կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 20:44
Քաղաքական

Ոստիկանների կողմից 14-ամյա երեխա է խոշտանգվել. փաստաբան Ռոման Երիցյանի ահազանգը

Ոստիկանների կողմից 14-ամյա երեխա է խոշտանգվել. փաստաբան Ռոման Երիցյանի ահազանգը

Փաստաբան Ռոման Երիցյանը ահազանգում է ոստիկանության կողմից անչափահասների իրավունքների կոպիտ խախտումների մասին։

Նրա խոսքով՝ օրեր առաջ ոստիկանների կողմից բիրտ ուժ է կիրառվել  14-ամյա դեռահասի նկատմամբ։ Վերջինիս  կասկածել են հանցագործության մեջ եւ  շենքի շքամուտքից դուրս գալու պահին 3-4 ոստիկան հարձակվել են երեխայի վրա և բիրտ ուժ կիրառելով նրան տեղափոխել ոստիկանության Մասիվի բաժանմունք։ Հետագայում պարզվել է, որ երեխան տվյալ հանցանքի հետ որևէ առնչություն չունի: Դեռահասը ծնունդով Արցախից է։

Տեղափոխման ողջ ընթացքում, ըստ փաստաբանի, երեխան ենթարկվել է հայհոյանքների և սպառնալիքների, այդ թվում՝ սեռական բնույթի։ Ոստիկանները երեխային ասել են.
«Չգիտես՝ քո արածի համար քեզ ինչ է հասնում», նմանատիպ սպառնալիքներով ուղեկցելով նրա տեղափոխումը։

Ռոման Երիցյանի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում երեխան գտնվել է առանց հոգեբանի մասնակցության։ Հոգեբանը ժամանել է զգալի ուշացումով, իսկ ծնողը տեղի ունեցածի մասին տեղեկացել է միայն երկու-երեք ժամ անց։ Հետագայում երեխան ազատ է արձակվել, սակայն գտնվում է ծայրահեղ հուզված և լարված վիճակում և ներկայում ունի հոգեբանական օգնության կարիք։
Փաստաբանը շեշտում է՝ անկախ այն հանգամանքից, որ երեխան արցախցի է, տեղի ունեցածը իրեն խիստ ցավ է պատճառում, քանի որ սա անչափահասի իրավունքների կոպիտ խախտում է։
«Հուսով եմ, որ ՆԳՆ-ն առնվազն կարգապահական վարույթ կհարուցի։ Ես արդեն հաղորդում եմ ներկայացրել խոշտանգումների գործերով զբաղվող բաժին՝ տեղի ունեցածին իրավական գնահատական տալու նպատակով»,– նշել է Երիցյանը։

Նա ընդգծում է, որ այս դեպքը եզակի չէ։ Փաստաբանի խոսքով՝ օրեր առաջ գործընկերն իրեն տեղեկացրել է մեկ այլ դեպքի մասին, երբ կրկին 14-ամյա երեխա վիճաբանության մասնակցելու կասկածով ենթարկվել է բիրտ ուժի կիրառման, ձերբակալվել և նույնիսկ երեք օր պահվել ձերբակալվածների պահման վայրում։
Ռոման Երիցյանը հիշեցնում է նաև շուրջ վեց ամիս առաջ տեղի ունեցած մեկ այլ միջադեպ, երբ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի, իսկ նրա հետ գտնվող՝ մինչև 10 տարեկան երեխան ողջ ձերբակալության ընթացքում գտնվել է ոստիկանության բաժնում՝ առանց ծնողի և առանց հոգեբանի։ Այդ դեպքով նույնպես փաստաբանը հաղորդում է ներկայացրել, և միայն դատարանի պարտադրանքով է հարուցվել վարույթ։

«Ես ցանկանում եմ բարձրաձայնել այս խնդիրը և հորդորել ոստիկանության ծառայողներին ու աշխատակիցներին՝ գոնե երեխաների հարցում առավելագույն պատասխանատվություն ցուցաբերել։ Այստեղ խոսքը արցախցի լինել-չլինելու մասին չէ։ Խոսքը երեխաների իրավունքների պաշտպանության մասին է»,– եզրափակել է փաստաբանը։