Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այնպես չէ, որ հրաժարականով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իրեն փորձում է մաքուր պահել, նա արդեն իսկ ներքաշված և թաթախված է ազգադավ և ազգակործան բազմաթիվ որոշումների մեջ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Մենք խոսում ենք մի նախագահի մասին, հիշեցրեց նա, որի պաշտոնավարման շրջանում Սահմանադական դատարանում ապօրինաբար իրականացվել է իշխանազավթում, և ՀՀ նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չի իրականացրել՝ այն դեպքում, որ ինքը, ըստ Սահմանադրության, Սահմանադրության դրույթների պահպանման երաշխավորն էր։
«Սահմանադրական դատարանի մասին օերնքը նա չստորագրեց, մնաց այնքան ժամանակ մինչև որ ստորագրեց Արարատ Միրզոյանը՝ այն դեպքում, որ կարող էր անգործության փոխարեն եռօրյա ժամկետում դիմել Սահմանադրական դատարան, քանի որ նորմերն ակնհայտ հակասահմանադական էին, բայց նա դա չկատարեց»,-ասաց Էդգար Ղազարյանը։
ԳՇ այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանին ապօրինի պաշտոնազրկման ժամանակ Արմեն Սագսյանը ոչ միայն չդիմեց ՍԴ, այլև ավելին՝ խաբեց մարդկանց, ասաց՝ դիմել եմ, բայց պարզվեց, որ ՍԴ-ում ինքը վիճարկել է ոչ թե Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատման հրամանագիրը, այլ Զինվորական ծառայության մասին օրենքի դրույթները։
Այնպես որ, Էդգար Ղազարյանի համոզմամբ, նրա պատճառաբանությունը, որ հնարավորություն չի ունեցել ազդելու գործընթացների վրա, իրականությանը չի համապատասխանում։
Ավելին, Ղազարյանը համոզված է, որ Սահմանադրության առաջիկա հնարավոր փոփոխությամբ երկրում պետական կառավարման համակարգի փոփոխությունը ակտուալ խնդիր չէ։
«Եվ եթե հիմա Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի փոխել Սահմանադրությունը՝ դա ոչ թե անում է կառավարման համակարգը վերանայելու համար, այլ Սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրի հղումը հանելու համար, որպեսզի կարողանա Արցախը հանձնել թշնամուն, Հայաստանն էլ՝ Թուրքիային․ սա է իրական նպատակը»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ուղղակի պարտավոր կլիներ մասնակցելու այս գործընթացին, որովհետև բոլոր միջազգային պայմանագրերը, որոնք վավերացվում են ԱԺ կողմից՝ ԱԺ կողմից ընդունվում են որպես օրենքներ, իսկ մեր Սահմանադրությամբ օրենքները ստորագրում և հրապարակում է ՀՀ նախագահը։ Այսինքն, եթե Արմեն Սարգսյանը մնար նախագահի պաշտոնում պարտավոր էր ստորագրել բոլոր այն օրենք-միջազգային պայմանագրերը, որոնք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կնքել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
«Նա պետք է դառնար ուղղակի մի հերթական գրիչ Նիկոլ Փաշինյանի ձեռքին հերթական ապազգային փաստաթղթերը ստորագրելու համար։ Բայց նա այդպիսի ֆունկցիա արդեն կատարել է»,-փաստեց Էդգար Ղազարյանը։
Նա համոզված է, որ ՀՀ նախագահը ոչ թե հրաժարական է տվել, այլ փախել է Հայաստանից։
Իր համոզումը Ղազարյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ հրաժարական տալու գործընթացի իրավական նորմերը պահպանված չեն։
«Համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ ԱԺ կողմից ընտրված պաշտոնյաները իրենց հրաժարականի մասին պետք է գրավոր դիմում ներկայացնեն ԱԺ։ Իսկ իրականում տեղի է ունեցել հակառակը՝ սկզբից Արմեն Սարգսյանի հայտարարությունն է տարածվել հրաժարականի մասին, նոր, կասկածելիորեն, կիրակի օրը գիշերը ժամը 11-ին հայտարարվել է, որ նա նաև գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ-ին։ Բայց դա էլ է կասկածելի, որովհետև փաստեր կան, որ Արմեն Սարգսյանը բացակայում է հանրապետությունից, այսինքն ինքը ֆիզիկապես չէր կարող գրավոր դիմում ներկայացնել ԱԺ-ին»,-ասաց նա։
Նախագահի աշխատակազմը դեռևս 2022 թ-ի հունվարի 18-ին հայտարարություն է տարածել, որ նախագահը գտնվում է կարճատև արձակուրդում՝ առողջական խնդիրների պատճառով, հիշեցրեց Էդգար Ղազարյանը, մինչ այդ նա հունվարի 14-ին այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ։
«Այսինքն, ինքը հանրապետությունից բացակայել է հունվարի 14-ից և այլևս չի վերադարձել։ Արտասահմանում գտվելու ընթացքում, գտնվելով արձակուրդի մեջ, կիրակի օրը հայտարարություն է տարածել հրաժարականի մասին։ Իրականում նա պետք է գտնվեր Հայաստանում և գրավոր դիմում ներկայացներ ԱԺ, բայց այդ ամեն ինչը տեղի չի ունեցել։ Այսինքն, փաստն այն է, որ ինքը հունվարի 14-ից փախել է մեր երկրից, ԱՄԷ-ի իր գործուղումից չի վերադարձել Հայաստան, փախել է Միացյալ Թագավորություն և այնտեղից ուղերձ է հղել՝ մեզ ցտեսություն է ասել արդեն Լոնդոնից առանց Հայաստան վերադառնալու»,-ասա Էդգար Ղազարյանը։
Փախչելու պատվակը, նրա կարծիքով, կարող է լինել այն, որ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման ողջ ընթացքը ծառայեցրել է իր անձնական շահերին, օգտվել է հանրապետության նախագահի կարգավիճակից՝ ստեղծելով իր համար բարենպաստ միջավայր իր բիզնեսների զարգացման համար։
«Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը մինչև ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնելը, մինչև դեսպան նշանակվելը մի շարք խոշոր համաշխարհային վերազգային կորպորացիաների խորհրդատու է եղել և դոլարով միլիոնատեր է, մենք խոսում եք ռեալ բիզնեսմենի մասին, որն իր պաշտոնավարման շրջանում ՀՀ նախագահի կարգավիճակն օգտագործել է իր բիզնեսների զարգացման համար։ Այլ կերպ, օրինակ, չես մեկնաբանի մեկ տարվա ընթացքում միայն Քաթարի Հանրապետություն կատարած 3-4 այցերը, որովհետև դրանք ոչ մի քաղաքական երկկողմ հարաբերությունների զարգացման բովանդակություն չեն ունեցել։ Ու տենց էլ հանրապետության նախագահը որևէ հանրային պարզաբանում չի տվել այդ հանդիպումների բովանդակության մասին»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյան նախագահի պաշտոնավարման օրոք Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, նրա պաշտոնավարման շրջանում տապալվել է բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի շուրջ, նրա պաշտոնավարման շրջանում Արցախը հանձնվել է թշնամուն, ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, և հիմա այս դժվարին ժամանակաշրջանում, ձախողելով իր պաշտոնավարումը և կանխազգալով նոր վտանգներ մեր պետության համար, նա փախել է երկրից՝ փլատակների տակ չհայտնվելու համար։
Աննա Բալյան