Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-02-02 14:45
Տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Բաքվի հետ կնքված «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Բաքվի հետ կնքված «Շուշիի հռչակագիրը»

Օրինագիծը, որը նախատեսում է Անկարայի և Բաքվի համատեղ գործելու հնարավորություն ռազմական և պաշտպանական ոլորտներում համագործակցության շրջանակներում, երեքշաբթի ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը. այն ստորագրվել է  Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի կողմից. հայտնում է թուրքական «Անադոլուն»:

Երեքշաբթի Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է այս հռչակագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է անցյալ տարվա հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Արցախից օկուպացված Շուշի քաղաքում։

Ադրբեջանը և Թուրքիան, համաձայն հռչակագրի, պայմանավորվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների և սպառնալիքների դեպքում։

Հռչակագրի համաձայն՝ եթե նման ռիսկեր առաջանան, Բաքուն և Անկարան համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն, հանդես կգան այդ ռիսկերն ու սպառնալիքները վերացնելու նախաձեռնություններով և փոխադարձ օգնություն կցուցաբերեն։ Միաժամանակ, անհապաղ քննարկումների ու համատեղ գործողությունների միջոցով կորոշվի օգնության ծավալն ու ձևը, երկու երկրների զինված ուժերը կիրականացնեն անհրաժեշտ համակարգումը։

Բացի դրանից՝ հռչակագրում կա կետ, ըստ որի՝ Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ։

Հռչակագրի մեկ այլ հակահայկական կետով նշվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան «աջակցում են առանձին երկրների արխիվների բացմանը և պատմաբանների կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների հետաքննությանը»:

Նյութը` Yerkir.am