կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-15 17:39
Իրավական

Քաղաքացիներից գումարներ են հափշտակել. «Ալյանս Եվրասիա» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Քաղաքացիներից գումարներ են հափշտակել. «Ալյանս Եվրասիա» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վստահությունը չարաշահելով, խարդախությամբ քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին:

2017թ հոկտեմբերից 2018թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել «Ալյանս Եվրասիա» ՍՊ ընկերության կողմից հափշտակություններ կատարելու վերաբերյալ:

Ըստ հաղորդումների՝ «Ալյանս Եվրասիա» ՍՊ ընկերության հետ կնքել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, սակայն ընկերությունը չի կատարել պայմանագրերից բխող պարտականությունները և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրանց գումարները: Հափշտակված գումարի չափերը տարբեր են՝ 200 հազարից մինչև 669.200 ՀՀ դրամ: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր խարդախության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Քննիչը որոշում է կայացրել քրեական գործերը միացնել մեկ վարույթում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մասին, ով հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրենը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Խնդրում ենք այն անձանց, ովքեր հնարավոր է՝ նույնպես տուժել են ՍՊԸ-ի գործողություններից, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: