կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-12 12:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է որոշել, որ Գորիս-Կապանը ադրբեջանական տարածք է, եթե չկա սահմանազատում, սահմանանշում․ Արտակ Զաքարյան

2 օր առաջ իբրև թե անակնկալ, բայց շատ սպասվող իրադարձություն տեղի ունեցավ՝ Որոտանի ուղղությամբ ադրբեջանցիները մաքսակետեր դրեցին, և դրա առաջին ծիծեռնակները ԻԻՀ ավտոմեքենաների կանգնեցումն ու գանձումն էր՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մամուլի ասուլիսում։

«Իսկ ո՞վ է որոշել, որ ինչ-որ անհայտ քարտեզներով դա ադրբեջանական տարածք է, եթե չկա սահմանազատում, սահմանանշում»,-ասաց նա։

Արտակ Զաքարյանը վստահ է, որ դա պետության նկատմամբ հանցագործություն է, որն իրականացվում է բացահայտ՝ խաբելով հասարակությանը, շեղելով հասարակության ուշադրությունը,և որի հետևանքով Սյունիքը, որն Արցախից հետո ՀՀ ռազմավարական նշանակության կարևորագույն հատվածն է հայ ժողովրդի անտնագության համար, ՀՀ գոյության երաշխիքը, Նիկոլը առանց խղճի խայթի հանձնում է։

ՊՆ նախկին փոխնախարարը համոզված է, որ Արցախյան պատերազմը կարող էր և տեղի չունենալ, այն ունեցավ մեր ապիկար, դավադիր իշխանությունների տգետ, չհաշվարկված, անպատասխանատու քաղաքականության հետևանքով և փոխեց տարածաշրջանում բոլոր տիպի հավասարակշռությունները, տարածաշրջանը վերածեց անկառավարելի քաոսի, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմը առանց որևէ խոչընդոտի իրեն համար հարմար եղանակով իրականացնում է սեփական շահերի գեներացիա։

«Եվ այդ գեներացիան հիմնականում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության հաշվին։ Փոխվել է նաև խոշոր ուժային կենտրոնների վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ․ տարածաշրջանում այս պահին տեղի են ունենում Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք աշխարհաքաղաքական խոշոր միջանցքների բախում, իսկ սա նշանակում է, որ շատ ավելի մեծ շահեր են բախվում, իսկ այս մեծ շահերի բախման կետում մեր իշխանությունները որևէ կերպ չեն կարողանում պաշտպանել մեր ժողովրդի շահերը»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Արցախում վերջին մեկ տարում Ադրբեջանը շատ ինտենսիվ իր հեռահար ծրագրերն է իրականացնում, ասաց նա, գնալով փորձում է ծածկել Արցախի հարցի հետագա կարգավորման բոլոր հնարավորությւոնները, իսկ մեր իշխանությունները չեն կարողանում գտնել այն ճիշտ կետը, որտեղից պետք է հետ դարձվի գործընթացը, և հնարավոր լինի կանգնեցնել Ադրբեջանի հակահայկական և Արցախը հայաթափելու գործընթացը։

Միակ հենման կետը, նրա համոզմամբ, ռուսական խաղաղապահ առաքելությունն է և ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի դեռևս ֆորմալ գոյությունը։

Հայաստանը, նրա խոսքով, ցավոք, չունի այն հնարավորությունը, որ ՄԽ-ին հնարավորություն տա վերադառնալ կարգավորման օրակարգերին։

«Այսօր դավադիր իշխանությունները Արցախից ձեռքերը լվանալուց հետո իրենց վերընտրվելով շարունակում են ՀՀ տարածքների հաշվին, ռազմավարական հենակետերի հաշվին իրականացնել թուրք-ադրբեջանակն պրոյեկտը»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․