Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 2021-2022 թվականների ձմեռային առաջին զորակոչը, որի ընթացքում Հայոց բանակ են ճանապարհվել Մարտունի խոշորացված համայնքի նորակոչիկները: Այն մեկնարկել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային կառույցից:
Մարզպետարանից հայտնում են, որ զորակոչի արարողությանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով բարեմաղթանքի խոսքեր է հղել նորակոչիկներին:
«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի զինվորի բարձր կոչմանն արժանանալու համար: Վստահ եմ, որ դուք դաստիարակվել եք հայրենասեր և պատվով կկատարեք ձեր առջև դրված պարտականությունները: Միաժամանակ վստահ եմ, որ այս նույն կազմով կհանդիպենք նաև երկու տարի անց, երբ ծառայությունն ավարտած կլինեք և հայրենիքին մատուցած ծառայության համար կպարգևատվեք: Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ եմ մաղթում ձեզ»,- նշել է Կարեն Սարգսյանը:
Այնուհետև Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ՝ գնդերեց արժանապատիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի ձեռամբ: Արարողությունից հետո նորակոչիկներին բաժանվեցին փոքրիկ կտակարաններ: Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ և բարձր տրամադրությամբ էին բանակ ճանապարհում իրենց զավակներին:
«Այսօր մեր համար առանձնակի օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Թող մեր երկրի սահմաններում խաղաղություն տիրի, և նրանք պատվով ծառայեն ու վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշեցին նորակոչիկների ծնողները:
Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային հերթական զորակոչը կանցկացվի դեկտեմբերի 22-ին: