կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 12:47
Հասարակություն

Ինչո՞ւ տեղի չունեցավ Արցախի վերամիավորումը. դեկտեմբերի 1-ի դասերը

Ինչո՞ւ տեղի չունեցավ Արցախի վերամիավորումը. դեկտեմբերի 1-ի դասերը

32 տարի առաջ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետության և Արցախի խորհրդարանների համատեղ որոշումով հռչակվեց Արցախի վերամիավորումը մայր Հայաստանին։ Այս պատմական որոշումը սեփական ուժերին ապավինած հայ ժողովրդի արդար պոռթկումն էր՝ իր արդար իրավունքները վերականգնելու հաստատակամ վճռականության, որին պետք է հաջորդեին արդեն փաստացի վերամիավորմանն ուղղված ինտեգրման քայլեր՝ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով։

Դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը կայացվեց ժողովրդի աննախադեպ ճնշման արդյունքում։ Ղարաբաղյան շարժման առաջնորդների մեծ մասը՝ ԼՏՊ-ի գլխավորությամբ, որոնք այն ժամանակ կոմունիստների հետ կիսում էին իշխանությունը, դեմ լինելով վերամիավորմանը, ստիպված էին ժողովրդի ճնշման ներքո տեղի տալ։

Որոշումը պաշտպանում էին Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ՝ «Միացում», «ՀԱԿ», «ՍԻՄ», «Ազատ Հայք», «ՀՈՒԴ» և այլն։ Որոշումից անմիջապես հետո, վարչապետ Մարգարյանցի որոշմամբ,  կառավարությունում ստեղծվեց Արցախի տնտեսական ինտեգրացման հանձնաժողով՝ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկությունների մասնաճյուղեր բացել Արցախում և այլն։

Ցավոք, այս գործընթացը երկար չտևեց, որովհետև Հայաստանում և Արցախում մի շարք առաջնորդներ ընտրեցին այլ ճանապարհ՝ Արցախը դարձնել երկրորդ հայկական պետություն և, հիմք ընդունելով ազգերի ինքնորոշման նորմերը, հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը (չնայած վերամիավորման հիմքում ևս դրված էին արցախահայության ինքնորոշման ազատ կամարտահայտության սկզբունքները)։ Այդ մոտեցումը բերեց նաև շարժման ղեկավարության փոփոխության, և, շարժման գլուխ անցնելով, ԼՏՊ-ն ու նրա կողմնակիցները, ըստ էության, լուսանցք մղեցին վերամիավորման գաղափարը և կողմնակիցներին։

Գերագույն խորհրդում իշխանության գալուց հետո ԼՏՊ-ն նաև դադարեցրեց Արցախի հետ ինտեգրման հանձնաժողովի հետ աշխատանքները։ Հայաստանում 1991 թ.  խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասեր չկազմվեցին հյուսիսային Արցախի Շահումյանի և Գետաշենի տարածաշրջանում, որոնք դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախի մաս էին կազմում։ Նման գործելակերպը կիսում էին նաև Արցախի մի շարք առաջնորդներ, որոնք արդեն իրենց պատկերացնում էին առաջին հանրապետության ղեկավարներ։ Հայկական երկրորդ հանրապետության հռչակման կողմնակիցները կարծում էին, որ այս քայլով կխուսափեն Ադրբեջանի ռազմական հարձակումից (որը եղավ 1 տարի անց), ԼՂՀ-ն արագորեն կճանաչվի միջազգային հանրության կողմից։

Ցավոք, անցած 30 տարիներին այդ մոտեցումներն իրականություն չդարձան։ Միջազգային հանրությունն այդպես էլ չճանաչեց հայկական երկրորդ պետության գոյությունը։ Չնայած Հայ դատի գրասենյակների, հայկական լոբբինգի և դիվանագիտության գործադրած ահռելի ջանքերին՝ այդպես էլ ոչ մի պետություն, նույնիսկ՝ մեր ամենաբարեկամ երկրները, ոչ մի միջազգային կառույց չճանաչեց ԼՂՀ-ն՝ որպես արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման փաստ և իրողություն։ Ավելին՝ նույնիսկ ՀՀ-ն պաշտոնապես չճանաչեց այն՝ չնայած ընձեռված մի քանի բացահայտ հարմար առիթների (1992-94 թ. հաղթական պատերազմ, 2016 թ. քառօրյա պատերազմ, 2020 թ. 44-օրյա պատերազմ)։

Ակնհայտ էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան և հակահայ ծրագրերը երբեք կանգ չէին առնի և չեն առնելու` լինի ԼՂՀ-ն անկախ, թե՝ վերամիավորված ՀՀ-ի հետ։ Սակայն Հայաստանի հետ վերամիավորված լինելու դեպքում մեր պայքարն ավելի համախմբված կլիներ և արդյունավետ, իսկ դաշնակից երկրների համար՝ ավելի հստակ և որոշակի, որովհետև Հայաստանի նկատմամբ ստանձնած ռազմավարական պարտավորությունները կվերաբերեին նաև Արցախին։

Ինչևիցե, պատմությունը չի սիրում հետադարձ վերլուծություններ, ուստի կարևոր է այն, թե արդյո՞ք հետևություններ արել ենք նախորդ սխալներից, արդյո՞ք Հայաստանը կարող է այսօր միջազգային օբյեկտից կրկին դառնալ միջազգային սուբյեկտ, չեզոքացնել իր և Արցախի գլխին կախված՝ հայաթափման և ցեղասպանության նոր սպառնալիքները: Այստեղ մեզ հարկավոր է կրկին լինել սկզբունքային և վճռական՝ այնպես, ինչպես 1989 թ.  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին։

 

Հրայր Կարապետյան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար