Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որին մասնակցում է նաև Հայաստանը, աստիճանաբար միս ու արյուն է ստանում: Իրագործման դեպքում աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող այս մեծ նախագիծը կարող է Հնդկաստանից մինչև Արևելյան Եվրոպայի երկրներ ձգվող տարանցիկ մեծ ճանապարհ ձևավորել՝ ակտիվացնելով Ասիայի և Եվրոպայի առևտրային կապերը և այդ թվում մեծացնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը ռեգիոնում: Հայաստանում Իրանի դեսպանատունը «Արմենպրես»-ին հայտնել է, որ «Պարսից ծոց-Սև ծով» տարանցիկ միջանցքի համաձայնագիրը կարող է հաստատվել մասնակից երկրների՝ Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում:
Սա միջազգային խոշոր նախագիծ է, որի նպատակը Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները տնտեսապես իրար կապելն է: Իրանն այս գաղափարը առաջ է քաշել դեռևս 2016 թվականին: Դեռ այն ժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ծրագրում ընդգրկված են լինելու Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները, և դեպի Սև ծով տանող տարանցիկ ճանապարհներից մեկը կարող է լինել Հայաստանը: Սակայն մասնակից երկրների ներկայացուցիչների աշխատանքային վերջին հանդիպումներից և տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցած հայտնի զարգացումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը դուրս է մնում նախագծից: Փոխարենը ծրագրին ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ առայժմ նախաձեռնությանը, Իրանից բացի, մասնակցում են նաև Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան: Սակայն նախագծին կարող են միանալ դեպի Պարսից և Օմանի ծոցեր և դեպի Սև ծով ելք ունեցող այլ երկրներ, այդ թվում Արևելքի ամենախոշոր տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը՝ էապես ընդլայնելով Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի զարգացմանը նպաստող միջանցքի աշխարհագրությունը:
Հայաստանն էլ իր հերթին կարող է դառնալ իրանական հեռավոր Չաբահար նավահանգստից կամ Բանդեր Աբբասից մինչև Բուլղարիա և Հունաստան ձգվող մեծ ճանապարհի կարևոր կապող օղակներից մեկը առաջին հերթին կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհով: Եվ բարեկամ Իրանը բարձր է գնահատում այս ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը:
«Բարեբախտաբար, Հայաստանում նույնպես կառավարությունը լրջորեն հետամուտ է լինում Հայաստանի տարածքում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմանը։ Այս ճանապարհը «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքում շատ կարևոր կապող օղակ կլինի և զգալիորեն կբարձրացնի հայկական երթուղու գրավչությունը: Թվում է, թե որքան բարեկարգ լինի ցամաքային միջանցքի երթուղին, այնքան մեծ կլինի այլ երկրների պատրաստակամությունը այս երթուղուց օգտվելու, ինչպես նաև ծովային հատվածում մեծ հնարավորություններ ստեղծելու, այդ թվում՝ Սև ծովում բեռնանավերի շահագործման ուղղությամբ», - հայտնել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից:
Դեսպանատունը տեղեկացնում է, որ 2016 թվականին Իրանի կողմից նախաձեռնության մեկնարկը տալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, ձևավորված աշխատանքային խմբի փորձագիտական բանակցությունների հինգ փուլ է տեղի ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, կրկին Թեհրանում և վերջինը՝ Երևանում: Ըստ աղբյուրի՝ բանակցությունների 5-րդ փուլին՝ 2021 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են առկա ձևաչափով Իրանի և Հայաստանի, իսկ հեռավար ձևաչափով՝ Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի պատվիրակությունները:
«Այդ հանդիպմանը բացակայում էր Ադրբեջանի Հանրապետությունը», - հավելում է Իրանի դեսպանատունը:
Դեսպանության հաղորդմամբ՝ Երևանում կայացած 5-րդ հանդիպման ընթացքում կողմերը կամք են դրսևորել համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, և կառուցողական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախագծի տեքստում մնացած որոշ կետերի առաջադրանքների վերաբերյալ։
«Անդամ երկրները փորձում են հասնել նրան, որ համաձայնագիրը անդամ երկրների վերջնական հաստատմանը արժանանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման շրջանակում», - փոխանցում է ԻԻՀ դեսպանությունը՝ ընդգծելով, որ «Պարսից ծոց – Սև ծով» տարանցիկ միջանցքը նախատեսված է անդամ երկրների միջև փոխադրումները զարգացնելու և հարաբերական առավելությունները օգտագործելու համար:
Ըստ դեսպանատան՝ այս նախագծի գործարկմամբ Եվրոպայի հետ Ասիայի առևտրային փոխանակումների տեմպերը կավելանան միջանցքի տնտեսական արդյունավետության ու անվտանգության շնորհիվ:
«Հաշվի առնելով այս միջանցքի սկզբնակետը և վերջնակետը՝ պետք է նշել, որ սա մուլտիմոդալ միջանցք է։ Պարսից ծոցի կողմից բեռներն Իրան կմտնեն ծովով: Իրանը հարավում ունի մեծ նավահանգիստներ, որոնց մի մասը գտնվում է զարգացման փուլում: Ցամաքային եղանակով ևս բեռները կարող են փոխադրվել տվյալ երթուղում գտնվող երկրների, մասնավորապես՝ Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երկաթուղային ցանցով կամ ավտոմոբիլային ճանապարհներով: Հաջորդ մասում, այսինքն՝ սևծովյան նավահանգիստներից մինչև վերջնական նպատակակետ, ևս կարող է կիրառվել ծովային փոխադրումների տարբերակը: Բացի անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված ֆիզիկական խնդիրներից՝ այս երթուղու օգտագործումը դյուրացնելու նպատակով երկրների կողմից քննարկվող և բանակցվող կարևոր հարցերից են փոխադրումների հետ կապված իրավական հարցերը, վճարների հարցը, անհրաժեշտ չափորոշիչներն ու կանոնակարգերը», - հայտնում է դեսպանատունը:
Անդրադառնալով «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքին Հնդկաստանի միանալու հավանականության հարցին՝ Իրանի դիվանագիտական ներկայացուցիչները հիշատակել են հոկտեմբեր ամսին Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում հնդիկ պաշտոնյաների հետաքրքրվածությունը այդ երթուղու նկատմամբ: Թեհրանում կարծում են, որ դեպի Սև ծով բեռնափոխադրումների դյուրացումը շահավետ կլինի դեպի Ծոց և Սև ծով ելք ունեցող բոլոր երկրների համար:
«Իրանի և Հնդկաստանի միջև լավ համագործակցություն է ձևավորվել փոխադրումների ոլորտում, իսկ հնդկական ընկերությունները մասնակցում են Չաբահար նավահանգստի զարգացման նախագծին և Իրանի արևելքում նոր երկաթուղու կառուցման գործընթացին։ Բոլոր երկրները շահագրգռված են ունենալ հարմար և բազմազան երթուղիներ։ Համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և Պարսից ծոցի երկայնքով դեպի Սև ծով փոխադրումների դյուրացումը գրավիչ կլինի ոչ միայն բանակցող երկրների, այլ նաև բոլոր այն երկրների համար, որոնք ծովային ելք ունեն դեպի Պարսից ծոց և Սև ծով, ինչպես Պարսից ծոցի մյուս երկրների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրների համար», - հայտնել է Իրանի դեսպանատունը: