կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-30 16:51
Իրավական

Մեղադրանք է առաջադրվել Նոր կյանքի դպրոցի նախկին տնօրենին

Մեղադրանք է առաջադրվել Նոր կյանքի դպրոցի նախկին տնօրենին

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արարատի մարզի դպրոցի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու, կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արարատի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանի կողմից կատարված մի շարք չարաշահումներ, բավարար ապացույցներ ձեռք բերվել դպրոցում ուսուցիչ նշանակելու համար կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու վերաբերյալ։

Պարզվել է նաև, որ Ա.Ստեփանյանը ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնի հավակնորդ դառնալու համար օգտագործել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր. ՀՀ կրթության և գիտության նախարարություն է ներկայացրել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկանք և աշխատանքային գրքույկ։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում հստակեցվել է նաև չարաշահումների կատարման, կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու մեջ ներգրավված անձանց շրջանակը և ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց գործողություններին տրվել համապատասխան քրեաիրավական գնահատական։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նոր կյանք գյուղի դպրոցի նախկին տնօրեն Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Արարատի մարզպետարանի աշխատակցուհի Օ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, իսկ Տ.Ասատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Երեք մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։