Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն այս զորակոչին 126 դիմում-բողոք է ստացել։
Հանձնաժողովն ավարտել է դիմում-բողոքների քննությունը զորակոչիկների ու նրանց ծնողների մասնակցությամբ, այժմ գրություններ են ուղարկում համապատասխան զինկոմիսարիատներ։ Արդյունքները ամփոփված կլինեն առավելագույնը 15 օրից։
Հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գանգատները հիմնականում առողջական բնույթի են՝ սրտի, հենաշարժական համակարգի և այլ խնդիրներ։ Ձմեռային զորակոչի գանգատների ո՛չ բնույթը, ո՛չ թիվը առանձնապես տարբեր չի եղել նախորդ զորակոչների տվյալներից։
«Հիմա մենք գրություններ ենք պատրաստում, ուղարկում զինկոմիսարիատներ, որտեղից զորակոչվել են այն երիտասարդները, ում վերաբերյալ դիմում-բողոքներ ենք ստացել։ Նրանք մեզ պատասխանելու են, թե մեր միջնորդություններն ինչ ընթացք են ունեցել․ ներկայացվե՞լ են, քննարկվե՞լ են, լրացուցիչ հետազոտություններ արվե՞լ են, թե՞ չեն արվել, եթե մենք առաջարկել էինք նման բան, որոշումները վերանայվե՞լ են, թե՞ չեն վերանայվել։ Այս բոլոր հարցերը հանձնաժողովի աշխատանքի էֆեկտիվության մասին են խոսում»,-ասաց Գեղամ Հարությունյանը։
Արդյունքում ամփոփելու են տվյալները, զեկուցագիր են կազմելու և արդյունքները ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարին։
Հանձնաժողովի աշխատանքը զորակոչի անբաժան մասն է կազմում, ասաց Գեղամ Հարությունյանը, այն բողոքարկման հիմնական օղակ է դարձել։
Ընթացքում շատ ու շատ հարցեր են առաջանում, նկատեց հանձնաժողովի համակարգողը, դրանց այս ընթացքում հետամուտ են եղել և հարթել են։
«Օրինակ, այսօր հետազոտության պատճենները տրամադրելու խնդիր չկա՝ նախկինում այդպիսի խնդիրներ առաջանում էին, այսօր մասնավոր հետազոտություններ կատարելու խնդիր չկա, այդ հարցերում համագործակցությունը քաղաքացիների և հանձնաժողովի միջև շատ արդյունավետ է, որովհետև մեր միջնորդությունների, դրանց հիման վրա վերանայված արդյունքների զգալի մասը հենց այդ մասնավոր հետազոտություններով է ապահովվում։ Սա շատ կարևոր է․ եթե առաջ զինկոմիսարիատը կարող էր դա դնել մի կողմ, ասել դա կառավարության ցանկի մեջ չի մտնում, դուք մասնավոր հետազոտություն եք արել, բայց հիմա դա արդեն որպես լրացուցիչ տվյալ չի անտեսվում։ Տրամաբանությունը հետևյալն է․ եթե բուժհաստատությունը լիցենզավորված է Հայաստանի Հանրապետությունում և իրավունք ունի բժշկական ծառայություն մատուցելու, ուրեմն նրա տրամադրած փաստաթուղթն էլ պետք է արժեք ունենա»,-ասաց Գեղամ Հարությունյանը։
Նա նշեց, որ իրենց հանձնաժողովը մյուս հասցեատերերից տարբերվում է նրանով, որ իրենք դիմում-բողոքները քննարկում ենք ըստ էության։ Դա հնարավոր է դարձնում հանձնաժողովի կազմը, որտեղ ներգրավված են և՛ բժիշկներ, և՛ իրավաբաններ, նաև հասարակական խորհրդի անդամներ, որոնք ռոտացիոն կարգով իրար փոխարինում են հանձնաժողովի կազմում և արդեն բավականին հմտացել են այդ հարցերում։
«Մենք նայում ենք՝ եթե կայացված որոշումը իրավաչափ է, ապա մենք ընթացք չենք տալիս դիմում-բողոոքին, չենք միջամտում գործընթացին, բացատրում ենք, թե ինչի համար, որովհետև մեր ձեռքի տակ են հետազոտական փաստաթղթերը, մեր առաջ է զորակոչիկը, ծնողն է նստած, ներկայացում են ամեն ինչ, մենք էլ համակողմանի քննարկելով տալիս ենք արդյունքը։ Իսկ եթե խնդիր ենք տեսնում, ենթադրենք, լիարժեք հետազոտված չէ կամ հետազոտական տվյալները գնահատելու խնդիր կա՝ ինչ-որ բան վրիպել են, ինչ-որ տվյալ չեն նկատել, մեկ այլ հիվանդություն էլ կա, որը դուրս է մնացել ուշադրությունից, այս բոլոր հարցերի դեպքում միջամտում ենք, և պատճառաբանված, հիմնավորված միջնորդագրեր ենք ներկայացնում»,-մանրամասնեց Գեղամ Հարությունյանը։
Նա նկատել է, որ այս աշխատանքը, որն իրենք արել են տարիների ընթացքում այս սկզբունքով, նաև բարձրացրել է քաղաքացիների գրագիտությունը նշված հարցերում, և հիմա շատերն այնքան են հասկանում, թե ինչ տրամաբանությամբ են կայացվում եզրակացություններն ու որոշումները, որ նրանք նաև հղումներ են անում, նրանք գիտեն, որ խնդիրը միայն այն չէ, որ իրենց տղան խնդիր ունի, նաև կարևոր է, թե այդ խնդիրն ինչ աստիճանի է արտահայտված, և այդ արտահայտվածության պայմաններում նա ենթակա՞ է զորակոչման, թե՞ ոչ։ Միայն թե միշտ էլ առաջանում է արդարության և օրինականության խնդիրը․ այն եզրակացությունը, ինչն օրինական է, միշտ չէ, որ ծնողը արդար է համարում, և դա շատ բնական է։
Միջին ցուցանիշ ներկայացնելով՝ Գեղամ Հարությունյանն ասաց, որ ստացած դիմում-բողոքների մոտ 60 տոկոսին ընթացք են տալիս, 40 տոկոսին՝ ոչ, և պարզաբանում են, թե ինչու։
Աննա Բալյան