Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանը պատրաստ է գնալ խաղաղության իր սեփական պայմաններով. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր սահմանագծմանը և սահմանազատմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Ադրբեջանի առաջ քաշած պայմանները շատ պարզ են: Առաջին՝ Հայաստանը պաշտոնապես Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, և դրանով կտրուկ ավելացնում է Արցախի բնակչության արտագաղթը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ճանաչելու դեպքում շատ արագ Արցախում հայ բնակչության թիվը կտրուկ կնվազի: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը նպատակ է դրել 2022 թ. ինտեսիվ «բնակեցման» աշխատանքներ սկսել Շուշիում և Հադրութում, ապա հասկանալի է, որ դրա հետևանքները կլինեն աղետալի մեզ համար։ Երկրորդ` Ադրբեջանը ցանկանում է ունենալ ցամաքային կապ Նախիջևանի հետ` ավտոմոբիլային և երկաթուղային, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը ցանկանում է առնվազն տնտեսական խոշոր ազդեցություն և դե ֆակտո հսկողություն հաստատել Սյունիքի մարզում»- փաստեց Բենիամին Պողոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի պատկերացրած խաղաղության պայմանները Հայաստանի համար համարժեք են կապիտուլյացիայի, որոնք վտանգի տակ են դնում ՀՀ պետականության գոյությունը։
«Ադրբեջանը շահարկում է միջազգային հարթակներում՝ ասելով՝ տեսեք, ես ցանկանում եմ խաղաղություն, իսկ Հայաստանը չի ցանկանում: Ադրբեջանն այդպիսով փորձում է Հայաստանին ներկայացնել որպես տարածաշրջանի ներդաշնակ զարգացումը խոչընդոտող պետություն, որը խնդիրներ ունի բոլոր հարևանների հետ, չի ցանկանում խաղաղություն և այլն» - նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ շատ վտանգավոր կլինի, եթե մեր իշխանությունները ադրբեջանական տրամաբանության մեջ մտնեն։
Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ սա չի նշանակում, որ խաղաղություն հնարավոր չէ, սա նշանակում է, որ պետք է հստակ դիրքորոշում ունենալ, թե խաղաղություն ասելով ի՞նչ ենք հասկանում դրա տակ:
Անդրադառնալով այս օրերին հայ ժողովրդին հուզող խնդիրներից մեկին՝ սահմանազատման և սահմանագծման հնարավոր գործընթացին՝ քաղաքագետը նշեց. «Եթե դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մասին փաստաթղթում, որը հավանաբար ստորագրվելու է Սոչիում (իհարկե, ոչ ոք փաստաթղթին ծանոթ չէ` բացառությամբ մի քանի հոգու), ֆիքսվեն դելիմիտացիայի և դեմարկացիայի սկզբունքներ, որոնց համաձայն դելիմիտացիան և դեմարկացիան տեղի կունենան փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա (որոշակի ԽՍՀՄ քարտեզներով), ապա դա ավտոմատ նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս»։
Բանախոսը նաև կարծում է, որ կարող են լինել տարաբնույթ մեկնաբանություններ, և մանիպուլացիոն հսկայական հնարավորություններ կան` ստորագրել այդ փաստաթուղթը, հետո գալ Հայաստան, և ասել, որ սա Արցախի հետ ոչ մի կապ չունի. մենք Արցախը չենք ճանաչել Ադրբեջանի մաս։
Ըստ քաղաքագետի, այս ամենը ուղղված կլինի ներքին լսարանին, սակայն, եթե նման բան լինի Սոչիում, դա միանշանակ ուղերձ է արտաքին խաղացողներին և միջազգային հանրությանը, որ, այո, Հայաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Եվ սրանից հետո, Արցախի հարցը ընդամենը Ադրբեջանի տարածքում ապրող և Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող հայ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարց կդառնա՝ լավագույն դեպքում այն տեղափոխվելով, օրինակ, կիրակնօրյա հայկական դպրոցներ ունենալու, Ստեփանակերտի ռադիոյում ադրբեջաներենին զուգահեռ հայկական հաղորդումներ ունենալու, և նմանատիպ քննարկումների դաշտ։
Անդրադառնալով Ն. Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի ագրեսիան պետք է կանխվի միջազգային կազմակերպությունների, անգամ Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների ուղիղ կապի և տեղեկատվության փոխանակման միջոցով, քաղաքագետը նշեց. «Ոչ մի ուղիղ կապ պաշտպանության նախարարությունների միջև որևէ ագրեսիա կանխել չի կարող։ Նախկինում նման կապ եղել է, գուցե ոչ անմիջապես երկու երկրների նախարարների, այլ ավելի ցածր մակարդակում, բայց դիտարկելով յոթ տարվա զարգացումները, Ադրբեջանը 2018 թ. սկսած սկսեց մեծացնել իր ճնշումները։ Ասել թե ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև ուղիղ կապը կարող է կանխել ագրեսիան կամ էսկալացիան, վախենամ, որ դա չափից դուրս մեծ լավատեսություն է. Ադրբեջանն իր հստակ ռազմավարությունն ունի` ռազմական ճնշում և ռազմական շանտաժ կիրառել Հայաստանի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնվել իր պահանջներին»։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, քաղաքագետը նշեց, որ, եթե խոսքն Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան կոմունիկացիաների բացումն է, ապա դա Հայաստանին որևէ բան տալ չի կարող։
«Միակ հավանականությունը, որ ճանապարհների ապաշրջափակման դեպքում Հայաստանը կարող է դառնալ միջազգային տարանցիկ ուղի, դա կլինի միայն այն դեպքում, եթե վերագործարկվի Նախիջևանի տարածքով Հայաստանը Իրանին կապող երկաթուղին»,- փաստեց զրուցակիցը։
Քաղաքագետի խոսքով` պետական համակարգը, եթե մեղմ արտահայտվենք, աշխատում է չափազանց ցածր արդյունավետությամբ, և այդ է պատճառը, որ երկրում տիրում է քաոս, և դա ոչ միայն ռազմական, այլ նաև բոլոր ոլորտներում։
«Եթե մենք տեսնենք, թե երեքուկես տարում բոլոր ոլորտներում որքան փոփոխություններ են տեղի ունեցել, և եթե միջին բարձրության համակարգի հետ այդպես վարվես` վեց-յոթ ամիսը մեկ նոր ղեկավարներ նշանակելով, ապա ցանկացած համակարգի գործունեության արդյունավետությունը կտրուկ կնվազի։ Ոչ միայն արագ փոփոխություններն են, այլև շատ հաճախ գալիս են մարդիկ, ովքեր չունեն նման համակարգեր ղեկավարելու գիտելիքներ և փորձ: Նրանք անում են քայլեր, որոնք վնաս են բերում. այս է այն հիմնական պատճառը, որ համակարգը բերում են կոլապսի», - եզրափակեց Բենիամին Պողոսյանը։
Լենա Կարապետյան