Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը, արձագանքելով Yerkir.am-ի՝ «Ինչո՞ւ են լռում ԵՊՀ պաշտոնյաները» վերտառությամբ հրապարակմանը, խմբագրությանն է ներկայացրել հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև։
«Yerkir.am» լրատվական կայքի «Ինչո՞ւ են լռում ԵՊՀ պաշտոնյաները» վերտառությամբ ակնհայտ թիրախավորմամբ հրապարակման մեջ անդրադարձ է եղել և հարցադրումներ արվել «Ես համալսարանական եմ» նախաձեռնությանը և ԵՊՀ գիտական քարտուղարին, ով հանդիսանում է նախաձեռնության անդամ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարել հանդես գալ հետևյալ հայտարարությամբ։
Առնվազն տարօրինակ է նախաձեռնությանը և գիտական քարտուղարին որոշ շրջանակների կողմից նման հարցադրումներ ներկայացնելը, և գտնում ենք, որ դա այլ նպատակ է հետապնդում։
«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը մշտապես հետևողականորեն բարձրացրել է Մայր բուհին և կրթական համակարգին առնչվող լրջագույն խնդիրները՝ ծրագրային կերպով մատնանշելով նաև ոլորտի առողջացման իր տեսլականն ու պատկերացումները։
Նախաձեռնությունն առաջինն էր, որ օրակարգային հարց դարձրեց բուհական ինքնավարության ոտնահարմանն ուղղված իշխանությունների գործողությունները՝ իր հստակ դիրքորոշումն արատահայտելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի և իշխանությունների՝ Մայր բուհին առնչվող կամայական գործողությունների վերաբերյալ։
Նախաձեռնությունը հետամուտ է եղել օրենքի նախագծում եղած թերությունները և հակասահմանադրական իրավակարգավորումները վերացնելու ուղղությամբ։
Նախաձեռնության առաջնահերթությունների շարքում օրակարգային է եղել Մայր բուհում իշխանությունների գործուն միջամտությամբ ստեղծված իրավիճակը, ինչի մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ: Դրանցից վերջինն առնչվում էր ԵՊՀ ռեկտորի ընտրություններին, երբ նախաձեռնությունը ս.թ. դեկտեմբերի 7-ին տարածեց հայտարարություն՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին։
Բացի այս, նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը դատական կարգով վիճարկել և պահանջել էր մասնակի ոչ իրավաչափ ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին վարչապետի՝ 2020 թ. օգոստոսի 7–ի որոշումը՝ խորհրդի երկու անդամի նշանակման մասով։
ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող՝ ՀՀ կառավարության որոշման գործողությունը ապօրինի ճանաչելու մասով դատական հայց ևս ներկայացվել էր, որի արդյունքում վարչական վերաքննիչ դատարանը վերացրեց վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ ներկայացված դիմումը համարվում է ընդունված, իսկ ԵՊՀ կանոնադրության փոփոխություններ նախատեսող՝ ՀՀ կառավարության որոշման գործողությունը պետք է կասեցվի: Փաստենք, որ այս ամենի արդյունքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի լիազորությունները կարող են դադարեցվել:
Սրանք նախաձեռնության վճռական ու հետևողական գործունեության որոշ դրվագներ են, որոնք մշտապես հասանելի են եղել հանրությանը։
Հարկ է նշել, որ նախաձեռնության կողմից իրականացվող գործողություններին որևէ այլ խումբ կամ համալսարանական շրջանակ չի մասնակցել, և այլընտրանքային գործողություններ չեն իրականցվել։
«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը մշտապես հայտարարել է, որ շարունակելու է հետևողական պայքարը բուհական ինքնավարության ապահովման, Մայր բուհի զարգացմանն ուղղված քայլերի ու մրցակցային պատշաճ ընտրությունների անցկացման ուղղությամբ։
«Ես համալսարանական եմ» նախաձեռնություն
30.12.2021 թ.