Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքների համար փակելուց հետո Հայաստանն է բացել իր օդային տարածքը Ադրբեջանի ուղևորափոխադրող ինքնաթիռների համար։ Ադրբեջանի պետական ավիաընկերությունը՝ «Ազալը», այս մասին պաշտոնապես հայտարարել է և նշել, որ դա թե՛ ժամանակի, թե՛ վառելիքի ծախսի առումով ավելի ձեռնտու է։
Օդային տարածք փակելը հավասար է պատերազմ հայտարարելուն, ՀՀ-ն երբևիցե չի փակել Ադրբեջանից դեպի Նախիջևան օդային միջանցքը իր տարածքով, այլ հարց է, որ ադրբեջանցիները վախենում էին, թե ինչ էին անում՝ իրենց հոժար կամքով չէին օգտվում Հայաստանի օդային տարածքից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
«Հայաստանի Հանրապետությունը իր օդային տարածքով միջանցք տրամադրելու դիմաց կարող էր պահանջել, որ Ադրբեջանը ՀՀ օրենքները պահի, այսինքն, որոշակի բաներ իր օդային տարածքով չտեղափոխի։ Կարող էր անել այն, ինչ ժամանակին արեց Թուրքիան հայկական ավիաուղիների նկատմամբ․ Էրզրումում նսեցնում էին հայկական ինքնաթիռները ստուգման, որ համոզվեն, որ զենք-զինամթերք չի տեղափոխում կամ արգելված ապրանքներ չի տեղափոխում»,-ասաց նա։
Նման բան Հայաստանը իրավունք ունի անելու, բայց արգելել իր օդային տարածքով թռչել Հայաստանը իրավունք չունի, նշեց Ադրբեկյանը, ինչպես նաև Ադրբեջանը իրավունք չունի արգելել Հայստանին։ Ուրիշ հարց, որ, ելնելով այս 30 տարվա իրավիճակից, ո՛չ Հայաստանն էր օգտվում Ադրբեջանի օդային տարածքից, ո՛չ Ադրբեջանը՝ հայկականից։
«Բայց հիմա, քան որ Իրանը փակել է իր օդային տարածքը, Ադրբեջանը օգտվել է իր այլընտրանքային ճանապարհից։ Հայկական կողմը կարող էր լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի ինքնաթիռների համար, բայց, հասկանալի պատճառներով, դա չարեց և պատճառն այն է, որ հայկական իշխանությունները շան պես վախենում են Ադրբեջանից»,-ասաց ադրբեջանագետը։
Նա վստահ չէ, որ Հայաստանը թույլ կտա, որ Ադրբեջանի ռազմական օդանավերը թռչեն Հայաստանի վրայով, որովհետև դա արդեն կնշանակի, որ Հայաստանը մտնում է հակաիրանական ռազմական կոալիցիայի մեջ և ռազմական ագրեսիայի հանցակից է դառնում։
«Ինձ չի թվում, որ Հայաստանը բացահայտ կգնա այդ քայլին, ուրիշ հարց, որ քաղաքացիական թռիչքի տակ քողարկվեն ռազմական բեռների և ուժերի տեղափոխումը։ Այստեղ երկու հանգամանք կա․ նախ՝ այս ամենը հաշվի առնող չկա, որովհետև Հայաստանի իշխանությունները այդքան ուղեղ չունեն, որ անգամ իրենց նախաճաշը հաշվի առնեն, ուր մնաց ինչ-որ լուրջ ռազմական և ստրատեգիական հեռանկարներ հաշվեն, երկրորդը՝ եթե քաղաքացիական ռեյս է թռչում, Հայաստանում չեն կարող տեսնել, թե այդ ինքնաթիռում հասարակ քաղաքացինե՞ր են, թե՞ մինչև ատամները զինված ադրբեջանցիներ և բեռների մեջ հագո՞ւստ է, թե՞ ռազմական բեռ, մենք ընդամենը տրամադրում ենք օդային միջանցք»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։
Հակառակ Ալիևի հայհոյանքներին՝ մեր օդային տարածքը տրամադրում ենք, որովհետև, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ծնկաչոք է Ալիևի առաջ, Ալիևը ինչ ասի՝ Փաշինյանը անելու է։
Աննա Բալյան