կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 13:43
Քաղաքական

«Պոլոնեզ»-ը «Իսկանդեր»-ին համարժեք պատասխան չէ, Բաքուն չունի «Իսկանդեր»-ին համարժեք պատասխան. Վլադիմիր Եվսեև

«Պոլոնեզ»-ը «Իսկանդեր»-ին համարժեք պատասխան չէ, Բաքուն չունի «Իսկանդեր»-ին համարժեք պատասխան. Վլադիմիր Եվսեև

Ադրբեջանի զինված ուժերը սպառազինության քանակով գերազանցում են Հայաստանին, դա մասնավորապես վերաբերում է զրահատանկային, հրետանային սպառազինությանը և ավիացիային: Մյուս կողմից՝  կարևոր է ոչ միայն քանակական առավելությունը, այլև` որակական: Այս մասին «Լազարյան ակումբի» նիստում հայտարարեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Նա հիշեցրեց 2016թ.-ի ապրիլյան պատերազմը, որի հետևանքով երկու կողմից եղան զոհեր: «Ուզում եմ հիշեցնել, որ կրակոցների տակ հայտնվեցին Ղարաբաղի բնակավայրերը: Ավելին՝ 1994-ից հետո առաջին անգամ արձանագրվեց տարածքային կորուստ, որը գտնվում էր Ղարաբաղի հսկողության տակ»,- նշեց փորձագետը:

Ըստ նրա` Ռուսաստանից Հայաստան մատակարարված ժամանակակից սպառազինության շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնել Բաքվի առավելությունը՝ սպառազինության քանակի տեսանկյունից: «Նախորդ տարի Ադրբեջանի քանակական առավելությունը հաջողվեց չեզոքացնել, երբ Հայաստանը Ռուսաստանից ձեռք բերեց ժամանակակից սպառազինություն, խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրին, որը հնարավորություն է տալիս հարվածելու Բաքվին, ինչը զսպող հանգամանք է Ադրբեջանի համար»,- ասաց Վլադիմիր Եվսեևը:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը ևս որակյալ սպառազինության ձեռք բերման ուղղությամբ քայլեր է կատարում, ինչի վկայությունն է Բելառուսից «Պոլոնեզ»-ի ձեռք բերումը, Իսրայելի հետ բանակցություններ են ընթանում, և չի բացառվում հրթիռային համակարգերի ձեռք բերումը:

«Եթե Ադրբեջանին հաջողվի որակական առավելություն գրանցել Հայաստանի ԶՈւ-ի նկատմամբ, ականատես կլինենք լարվածության աճի: Ուզում եմ ընդգծել, որ սահմանի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել ոչ միայն անվտանգության գոտու, այլև Ղարաբաղի կորստին: Սահմանի փոփոխությունը, որը ենթադրում է տարածքի զիջում, Ադրբեջանին հնարավորություն կտա գրավելու ողջ Ղարաբաղը: Ներկայիս իրավիճակի պահպանման համար Հայաստանն ու Ռուսաստանը սերտ համագործակցում են: Ցանկացած միտք, որը հարցականի տակ կդնի այս փաստը, կվտանգի իրավիճակը»,- նշեց Եվսեևը՝ հավելելով, որ, զուգահեռաբար, Թուրքիան է ամեն ինչ անում` Նախիջևանում զինված ներկայություն ապահովելու համար:

«Հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծել են միավորված զորքերի խումբ, պետք է մշակվեն բազում սցենարներ` Նախիջևանից կամ Ադրբեջանից եկող լարվածության դեպքում: Չէի ասի, որ իրավիճակը կրիտիկական է, քանի որ Բաքվի փորձերը բավարար արդյունավետ չեն, քանի որ ադրբեջանցի փորձագետների պնդումները, թե բելառուսական «Պոլոնեզը» համարժեք պատասխան է «Իսկանդեր»-ին, չեն համապատասխանում իրականությանը, ուստի փորձելու է գործընկերներ գտնել»,- հավելեց նա: