կարևոր
2176 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-02 16:29
Քաղաքական

Ազգ-բանակ հայեցակարգից մինչև կեղծ խաղաղության օրակարգ ու «թավշյա» բանակ

Ազգ-բանակ հայեցակարգից մինչև կեղծ խաղաղության օրակարգ ու «թավշյա» բանակ

Յուրաքանչյուր ազգ ու պետություն իր գոյության գլխավոր գրավականը համարում է կանոնավոր բանակը, որի գոյությունը, հատկապես Հայաստանի նման թշնամիներով շրջապատված, փոքրաքանակ բնակչություն ունեցող և թշնամու շարունակական ագրեսիայի պայմաններում գտնվող երկրի համար կենսական նշանակություն ունի:

Ազգ-բանակ գաղափարախոսությունը մեզանում նոր չէ, այն մեզ է հասել ազգային-ազատագրական պայքարի շրջանից, երբ հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում կանգնած էր ֆիզիկական գոյությունը պահպանելու խնդրի առաջ և պատահական չէր, որ 19-րդ դարավերջին «ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները կարևորեցին համաժողովրդական բանակի գաղափարը»1։ Այդ ուղղությամբ կատարվող քայլերից էին նաև ժողովրդին զինելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք ազգ-բանակի վերածվելու հիմնական նախադրյալն էին պետականության բացակայության պայմաններում2: Այդ ուղղությամբ կազմակերպական մեծ աշխատանք տարան դաշնակցական գործիչներ Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան) և Վազգենը (Տիգրան Տերոյան):

Արևմտյան Հայաստանում ազգ-բանակ ձևավորելու ՀՅԴ-ի ջանքերը սպասված հաջողություն չունեցան, դրա փոխարեն՝ այդ ջանքերը հաջողությամբ պսակվեցին Կովկասում 1905-1906 թթ. հայ-թաթարական կռիվների օրերին, երբ Այսրկովկասի գավառներում գրեթե կազմալուծվել էր ցարական վարչակարգը, և Դաշնակցությունը իր «Մարտական կազմակերպության» միջոցով հանդես էր գալիս որպես հայ ժողովրդի ռազմաքաղաքական միավորման գործոն:

«Այսինքն՝ տվյալ դարաշրջանում դե-ֆակտո պետական գործառույթներ իրականացնող ՀՅ Դաշնակցությունը կազմակերպված, զինված ու պայքարող հայ ժողովուրդն էր՝ իր «դատական մարմիններով» ու «զինվորական խորհուրդներով»: Եվ որպես զինվորների ու նրանց թիկունքն ապահովող գյուղացիների կազմակերպված ամբողջություն՝ հայությունը վերածվել էր ազգ-բանակի…»3:

Ազգ-բանակի փայլուն օրինակ էին նաև 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, երբ Արամ Մանուկյանին իրապես հաջողվել էր ստեղծել ազգ-բանակ, որը միասնական էր և՛ թիկունքում, և՛ ռազմաճակատում, ու այդ ազգ-բանակն էր, որ անհավասար մարտերում հաղթանակ տարավ թուրքական գերակշիռ զորքի դեմ և ծնունդ տվեց Հայաստանի Հանրապետությանը՝ ի ապացույց այն բանի, որ «…. զօրք եւ ազգ, զօրք եւ պետութիւն, զօրք ու հայրենիք պէտք է կազմեն մի ներդաշնակ ամբողջութիւն»4:

Ազգ-բանակի լավագույն օրինակը 1988-ի Արցախյան շարժումն ու 1990-ականներին ծավալված ազատագրական պատերազմն էր, երբ «…. կարճ ժամանակամիջոցում ողջ Լեռնային Ղարաբաղը վերածվեց ազգ-բանակի, որը թեև քանակական բոլոր ցուցանիշներով զիջում էր հակառակորդին, բայց իբրև միասնական բռունցքի վերածված ժողովուրդ՝ անխորտակելի էր իր կամքով ու վճռականությամբ: Արցախյան գոյամարտը ցույց տվեց նաև, որ կանոնավոր բանակ ունենալու հրամայական անհրաժեշտության պայմաններում ևս ազգ-բանակի գաղափարը պահպանում է իր կարևորությունը: Փոխվում է միայն ազգի քաղաքական կամքի կենտրոնը․ կուսակցությանը փոխարինում է պետությունը: Բայց ամենևին էլ չի փոխվում հիմնական հրամայականը՝ ազգովին վտանգվելու հեռանկարը, ազգովին կանխելու անհրաժեշտությունը»5:
Հայկական կանոնավոր բանակը ծնունդ առավ մարտադաշտում՝ իր թիկունքում ունենալով Հայաստանի և Արցախի բնակչության օժանդակությունը, անվերապահ սերն ու աջակցությունը:

2016 թ. հոկտեմբերին պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ազգ-բանակ հայեցակարգը. «Չի կարող հասարակությունը մեկուսացվել բանակից և հակառակը: Բանակի ժողովրդավարացումը և լիարժեք ինտեգրումը հասարակությանը, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի բնագավառներին անում են այնպես, որ մենք դառնում ենք մեկ միասնություն՝ քաղաքացիական կյանքում ունեցած ձեռքբերումներով ամրապնդելով նաև մեր զինված ուժերի մարտունակությունը: Ազգ-բանակն այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որը փոխանցվում է ժողովրդին: Ազգ-բանակը այն հասարակությունն ու զինված ուժերն են, որտեղ նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր մեկ քայլ է, դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի զինված ուժերը, դեպի մեր երկրի սպայական անձնակազմը: Դա այն պաշտպանական համակարգն է, որտեղ զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը՝ հստակ իմանալով իր անելիքը, տեղը, դերն ու միջոցները»6:

Միաժամանակ ի թիվս այլ գաղափարների՝ հավելելով, որ ազգ-բանակը «այն հասարակությունն է, որում սպան ամենահարգված և մեծարված քաղաքացին է: Բայց նաև այն սպան է, որը բանիմացության, առաջնորդության, ինքնավստահության, բայց երբեք ոչ ինքնագոհության մարմնացումն է»7:
Ազգ-բանակ հայեցակարգն ու նախարարի առաջարկած գաղափարները խիստ իրարանցում առաջացրին ապազգային շրջանակներում, որոնք սկսեցին խեղաթյուրել ու աղճատել ազգ-բանակի գաղափարը:

Ապազգային ճակատը շտապեց հակադարձել. «Սպաները «ամենահարգված ու մեծարված քաղաքացիներ» լինում են ռազմական հասարակություններում, որոնցում ռեալ իշխանությունը զինվորական կաստայացված դասն է»8։ Այսինքն՝ պատերազմական իրավիճակում գտնվող, երկու ցեղասպան թշնամիներով շրջապատված Հայաստանում ո՞վ պետք է լիներ ամենահարգվածն ու մեծարվածը, եթե ոչ հայ զինվորականը՝ շարքայինից մինչև բարձրաստիճան գեներալ, միգուցե դասալիքնե՞րը, թե՞ թուրքի փողի դիմաց սեփական հայրենիքն ու պատմությունը ուրացողները, միգուցե սորոսականնե՞րը….

Մինչդեռ այդ օրերի պաշտպանության նախարարի ասածի համաձայն․ «Ազգ-բանակը այն պաշտպանության համակարգն է, ուր զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը` հստակ իմանալով իր անելիքները, խնդիրներն ու միջոցները, ազգ-բանակը այն երկիրն է, ուր չկան զինվորական և քաղաքացիական, այլ կա համազգեստով քաղաքացի և քաղաքացիական հանդերձանքով հայրենիքի պաշտպան»9։ Այլ կերպ ասած՝ առաջնային է դառնում ուժեղ, պաշտպանունակ, բարոյական, ոգեղեն, ազգի վստահությունը, սերն ու աջակցությունը վայելող բանակ ձևավորելու հրամայականը, ինչն իր հերթին բարձրացնում է ամբողջ ազգի բարոյական ու ֆիզիկական, նյութական ու հոգևոր ներուժը բանակի, ասել է թե` հայրենիքի պաշտպանության գործի շուրջ համախմբելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը10:

Մինչդեռ ազգային ամեն ինչը վարկաբեկելու գործին լծվածները շարունակում էին վարկաբեկել ազգ-բանակ գաղափարը և բանակն առհասարակ։ Այդ օրերին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հայտնի ազգագրագետներից մեկը հայտարարեց․ «Հայաստանում բանակն ավելի շատ պատժի տարածք է, քան անվտանգություն ապահովող կառույց»11:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության «Անկախության հռչակագիրը» հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»12:
Կեղծ ժողովրդավարների անհիմն աղմուկին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանում էր. ««Ազգ-բանակ» գաղափարախոսությունը բնավ չի տանում պետության ռազմակա-նացմանը»13:

Ինչպիսի՞ն կլինեին ազգ-բանակ քաղաքականության արդյունքները, եթե չլիներ 2018 թ. «թավշյա հեղափոխությունը», դժվար է ասել, որովհետև նոր իշխանությունը ազգ-բանակ հայեցակարգի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերով. «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին…. Եթե պաշտպանելու անհրաժեշտություն լինի, հասարակությունը պաշտպանվելու մեծ բնազդ ունի և պաշտպանվելու է, պետք չէ մարդկանց սովորեցնել հայրենիք սիրել….»14։

Այլ կերպ ասած՝ հայ հասարակությունը իր հայրենիքը պետք է պաշտպանի ոչ թե գիտակցաբար, որպես այդ հայրենիքի հավերժական տեր ու ժառանգ, այլ բնազդաբար՝ զուտ սեփական կաշին փրկելու համար, իսկ ազգ-բանակը, ըստ անվտանգության խորհրդի քարտուղարի, կոռումպացվածության հետևանք էր, և նախկին իշխանությունները «այդ կոռումպացվածությունը թաքցնելու համար առաջարկել էին ազգ-բանակը»15, իսկ Արմեն Գրիգորյանի, Նիկոլ Փաշինյանի ու նրանց քաղաքական թիմի «ելակակենտրոն թավշյա բանակը» բերեց արհեստական պատերազմում հայկական բանակի կորիզի կոտորածի․ հայոց մարտունակ բանակի մեջքը կոտրվեց հուսահատության ու հիասթափության ալիքի տակ, երբեմնի բանակապաշտ ու զինվորապաշտ հայ հասարակությունը անտարբեր դարձավ նաև բանակի ու զինվորի նկատմամբ․ հետևանքը Արցախի ամբողջական հայաթափումն էր ու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի զգալի հատվածի ռազմակալումը Ադրբեջանի կողմից:

«Թավշյա» իշխանության կողմից ազգ-բանակ գաղափարի վարկաբեկումն ու հասարակության օտարումը բանակից բերեց նրան, որ թշնամական հարձակման դեպքում սահմանամերձ գյուղերում ապրող բնակչության մոտ խուճապային իրավիճակ է առաջանում անվստահության պատճառով, մինչդեռ բախտի բերմամբ մեր պետության ղեկին հայտնվածները պետք է գիտակցեին, որ գոնե սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է գաղափարապես պատրաստ լինեն իրենց գյուղը կամ քաղաքը պաշտպանելու, զինվորի թիկունքը պահելու կամ նրա կողքին կռվելու համար, և այս առումով Դաշնակցության ձեռք բերած մարտական հմտություններն ու փորձը կարող են լավագույն օրինակը դառնալ:

2020 թ. 44-օրյա դավաճանված պատերազմը, դրանից հետո հայ զինվորին դասալիք ներկայացնելու պետական քաղաքականությունը, անդադար շարունակվող «մինի» պատերազմները և իշխանության ու հասարակության մի ստվար հատվածի քար անտարբերությունը դրանց նկատմամբ փաստում են, որ Հայաստանի համար գոյության, անվտանգության ու արևի տակ հաստատուն տեղ ունենալու միակ միջոցը ազգ-բանակն է, հակառակը կնշանակի այն, ինչ ունենք՝ կրավորական ու անտարբեր հասարակություն, ամեն օր փոքրացող ու թուլացող պետություն, կազմաքանդվող բանակ ու այդ ամենը դարբնած անդադար դավաճանող ու կապիտուլացվող իշխանություն, որն իր դավաճանությունն ու վախկոտությունը քողարկում է «խաղաղության օրակարգ» կեղծ թեզով:

_________________________________________

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. «Վէմ» համահայկական հանդես, հոկտեմբեր-դեկտեմբեր, թիվ 4, Եր., 2016, էջ 6։
2. Նույնը, էջ 4։
3. Նույնը, էջ 6։
4. Նույնը, էջ 7։
5. Նույն տեղում։
6.https://armenpress.am/arm/news/865849/azg-banak-gaxaparakhosutyuny-bnav-chi-tanum-petutyan.html(մուտք՝ 25.01.2024)։
7. https://mil.am/hy/news/4466(մուտք՝ 25.01.2024) ։
8. https://www.lragir.am/2017/11/15/164846/(մուտք՝ 25.01.2024)։
9. https://mil.am/hy/news/4466(մուտք՝ 25.01.2024)։
10. http://www.hayzinvor.am/52035.html(մուտք՝ 25.01.2024)։
11. https://armtimes.com/hy/article/113891(մուտք՝ 25.01.2024)։
12. https://www.gov.am/am/independence/(մուտք՝ 25.01.2024)։
13. https://armenpress.am/arm/news/865849/azg-banak-gaxaparakhosutyuny-bnav-chi-tanum-petutyan.html(մուտք՝ 25.01.2024)։
14. https://www.tert.am/am/news/2018/05/21/armen-grigoryan/2690730(մուտք՝ 25.01.2024) (մուտք՝ 25.01.2024)։
15. Նույն տեղում։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ա) Գրականություն

1. «Վէմ» համահայկական հանդես, հոկտեմբեր-դեկտեմբեր, թիվ 4, Եր., 2016

բ) Համացանցի նյութեր

1.https://armenpress.am/arm/news/865849/azg-banak-gaxaparakhosutyuny-bnav-chi-tanum-petutyan.html
2. https://mil.am/hy/news/4466
3. https://www.lragir.am/2017/11/15/164846/
4. http://www.hayzinvor.am/52035.html
5. https://armtimes.com/hy/article/113891
6. https://www.gov.am/am/independence/
7. https://www.tert.am/am/news/2018/05/21/armen-grigoryan/2690730

Անի Մելքոնյան

«Դրօշակ» թիվ 1, 2024թ.