Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս մարդը շարունակ իր հայտարարություններով, կեղծիքներով հասարակությանը պատրաստում է նոր կապիտուլյացիայի։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այն ինչ Փաշինյանն ու Ալիևը առաջարկում են հայ ժողովրդին, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիայի պայմանագիր է, որով մեր պետականության գոյությունը վերջնականապես դրվելու է կասկածի տակ։ Նոր խաղաղության պայմանագրի անվան տակ այս մարդը ցանկանում է երկիրը տանել նոր կապիտուլյացիայի։ Փաշինյանը երբ հասկանա, որ կարող է ստորագրել նոր փաստաթուղթ և դա մարսել, ինքը դա անելու է, իսկ մեր խնդիրն է դա կանխել»,- ասաց նա։
Դաշնակցական գործչի խոսքով՝ վտանգ կա ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ սահմաններին․
«Գիտենք, որ թշնամին վաղուց արդեն ՀՀ սահմաններին է։ Այդ վտանգը կա և այդ վտանգը չեզոքացնելու ճանապարհը հասարակությանը նոր պարտության տրամադրելը չէ, դա կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանության կազմակերպումն է։ Փաշինյանը կարծես թե ԵՄ դիտորդներից մեկը լինի, ով միայն արձանագրում է այն իրավիճակը, որը գոյություն ունի, իսկ թե ինչպես կանխել դա և ինչպես կազմակերպել երկրի պաշտպանությունը և ժողովրդի անվտանգությունը նա չի կարող և չի ուզում և իր նպատակը ընդհանրապես դա չէ։ Նա թրքահպատակ իշխանություն է, որը ծառայում է թշնամիներին»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այն ինչ հրամցվում է խաղաղության անվան տակ իրականում կապ չունի խաղաղության հետ․
«Չկա աշխարհում որևէ դեպք, երբ որևէ պետություն իր երկրի անվտանգությունը ապահովելու համար միայն խաղաղության պայմանագիրը բավարար լինի։ Խաղաղության հասնելու համար պետք է ապահվել անվտանգությունը։ Պայքար անցյալ տարի այս օրերին սկսեցինք, այս պահին փողոցային պայքար չկա, բայց որպես ընդդիմություն մեծապես կարևորում ենք դա։ Շատ անհրաժեշտ է այդ պայքարին լիարժեք պատրաստվելը։ Այս ուղղությամբ շատ հստակ գործողություններ է արվում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար մեկ կուսակցության, մեկ անհատի ուժերը խնդիր չէ։
««Դիմադրություն» շարժումը ձախողված չի եղել, շարժումը շատ կարևոր արձանագրումներ է արել, բայց վերջնական արդյունքին և նպատակին չի հասել, որովհետև եկել հասել ենք մի կետի, որ մեր ուժերը չի բավականացրել վերջական արդյունքները արձանագրելու համար։ Կարծում եմ բավականին բացթողումներ եղել են շարժման ժամանակ, դրանք պետք է կարգավորել և գնալ առաջ»,- ասաց պատգամավորը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ մեկ շաբաթ է մարզերում շփումներ են ունենում բնակիչների հետ և կարող է արձանագրել, որ նրանք ոչ հիասթափված են, ոչ էլ՝ ջլատված։
«4 ամիս է ոչինչ չենք անում, լա՞վ է այս վիճակը, լա՞վ է, որ Արցախը 3 ու կես ամիս է արդեն շրջափակցած է և որևէ մեկը որևէ բան չի անում։ Մենք չենք վախեցել և չենք վախենում քննադատություններից կամ թիրախ դառնալուց։ Կա դրված խնդիր՝ գնում ենք խնդրի լուծման հետևից։ Ամենավատ բանն այն է, որ ոչինչ չեն անում և բողոքում են ամեն ինչից»,- ավելացրեց նա։