Մեկնարկել է 2013թ. ձմեռային զորակոչը: Երեկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին  առաջին նորակոչիկները:
ՊՆ-ից հայտնում են, որ զորակոչն առավել  օրինական, արդար և թափանցիկ դարձնելու նպատակով, այս տարի առաջին անգամ  նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության  սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել  միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
«ՀՀ զինված ուժերում ծառայելը, և սեփական ժողովրդի անվտանգությունն  ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար  ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր  զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական  նշանակության այս միջոցառման իրականացմանը՝ զերծ մնալով զանցանքներից:
 ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ  պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների  կողմից: 
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության  նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ.  ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների  քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82,  010-52-34-86 հեռախոսահամարներով»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: