կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 18:09
Հասարակություն

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:

ՔԿ-ից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ. սեպտեմբերի 9-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, կազմակերպության մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարման գործընթաց. հատկապես որոշ ուսանողների կողմից ուսումնական և քննական  պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշումներ չկատարելով, ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝  իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար: Ավելին, քննական շրջանը բարեհաջող ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով, ավարտին հասցնելով իր հանցավոր մտադրությունը՝ այդ ուսանողներին ուսման բնականոն ժամկետում տրամադրել է դիպլոմներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է: