կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-17 10:29
Հասարակություն

Արսեն Թորոսյանի օրոք տեղի ունեցած 71 մլրդ ենթադրյալ չարաշահումների փաստերը կցվել են հիմնական քրգործին. «Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանի օրոք տեղի ունեցած 71 մլրդ ենթադրյալ չարաշահումների փաստերը կցվել են հիմնական քրգործին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը 2025-ի դեկտեմբերի 2-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեեւ թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որեւէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, եւ դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որեւէ բժշկական փաստաթղթի։

Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։

Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝

– Հեպատիտ C ՊՇՌ (որակական),
– Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։

Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել եւ փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։ Մինչդեռ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որեւէ ապացույց՝

– ոչ անձնավորված տվյալներ,
– ոչ ծառայություն ստացողներ,
– ոչ ուղեգրեր,
– ոչ բժշկական հրամաններ։

Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե ենթադրյալ հանցանքի մասին: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ մեր հոդվածը և ուղարկված փաստաթղթերը կցվել են ՔՈՎԻԴ-ի չարաշահումների քրեական գործին»։