կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 12:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի ընդդիմադիրները 14 մանդատ ունեն, ՔՊ-ն՝ 13, ու խոչընդոտում է համայնքապետի ընտրությունը

Փորձում ենք ապահովել, որ նիստ կայանա, որովհետև բոլոր պայմանները կան, քվորում միանշանակ կա, մենք երկու դաշինքներով միասին կարողանում ենք քվորում ապահովել համայնքի ղեկավար ընտրելու համար, բայց ՔՊ-ն խոչընդոտում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Միասնական Վարդենիս» դաշինքի թեկնածու Դավիթ Շահնազարյանը Վարդենիսի համայնքապետարանի շենքում քաշքշոցից հետո լրագրողների հետ զրույցում։

Նա տեղեկացրեց, որ Առավոտյան, երբ իրենք գնացել են Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստին մասնակցելու, որպեսզի ընտրեն համայնքապետին, ՔՊ ցուցակը գլխավորող թեկնածու, համայնքապետի ներկա ԺՊ Արամ Մելքոնյանը կոնֆլիկտ է հրահել ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատյանի և մեկ այլ թեկնածու Կարեն Մկրտչյանի հետ։ Ահարոն Խաչատրյանը ընդդիմադիր դաշինքների միասնական թեկնածուն է, որին էլ պետք է ընտրեին Վարդենիս խոշորացված համայնքի համայնքապետ։

«Ահարոն Խաչատրյանն ու Կարեն Մկրտչյանն այս պահին համայնքապետարանի ներսում են։ Որևէ փաստաթուղթ չներկայացնելով՝ մեր ավագանու երկու անդամներին փորձում են բերման ենթարկել, և որևէ հիմք չեն ներկայացում, թե ինչ պատճառաբանությամբ։ Փորձեցինք ամեն կերպ խոչընդոտել»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նա տեղեկացրեց որ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միասին ունեն 14 մանդատ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 13 մանդատ և իրենց երկու խմբակցությունների ձայները բավարար են համայնքապետ ընտրելու համար, քանի որ իրենք համագործակցության հուշագիր են ստորագրել՝ ըստ որի առաջադրելու և պաշտպանելու են «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածուին։

«Խնդիրն այն է, որ մենք, ինչպես կարգն է պահանջում, ժամը 10-11 ընկած ժամանակահատվածում գալիս ենք և գրանցվում, որպեսզի մեր պարտքը կատարենք։ Գրնցումից հետո բոլորս զբաղեցրել էինք մեր տեղերը, սպասում էինք նիստի սկզբին, անհասկանալի ինչ-որ գործողություներ իրականացրին, որի բուն նպատակը ավագանու նիստի գործողությունը խաթարելն էր։ Այսպիսի գործողություններով խոչընդոտվեց ավագանու նիստը, նիստ չկայացավ։ Հազարավոր մարդկանց ձայները ոտնահարել այս կերպ իրավական չէ»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։  

Ընդդիմադիրները վստահ են, որ ՔՊ-ն փորձում է դրդել, որ ձերբակալվեն իրենց առնվազն երկու թեկնածուները, որպեսզի համայնքապետի ընտրությունն իշխանական ուժի օգտին լինի։ Նրանք, սակայն, վճռական են, որ, եթե ընդդիմադիր թեկնածուներին բերման ենթարկեն, ապա իրենք ամբողջ կազմով չեն մասնակցի նիստին և ընտրությունը կձախողվի։ Թեև նաև մտավախություն ունեն, որ նիստը կարող են անցկացնել առանց իրենց՝ հաշվի առնելով, որ առավոտյան գրանցամատյանում արդեն գրանցվել են։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Վարդենիս խոշորացված համայնքում Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

«Միասնական Վարդենիսի» առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է։ Իշխող թիմը վերահաշվարկից հետո համայնքապետ ընտրելու հնարավորություն էր ստացել։ Ընդդիմադիրները, սակայն, նույնպես վերահաշվարկ էին պահանջել և  ընտրությունների այդ արդյունքները բողոքարկել դատարանում։ 

Ընդդիմադիր երկու թիմերը՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները, որպեսզի թույլ չտան, որ ՔՊ-ի ներկայացուցիչն ընտրվի համայնքապետ, քրեակատարողական հիմնարկում ցուցակի առաջին համարը՝ Արամ Հարությունյանը, ինքնաբացարկի դիմում էր գրել։ Մանդատների բաշխումից հետո  Արամ Հարությունյանի մանդատը անցել էր «Միասնական Վարդենիս» դաշինքի հաջորդ համարին և վերկանագնվել մանդատների 14/13 հարաբերակցությունը։ Մինչ այդ 13/13 էր, քանի որ Արամ Հարությունյանը կալանավորված էր և չէր կարողանալու մասնակցել ավագանու նիստին, և ՔՊ-ն հույս ուներ, որ կանցնի տարիքով ավագը՝ իրենց թեկնածուն, բայց ընդդիմադիրները թույլ չտվեցին, որ այդպես լինի։

Մանրամասն՝ տեսանյութում․