կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 23:00
Քաղաքական

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-28․ Ունենալով ռազմական այդպիսի միավոր՝ Դաշնակցությունը կարող էր քաղաքական հարցեր լուծել, բայց ջոկատները մղեց դեպի պետական բանակ․ Իգոր Սարգսյան

Հազարապետ Արամո. չէ, պատմական կերպար չէ, ՀԱԲ-ի ջոկատների հրամանատարներից է, որը 1988-ի շարժման սկզբում այս անունով էր ինքն իրեն կնքել, քանի որ հազար զինվոր ուներ։ Այն ժամանակ ԵՊՀ ուսանող Իգոր Սարգսյանը հենց նրա մոտ գնաց, երբ որոշեց ուսումը կիսատ՝ մասնակցել զինված պայքարին՝ հայտնում է Yerkir.am-ը։ Բայց երբ ասաց՝ կիսամյակային քննություններս տամ՝ գամ, հազարապետը զարմացած աչքի պոչով նայեց՝ ինչ քննություն, երբ չգիտենք՝ հետ կգա՞ս, չե՞ս գա։

Հետո ուսանող ընկերը մի զրույցի ժամանակ հեռվից ակնարկեց՝ Դաշնակցություն լսե՞լ ես, նրանք ջոկատներ ունեն, գնում են․․․ Իգորը հասկացավ, որ նա այնտեղ է, բայց ուզում է, որ ինքն ընտրի իր ճանապարհը։

2-3 ընկերով գնացին, փնտրեցին Դաշնակցությունը․ «Մատենադարանից ներքև մի գրասենյակ կար՝ Էդամի Դաշնակցություն․ Էդամը կառույցի ղեկավարի անունն էր։ Ներս մտանք, ասացինք, ասաց՝ հարց չկա, տղերք ջան, 3 նկար բերեք, որ վկայականներ տանք։ Հենց լսեցինք՝ վկայականներ, հասկացանք, որ չէ, ճիշտ տեղ չենք եկել։ Պարզվեց, դա իսկական Դաշնակցությունը չէր, ստեղծված էր ՊԱԿ-ի կողմից։ Իրական Դաշնակցությունը՝ Շրջանայինում Մամուլի տեղեկատվական կենտրոն էր բացել, այդտեղ էր գործում։ Հետո այնտեղ գնացինք,  տեսանք արդեն մեր դասախոսներից, շատ մտավորականների։ Դա Դաշնակցության գրասենյակներից մեկն էր, երիտասարդներով այդտեղ էինք հավաքվում»։

Առաջնագիծ գնալու համար դաշնակցական դառնալը պայման չէր՝ ասաց Իգոր Սարգսյանը, բայց խառնվածքի, գաղափարի հարց էր։

«Մյուս ջոկատներում ես զգացի, որ շահ են փնտրում, մեկը՝ քաղաքական շահ, մյուսը՝ նյութական շահ, իսկ ես պատկերացնում էի, որ եթե գնում ես՝ անվերապահորեն պիտի ծառայես հայրենիքիդ և եթե անհրաժեշտ լինի՝ կյանքդ էլ զոհաբերես։ Դրա համար մտա Դաշնակցություն և հասկացա, որ չեմ էլ սխալվել։ Ինձ դուր եկավ Դաշնակցության միջի մաքրությունը, նվիրվածությունը և անպատասխան զոհաբերությունը»,-ասաց նա։

Առաջին մարտը Կրկժանում էր, հետո դիվերսիոն գործողություններ Շուշի-Լաչին ճանապարհին և այլն։

Առաջին ջոկատը, որում Իգոր Սարգսյանը եղել է նաև պատասխանատու, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատն էր, որը փառավոր ուղի անցել է ամբողջ պատերազմի ընթացքում և Դաշնակցության մյուս ջոկատների, այնուհետև՝ Շուշիի ՀՅԴ առանձին հրաձգային գումարտակի կազմում, գրեթե բոլոր մարտերին մասնակցել։

«Շուշիի ազատագրման նախօրյակին ուսանողական միության ջոկատը Սղնախի անտառներում մի վրանում էր։ Առավոտյան պիտի մարտի գնայինք, երեկոյան մշակութային միջոցառում էինք կազմակերպել։ Յուրաքանչյուրը պետք է անպայման մի բան ասեր՝ կա՛մ երգում էր, կա՛մ արտասանում էր, կա՛մ նվագում էր, կա՛մ բանաստեղծություն էր կարդում։ Էնքան լավ էր ստացվում, էնքան ուրախ ու բարձր, որ կողքի վրաններից գալիս էին, ասում՝ էս ի՞նչ բեմադրություն է, իրականության մեջ՝ դա ինքնաբուխ էր։ Վիգեն Զաքարյանը, Լիբանանում թողել էր ամեն ինչ՝  իր փափուկ կյանքը, եկել․․․ Շուշիի համար զոհվեց, փառք մեր տղերքին, փառք մեր հերոսներին, մտավ վրան, ասաց՝ ասոնք խենթ են, առավոտը պետք է գնան պատերազմ, երգ ու պար են անում․․․ ես էլ «День победы» եմ երգում՝ բերանը բաց նայում է»,-պատմեց Իգոր Սարգսյանը։

Առավոտյան մթնշաղին ելան, գնացին իրենց հատկացված ուղղությունը․ Շուշի-Լաչին ճանապարհին պետք է չթողնեին, որ օգնական ուժեր գան Լաչինի կողմից և թողնեին, որ Շուշիից փախչողները հեռանան։

2016-ի Ապրիլյան քառօրյային էլ Դաշնակցական գումարտակի տղաները մեկ գիշերվա մեջ 300 հոգի միանգամից շարք կանգնեցին այնտեղ, որտեղ պետք է կանգնեին։ Այնքան էին, որ Պաշտպանության նախարարության պատասխանատուն ասաց՝ տղերք, շատ եք, այդքան չենք կարող տանել․ «Երկրորդ խմբում արդեն որոշել էինք տանել ավելի երիտասարդներին՝ սերնդափոխություն իրականցնելու համար։ Հասնաք Ղարաբաղ և երբ տարան մեր դիրքերը, բանակը ամբողջ զորքը հանեց այդ տարածքից, ասաց՝ էս դուք, էս ձեր դիրքերը, մենակ ասեք՝ ինչ է ձեզ պետք՝ պարեն, զենք․․․ գիտեին, որ ամբողջական պատասխանատվություն կարող ենք վերցնել մեր դիրքերի համար։ Իսկ մյուս տեղերում ազատամարտիկները զինվորների հետ էին կանգնել։ Մենք Թալիշում հենց այնտեղ էինք, որտեղ դիվերսիոն խմբերի ներթափանցումն էր եղել։ Եվ հպարտություն ու պատասխանատվություն կար, որ բանակը գնահատում է մեր նվիրվածությունը, որ գիտի, որ կկանգնենք։ Մենք էլ կանգնեցինք։ Մեր կարգապահությունը ոչ մի տեղ չի եղել»։

Արցախյան ազատամարտում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատը, ցավոք, 8 զոհ տվեց։

«Որևիցե մի կազմավորման, թեկուզ կուսակցության ջոկատներ այդքան զոհեր չեն տվել, որքան ընդամենը մի փոքր ուսանողական միության ջոկատը։ Էլ չեմ ասում՝ Դաշնակցության 33 ջոկատները, որ միասնական Շուշիի առանձնակի գումարտակ էին կազմում։ Իհարկե, դրանից առաջ էլ առանձին ջոկատներով Շահումյան, Գետաշեն, Հադրութ, ամեն տեղ կռվել են։ Երբ առաջին անգամ գնացինք Արցախ, պատկերացրեք՝ մեր ջոկատի տղերքի 99 տոկոսը բարձրագույն կրթություն ունեցող և բուհերում սովորողներ էին։ Ինչքան մտավորականներ կային․․․ ոչ մեկին այդքան չեմ ափսոսացել, որքան Բախշյան Վարդանին․ նա զինվորական չէր՝ հզոր մտավորական էր։ Նա գիտեր 5 լեզու, գիտեր օսմաներեն և փայլուն դիվանագետ կարող էր դառնալ մեր երկրի, մեր պետության համար, բայց ինքն էլ ընտրել էր զինյալ պայքարի ճանապարհը և այդ ճանապարհին ընկավ»,-հիշեց Իգոր Սարգսյանը։

Նաև պատմեց՝ ինչքան էին հարգում մեկը մյուսին․ ինչից ասես խոսում էին՝ քաղաքականություն, դեմոգրաֆիա, Արևմտյան Հայաստանի վերադարձ։ Երբ ինչ-որ գործ կար անելու, ասենք, ջուր բերել, անգամ մի քանի օր, մի քանի ամիս փոքրը վազում էր, որ ինքը բերի․ հարգանքի այդպիսի մթնոլորտ կար՝ ձեռքից փախցում էր գործը, ասում էր՝ չէ, ես կանեմ։

«Երբ տղերքը շրջափակման մեջ ընկան Հասանաբադում և զոհվեցին, այդտեղ մեր երեք ընկերներից՝ Բախշյան Վարդանը, Վաչե Ռոստոմյանը և Գագիկ Գրիգորյանը, մենք հասանք օգնության, մի դրվագ կար, որ միշտ մեր աչքի առաջ է․ ձորում Արամ Պողոսյանը նռնակը բացել էր, հավաքել էր ընկերների դիերը իր շուրջը և սպասել էր թուրքերին, որ եթե գան՝ պայթեցնի, դիրքը չթողնի։ Գագիկը Գրիգորյան, որ այդպես վիրավոր մի կերպ գալիս է, ասում՝ տղերք, հաղթելու ենք, դուխներդ չգցեք․․․ այդպիսի տղեք էին, այդ մտածողությամբ, այդպիսի գաղափարով միշտ տարբերվել են մեր տղաները մյուսներից»,-հիշեց Իգոր Սարգսյանը։

Պատերազմի դաշտում ամենաանսպասելին իր համար առաջին մի քանի րոպեներն էին՝ երբ մարտը պետք է սկսվեր․ «Երբ արդեն տեսնում ես՝ թշնամին քո առաջ է և կրակում է քեզ վրա։ Դրանից հետո անմիջապես դառնում էր ինձ համար գործ, ես մտածում էի՝ ո՞ւր պահվեմ, ո՞նց պառկեմ՝ չերևամ, ո՞նց վազեմ․․․ ինչ սովորել էի։ Վախն անցնում էր, դառնում էր սովորական պրոցես և գնում էի․ վիճակված էր խփվել՝ կփվեի, վիճակված էր առաջ գնալ՝ կգնայի, խնդիրը կկատարեի»։

Քաղաքական առաջնայնության համար պայքարում այն ժամանակվա իշխող թիմի՝ ՀՀՇ-ի կողմից հակադրություն Դաշնակցական գումարտակը զգացել է․ «Իմ վերլուծելով՝ կար այդ հակամարտությունը, ամբողջական հայրենիք պետք է ունենանք, այս տեսակը պետք է ապրի այս տարածքում և իր մշակույթով, իր գիր-գրականությամբ, իր գիտությամբ պետք է նպաստի  մարդկության զարգացմանը, որովհետև արարող է եղել այս ազգը, ստեղծող է եղել, սպառող չի եղել։ 1992 թ-ի հունիս-հուլիսին, երբ Շահումյանն ընկավ․․․ ես պատկերացնում եմ, որ տվեցինք Շահումյանը, քաղաքական խարդավանքների զոհ դարձավ Շահումյանը։ Ես աչքերս լցրած՝ այնտեղից ասում էի․ չենք գալիս, մնում ենք այստեղ, մենակ մի տվեք Շահումյանը։ Միգուցե գերտերություններն էլ իրենց գծագրերն էին արել, բայց այդ ժամանակ ասում էի՝ չէ, չենք գալիս, որ հանկարծ հող չտան»։

Հայոց կանոնավոր բանակի կազմավորման շրջանում Դաշնակցությունը մնաց իր արժեքներին հավատարիմ։

«Ես ուզում եմ գնահատել Դաշնակցությունը․ քանի որ քաղաքական ընդդիմադիր ուժ էր՝ ունենալով ռազմական այդպիսի միավոր՝ նա կարող էր քաղաքական հարցեր լուծել։ Բայց հավատացեք՝ առաջին իսկ վայրկյանից, երբ պետության համար պետական բանակ պետք է ստեղծվեր, ՀՅԴ-ն իր գումարտակը, բոլոր ջոկատները մղեց բանակ՝ պետության կարգադրությունների տակ։ Նույնիսկ ներքին ընդվզումներ եղան, որ՝ Դաշնակցությունը գցեց մեզ, տիրություն չի անում, բայց Դաշնակցությունը ձեռքերը չէր լվացել, ուզում էր, որ առաջին հերթին դաշնակցականը ինտեգրվի «պետական բանակ» հասկացության մեջ»,-պատմեց նա։

Հակադրությունը հակառակ կողմից էլ կար․ Իգոր Սարգսյանը վկայում է, որ թեպետ դաշնակցական ջոկատները միշտ առաջնագծում են եղել, պատմության համար պահ տրվող քարտեզների վրա նրանց երկրորդական դիրքերում են նշել։ Չնայած այդ ամենին, իրենք փակել են այդ թեման և համարել, որ գնահատականի համար չեն կռվել․ «Բանակի կառուցումն ընդունեցինք՝ ոնց որ մեր երեխային բարուրեին»։

Բանակի օրը Իգոր Սարգսյանի համար 1991 թ-ի նոյեմբերի 25-ն է, երբ Հադրութի Մեծ Թաղլար գյուղ իջան 2 ուղղաթիռներ․ դա իրենց գումարտակի կազմավորման օրն է համարվում։ Նախ՝ այդ ամսաթիվն է սրտին մոտ, հետո նոր՝ հունվարի 28-ը։

Երբ զինադադարը կնքվեց, Դաշնակցության աչքը էլի Ղարաբաղում մնաց՝ ասում է Իգոր Սարգսյանը․ «Հանձնախումբ ենք ունեցել, որն անընդհատ Ղարաբաղում էր և հաղորդում էր՝ ինչ է կատարվում։ Մի անգամ Վազգեն Սարգսյանը նույնիսկ զարմացավ, թե ինչքան ինֆորմացիա ունենք»։

Ի դեպ, Դաշնակցության «Ազատամարտ» և «Երկիր» օրաթերթերի համար կրպակների առջև հացի հերթին հավասար հերթեր էին՝ Արցախից հավաստի տեղեկություններ ստանալու համար։

««Ազատամարտը» հենց ազատամարտում էր․ չենք կարող չհիշել Նորիկ Մարությանին՝ երջանկահիշատակ, զոհված մեր լրագրող ընկերոջը։ Ամեն ինչ նաև լուսաբանվում էր։ Բայց Դաշնակցության մեջ նաև ներքին չգրված բան կար՝ շատ մի խոսիր արածներիդ մասին, արել ես՝ լավ ես արել, քո երկրի, քո ազգի համար ես արել։ Մենք մտածում էինք՝ թե՛ գաղտնապահություն է, թե՛ խոնարհություն, ժողովուրդն էլ ասում էր՝ ձեր արածը չեք ասում, ո՞նց իմանանք դուք ով եք»,-ասաց Իգոր Սարգսյանը։

Նրա համար ցավալի է, որ տարիների ընթացքում և՛ պետությունը, և՛ ժողովուրդը թուլացան, սկսեցին հաճույք ստանալ՝ այն դեպքում, որ վտանգ կա սահմանի վրա․ «Քանի դեռ վստահ չես, որ սահմանի վրա զինվորդ սոված չէ, զինվորդ սառած չէ, զինված է, որ ծնողն ապահով է․․․ պետք է դա լինի, որ այդ զինվորն էլ հպարտորեն պահի իր ընտանիքի մորը, իր չծնված զավակին։ Պետք է ազգովի բանակ լինենք՝ տեխնոկրատն է՛լ, տեխնոլոգն է՛լ, յուրաքանչյուր հայ պետք է լինի պոտենցիալ անվտանգության էլեմենտ ազգի համար և ցանկացած տեղում այնքան պատրաստված լինի, որ թշնամուն հակահարված տա և ուրիշներին պատմի մեր ազգի մասին»։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․