քաղաքական

Վարդենիսի համայնքապետի գործով դատարանի որոշման մի մասը տրամագծորեն հակադիր է մյուս մասին

Վարդենիսի համայնքապետի գործով դատարանի որոշման մի  մասը տրամագծորեն հակադիր է մյուս մասին

Մի անորոշ, արհեստական վիճակ է ստեղծվել դատարանի որոշմամբ, քանի որ որոշման մի  մասը տրամաբանական հակադրության մեջ է մյուս մասի հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը։

Բանն այն է, որ Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դատարան էր ներկայացրել հայցադիմում, որում երկու պահանջ էր նշվում՝ անվավեր ճանաչել Վարդենիսի ավագանու առաջին նիստի արձանագրությունն ու որոշումը և անվավեր ճանաչել ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանի ընտրության արդյունքները․ դատավոր Մերի Համբարձումյանը նիստի արձանագրությունն ու որոշումը անվավեր է ճանաչել, բայց Ահարոն Խաչատրյանի ընտրությունը թողել է ուժի մեջ։

«Հակասությունները բազմաթիվ են․ ստացվում է՝ համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր չի ճանաչվել, բայց ավագանու որոշումն ու ավագանու արձանագրությունը անվավեր են ճանաչվել։ Այս երկուսը փոխկապակցված են, և մի անորոշ, արհեստական վիճակ է ստեղծվում, որ պարզաբանումների համար թերևս հարկադրված լինենք Վերաքննիչ դատարան դիմելու»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Վերաքննիչ դատարան դիմել-չդիմելու որոշում, սակայն, դեռ չեն կայացրել․ չի բացառվում, որ ի գիտություն ընդունեն, որ դատավորն ուժի մեջ է թողել Ահարոն Խաչատրյանի ընտրության արդյունքներն ու այդ հիմքով շարունակեն բնականոն աշխատանքը։ Բայց, ամեն դեպքում, լավ կլիներ գործընթացները լինեին իրավական ամբողջական որոշակիության դաշտում։

Դավիթ Շահնազարյանը նաև կասկածում է, որ գուցե դատավորը միտումնավոր է այս հակասական որոշումը կայացրել, որպեսզի երկու կողմն էլ ստիպված լինեն բողոքարկելու և գործն իրենից դուրս տանեն՝ այլ ատյաններում քննարկելու։

«Այսինքն, դատավորը պատրաստ չէր որոշակի ճշգրիտ որոշում կայացնելու։ Երևի քաղաքական մեծ ազդեցության և մեծ ճնշումների տակ է գտնվել, ստիպված նման խուսափոխական որոշում է կայացրել, որ գլուխն ազատի»,-ասաց ավագանու անդամը։

Նա կարծում է՝ ճնշումներն այնքան մեծ կարող էին եղած լինել, որ դատավորը նույնիսկ չհամարձակվեր ինքնաբացարկ հայտնելու, քանի որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էին բավական հիմնավոր փաստարկներով՝ այդ դատավորը տվյալ տարածաշրջանը չէր սպասարկում, նա այդ գործը քննում էր ապօրինի։

Դատարանի որոշման մեջ այլ խեղաթյուրում էլ կա․ նշված է, որ պատասխանող կողմին պատշաճ ծանուցվել է, բայց պատասխանողի ներկայացուցիչներից որևէ մեկը չի ներկայացել դատական նիստին, այնինչ պատասխանող կողմը համայնքի ավագանին է, որի անդամներից մեկը Դավիթ Շահնազարյանն է, և նա վստահեցնում է, որ նիստից ընդամենը 2 ժամ առաջ է ստացել պաշտոնական ծանուցման ծրարը, իսկ ինքը 2 ժամում չէր կարող Վարդենիսից Երևան հասնել։

«Դատավարական ընթացակարգերն իրավական հարթության մեջ չեն եղել, նախ՝ ինքնաբացարկի մասին որոշումը սխալ է կայացվել, որովհետև տվյալ դատավորը չէր սպասարկում Գեղարքունիքի մարզը և չէր կարող համապատասխան գործն իր վարույթ ընդունել, երկրորդ՝ որոշոման մի մասը հակասում է մյուսին, և երրորդ՝ վստահաբար ես կարող եմ ասել, որ «Միասնական Վարդենիս» դաշինքը ծանուցված չի եղել նիստին ներկայանալու համար․ բոլոր փաստական տվյալները կան»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Իրենք, թերևս, ձեռնպահ կմնան բողոքելու, որ ԲԴԽ-ն քննի դատավորի վարքագիծը, քանի որ ըմբռնում են որոշ դատավորների կաշկանդվածությունը Բորիս Բախշիյանին քրեական հետապնդման ենթարկելուց հետո։

«Ես նաև հասկանում եմ դատավոր Մերի Համբարձումյանին, որովհետև նա կաշկանդված է և իր աչքի դեմն ունի Աշոտ Երկաթի դատավարությունն անցկացնող դատավորին, որի հանդեպ քրեկան գործընթաց սկսվեց։ Այս փաստով յուրաքանչյուր դատավոր երևի ավելի շատ կաշկանդվեց։ Ամեն դեպքում յուրաքանչյուր դատավոր, որը հանձն է առնում նման ծանր պատասխանավություն, պետք է գիտակցի, որ ինքն արդարադատություն իրականացնող մարմին է, այլ ոչ թե գործիք օրվա իշխանությունների ձեռքին»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Վարդենիսի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները զուգահեռ դիմել էին դատարան Ահարոն Խաչատրյանի երդմնակալության օրը Ոստիկանության գործողությունների դեմ, որոնք փակել էին համայնքապետարանի դուռը և ընտրված համայնքապետն ստիպված եղավ երդվել շենքի բակում։ Աբսուրդային իրավիճակ է նաև այս գործով․ Վարչական դատարանը նիստը նշանակել է 6 ամիս հետո։

Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալին դեռևս չեն գտնվել, իսկ Ոստիկանությունը որևէ գործուն քայլ այս ուղղությամբ չի կատարել։ Ավագանու ընդդիմադիր անդամները դեռևս վերջնական որոշում չունեն, թե ինչ են անելու․ այսպես, թե այնպես նոր կնիք պետք է լինի, որովհետև նոր համայնք է ձևավորվել, կարող են նոր կնիք պատվիրել և աշխատել, բայց խնդիրն այն է, որ այս պրոցեսները, ի վերջո, պետք է բերվեն ՀՀ օրենսդրական դաշտ, այսինքն, ի վերջո օրենքը պետք է գերակայի Հայաստանում, ոչ թե կամայական իշխանական որոշակի պոռթկումները պետք է ղեկավարեն Հայաստանը։

Աննա Բալյան