կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-19 21:24
Առանց Կատեգորիա

Սա ողբ չէ, սա պայքար է, պայքար՝ հանուն ապրելու

Սա ողբ չէ,  սա պայքար է,  պայքար՝ հանուն ապրելու

Փոքրիկը մահացավ:  Փոքրիկը չուզեց ապրել: Փոքրիկն այս կեղտոտ աշխարհում անելիք չուներ: Ի՞նչ էր անելու, եթե ապրեր:  Ապրողները, տառապելուց, ստորանալուց և ստորացվելուց բացի,  էլ ի՞նչ են անում:

 

Չէ, նա չվախեցավ դժվարություններից, նա պինդ տղա էր,  պարզապես  չուզեց ապրել:

 

Փոքրիկն ավելին գիտեր, քան մենք:  Նա նույնիսկ ավելին գիտեր, քան մնացածները: Նա գիտեր նաև, թե մնացածներն ինչ գիտեն, ինչ են մտածում և ինչ են խոսում: Նա լսեց, զգաց,  թե որքա~ն պատեհապաշտ է դարձել աշխարհը, այն աշխարհը, որին հանդիպեց վեց ամիս առաջ: Բայց այն ժամանակ պահապան մայր ուներ, հայր ուներ, քույր, պապ, տատ … Ամեն ինչ ուներ: Նա փոքր էր բայց արդեն լավ էր ճանաչում բոլոր  համազգեստավորներին, հրաշալի արդեն գիտեր քծնող և սողացող ասուն կենդանիներին: Փոքրիկը նայել էր շուրջը, տեսել խղճահար դեմքեր՝  ցավացող մարդկանց, նրանց միջից  զատել էր անկեղծին՝  կեղծավորից, կրակից շագանակ հանողներին, օդերում զվռնողներին: Նա հասցրեց տեսնել  խելոքին՝ խեղճ, հիմարին՝ իշխող, ճշտախոսին՝ խոցված իր խոսքի համար, սուտասանին՝ մեծարված, քծնողին՝ տեղավորված: Տեսավ բազում պաշտոնյաներ, տեսավ բազում խելացի անտեսված մարդիկ ու հասկացավ, որ էս աշխարհը ծուռ է, իսկ ծուռ աշխարհում առանց նրանց՝ իր հարազատների, ավելի կմոլորվի:

 

Փոքրիկը հեռացավ՝ երկրային կյանքի կարոտ, դառնացած, հոգնած:  Այդքան փոքր, բայց արդեն զզված հեռացավ: 

 

Նա գնաց:

 

Նա հիմա ճանապարհին է, որի վերջում հարազատներն են  սպասում: Նրանք էլ չուզեցին, որ փոքրիկը մնար: Մնար ի՞նչ աներ էս ծուռ աշխարում, էս պատեհապաշտների որջում ապրել կլինի՞:

 

Հիմա իր քաղաքում սուգ է, ոչ պաշտոնապես: Հալալ մարդիկ սգում են,  հարամները…

 

Հենց դա է, որ զզվելի է, գարշահոտը տարել ու բաց են թողել սգի քաղաքի  վերածված  երբեմնի ուրախ քաղաքում: Իսկ քաղաքը սառել է, կենդանության ոչ մի նշույլ: Քաղաքը մեռած է: Մեռնող քաղաքում ժպիտ կլինի՞:

 

Երեսներին մեկ  էլ  գուցե ժպիտ երևա, երբ վերևից մի օր սպիտակ փետուրը լող տալով իջնի ու ասի՝ ես եկա, ես կպահպանեմ Ձեզ, որ էլ երբեք գորշ մարդիկ, սեւ դևերը, կարմրաթուշ  զոմբիները   մեր քաղաք  չմտնեն, ես եկա, որ ասեմ՝ պետք չէ ողբալ ինձ համար, ինձ համար պայքարեք, որ կարողանաք ապրել:  

 

Հ.Հ.