կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 17:43
Իրավական

«ԱրմենՏել»-ի նախկին աշխատակիցն ուշագրավ մանրամասներ պատմեց ընկերության «գաղտնի» սենյակի մասին

«ԱրմենՏել»-ի նախկին աշխատակիցն ուշագրավ մանրամասներ պատմեց  ընկերության «գաղտնի» սենյակի մասին

«ԱրմենՏել» ընկերության նախկին աշխատակից Գառնիկ Մարկոսյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պատմեց ընկերությունում ժամանակին գործող «գաղտնի» սենյակի մասին: Մարկոսյանը որպես վկա էր դատակոչվել «ԱրմենՏել»-ի անվտանգության տնօրինության նախկին ղեկավար Աշոտ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով:

 

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կատարած չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից միայն Պողոսյանի մասով գործն է քննվում դատարանում: Մյուսների, մասնավորապես` «ԱրմենՏել» ընկերության տնօրեններից Վլադիմիր Սաչկովի և Իգոր Կլիմկոյի մասով նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

 

Ըստ մեղադրանքի` Աշոտ Պողոսյանը գործել է Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորված խմբի կազմում` ի վնաս «ԱրմենՏել» ՓԲ ընկերության շահերի: Ըստ դերաբաշխման` իբր նրան վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելը և այն հսկողության տակ պահելը, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելը և Պիսարևի մուտքն ապահովելը, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող` «ԱրմենՏել» ՓԲ ընկերության աշխատակիցներին հանցավոր գործունեությունը դադարեցնելու և դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելուց զերծ պահելը։

 

Այսօր դատարանում վկա Մարկոսյանը, ով ժամանակին աշխատել է Պողոսյանի ենթակայության տակ, պատմեց վերոհիշյալ սարքավորումների համար տրամադրված տարածքի, ինչպես նաև տնօրեններից Սաչկովին երբեմն-երբեմն օժանդակելու մասին: Նա հայտնեց, որ 2010-ին իր վերադասի հանձնարարությամբ ընկերության տեխնիկական բլոկի աշխատակիցների համար սենյակ է հատկացվել, որը բացվում և փակվում էր բլոկի ղեկավարի հրամանով, իսկ ինքը պատասխանատու էր սենյակը կնքելու համար: Նա նշեց, որ հրահանգ էր ստացել` ապահովել սենյակի անվտանգությունը և թույլ չտալ այլ անձանց մուտքն այնտեղ:

 

«Այդ սենյակում աշխատում էր Սաչկովը, իսկ կողքի սենյակում տեսահսկող համակարգի աշխատակիցներն էին»,- ասաց նա և հավելեց, որ իրեն ներկայացրել էին, որ սենյակը տեխնիկական բլոկի ինչ-որ հատուկ կապի համար էր: Վկայի խոսքով` այդ սենյակում եղել են սարքավորումներ, մալուխներ, մի խոսքով` տեխնիկա: Նա պատմեց, որ մի քանի անգամ, իր անմիջական ղեկավարի հանձնարարությամբ, տեխնիկական օգնություն է ցուցաբերել Սաչկովին:

 

Մարկոսյանն ուշագրավ տեղեկություններ հայտնեց` 2013-ի հոկտեմբերյան մի օրվա հետ կապված: Նա հայտնեց, որ այդ օրն իր ղեկավարի հանձնարարությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Սաչկովին, նրա հետ ժամանել ընկերություն: «Գնացինք սենյակ, սարքավորումներն ու մալուխները հավաքեցինք, լցրեցինք տոպրակների մեջ ու մեքենայով տարանք, նետեցինք աղբամանը»,- ասաց նա և հավելեց, որ մի տոպրակ (ըստ նրա` մեջը պրոցեսոր էր) մոռացել են իր մեքենայի մեջ, և երբ առավոտյան Սաչկովին զանգահարել և հարցրել է, թե ինչ անի, Սաչկովը հանձնարարել է դա նույնպես նետել աղբամանը, ինչը կասկածելի է թվացել: «Հասկացա, որ ինչ-որ պրոբլեմ կա»,- ասաց նա:

 

Նախկին աշխատակցի խոսքով` 2013-ի հոկտեմբերի 30-ին իրեն հրավիրել են «ԱրմենՏել»` ժողովի, որտեղ և իմացել է, որ իր անմիջական ղեկավարն ազատվել է աշխատանքից: Դրանից հետո աշխատանքից ազատվել է նաև Մարկոսյանը: Ի դեպ, նա դատարանում նշեց, որ իրեն անօրինական կերպով են ազատել, և որ դրա վերաբերյալ դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ: