կարևոր
733 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 17:32
Իրավական

Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. Արա Զոհրաբյան

Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել է դատարան վիճարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ, տնօրինությունը:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ Թեմակալ Առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և հանդիսանում է նրա ներկայացուցիչը: Անհրաժեշտության պարագային Վեհափառ Հայրապետը կարող է պաշտոնից ետ կանչել Թեմակալ Առաջնորդին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ՝

- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում․

- պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին:

Եկեղեցու ինքնակառավարման հարցերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) էլ է ձևավորել դիրքորոշում:

ՄԻԵԴ գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

Նմանապես, ՄԻԵԴ-ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ: Քանի որ, ներպետական օրենսդրության համաձայն, հովիվը չէր կարող որևէ «իրավունք» վկայակոչել, եթե Դատարանը հայտնաբերեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն կստեղծեր նոր իրավունք՝ հակասելով իր սեփական հաստատված նախադեպային իրավունքին: Հետևաբար, Դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի:

Այս պայմաններում, դատավորը պարտավոր է հայցադիմումն ընդունելը մերժելու մասին որոշում կայացնել, քանի որ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով: Հակառակ դեպքում, կխախտվի Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը»: