կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 15:31
Տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատի երկարաձգման հարցը

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատի երկարաձգման հարցը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այս շաբաթ կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը կքննարկվի երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, խորհրդարանի լիագումար նիստում։

Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը «Անադոլու»-ին ասել է, որ Անկարան շահագրգռված է տարածաշրջանի բոլոր խնդիրների լուծմամբ։

«Անցյալ տարի խորհրդարանում Ադրբեջանի մասին օրինագիծը պաշտպանել են բոլոր կուսակցությունները, բացառությամբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP): Հուսով եմ, որ այս տարի փաստաթուղթը կունենա բոլոր կողմերի աջակցությունը, և մենք կկարողանանք ընդգծել, որ Թուրքիան, նրա բանակը, անվտանգության ուժերը և պետությունը մեր ադրբեջանցի եղբայրների կողքին են»,- ասել է նա։

Թուրանն ընդգծել է, որ խորհրդարանի բոլոր կուսակցությունների աջակցությունը Ադրբեջանի վերաբերյալ օրինագծին շատ կարևոր է՝ որպես եղբայրական և բարեկամ երկրի հետ միասնության ուղերձ։

«Նման հարցերում միասնականություն է պետք։ Իհարկե, քաղաքական վեճեր կարող են լինել, բայց որոշ հարցեր պետք է մնան այս վեճից դուրս։ Այդպիսի հարցերից է Ադրբեջանի մասին օրինագիծը։ Մենք կցանկանայինք, որ փաստաթղթին առանց բացառության աջակցեն բոլոր կողմերը»,- ասել է նա։

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու առաջարկը հավանության է արժանացել 2020 թվականի նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում։

Խորհրդարանը թույլ է տվել մեկ տարի ժամկետով ռազմական անձնակազմ ուղարկել Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին համաձայնագրի դրույթներից բխող պարտավորությունները կատարելու համար՝ «հրադադար հաստատելու, խախտումները կանխելու, տարածաշրջանում խաղաղություն ապահովելու» և հրադադարի ռեժիմը վերահսկող Միասնական կենտրոնի առաքելությունը իրականացնելու նպատակով։