Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր մենթալիտետի մեջ մի հատկություն կա' ցանկացած կառավարության դեպքում միշտ մի մեծ մասսա կա, որը միշտ մտածում է, թե ինչ քայլեր անի, որ ձախողվի գործող կառավարությունը, որպեսզի հաջորդ կառավարությունում լինեն իրենք. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը' անդրադառնալով նորանշանակ վարչապետի ու կառավարության հարցին: «Դա էլ հոգեբանության խնդիր է, քաղաքական ուժերին նկատի ունեմ` հիմնականում, որին նաեւ հետեւում է հասարակության մի մասը, ընդ որում` դա նաեւ յուրայիններին է վերաբերում»,- ասաց նա եւ հավելեց, որ առաջնային խնդիրը, որ պետք է լուծի նոր կառավարությունը, ժողովրդի շրջանում կառավարության հանդեպ վստահությունը բարձրացնելն է:
«Կա այս խնդիրը, որ ինչ կառավարություն էլ ուզում է լինի, այդ մասսան միշտ կա, որ անընդհատ խոչընդոտ պիտի հանդիսանա, որպեսզի կարողանա ձախողել կառավարության գործունեությունը' ինչ-որ բան ապացուցելու համար: Իհարկե, այդպես խարխլում ենք մեր պետության հիմքերը, հետագա զարգացման հիմքերը եւ այլն»,- նշեց պատգամավորը:
Նախորդ կառավարության գործունեության վերաբերյալ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այն ուներ ինչպես հաջողված, այնպես էլ ձախողված ծրագրեր, եւ չի կարելի միանշանակ նախկին կառավարության բոլոր ծրագրերին բացասաբար վերաբերվել: Իսկ միանշանակ բոլորին վատ վերաբերվելու երեւույթն էլ, ըստ նրա, կապված էր ոչ թե ծրագրերի, այլ անձի կամ անձերի հետ` անձնավորված էր: Այս Եվ նկատի ունենալով նորանշանակ վարչապետի բազմամյա փորձն ինչպես գործադիրում, այնպես էլ քաղաքական գործունեության առումով` այս խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել:
Պատասխանելով մեր հարցին' ո՞ր ծրագրերում կամ ո՞ր գործունեության մեջ է պատգամավորը տեսնում նախկին կառավարության ձախողումը, Վահրամ Բաղդասարյանը մատնանշեց մի քանի երեւույթ, իսկ առաջին հերթին, որ հարկային քաղաքականության մեջ ռեֆորմային քայլեր չեղան:
«Լճացած է մեր հարկային քաղաքականությունը: 90-ական թվականներին ինչ որդեգրել ենք այդ քաղաքականությունը, մնում ենք դրան, չկան համարձակ քայլեր, օրինակ' հարկատեսակների կրճատում, ուշադրությունն, օրինակ, սեւեռենք շրջանառության հարկի վրա եւ հարկումները կատարենք շրջանառությունից եւ այլն: Հարկային քաղաքականության մեջ մենք ռեֆորմատիկ որեւէ փոփոխություն չարեցինք եւ անընդհատ անում ենք կոսմետիկ փոփոխություններ, որը շատ վտանգավոր է տնտեսության համար' տնտեսությունը զգայուն է, եւ այդ փաթեթները, որ բերում են, ու հապշտապ ձեւով մենք ընդունում ենք, դա հիվանդություն է»,- շեշտեց Բաղդասարյանը' պարզաբանելով, որ նման դեպքում նոր օրենքները փոփոխվում են ավելի շուտ, քան տնտեսությունը, հասարակությունը հասցնում է ծանոթանալ դրանց հետ:
Պատգամավորը նշում է մանր ու միջին բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել չկարողանալը: Արդյունքում' այս ընթացքում բավական լուրջ քանակությամբ' 3-5 հազար մանր բիզնեսներ փակվեցին, ինչը պատգամավորը ամենակարեւոր, օրախնդիր հարցերից մեկն է համարում, նաեւ` արտագաղթի հիմնական պատճառներից մեկը:
ՀՀԿ-ական պատգամավորը մեկ այլ խնդիր է համարում իրավական դաշտի, մարդկանց' իրենց իրավունքների պաշտպանության խնդիրը: «Եթե հարցումներ կատարենք, մարդիկ ավելի շատ ոչ թե իրենց սոցիալական վիճակից են բողոքում, այլ իրենց իրավունքների չպաշտպանվածությունից' արդարադատությունից: Մենք լուրջ խնդիր ունենք արդարադատության համակարգում: Խոչընդոտ է, որ եթե մարդն ունի մի հասարակ քաղաքացիական բողոք ու պետք է մտնի դատարան ու իր իրավունքները պաշտպանի, այնքան է դա ձգձգվում, տարբեր ատյաններում այնքան քաշքշուկներ են տեղի ունենում, որ մարդն արդեն հոգնում է ու տեսնում, որ իր իրավունքները չի կարողանում պաշտպանել: Իսկ, բնականաբար, որոշ մարդիկ հեշտությամբ կարողանում են իրացնել իրենց իրավունքները, նույնիսկ ավելին' այստեղ էլ արդեն հավասարության սկզբունքն է խախտվում: Մենք այդտեղ խնդիր ունենք, որ չկարողացանք շտկել»,- ասաց մեր զրուցակիցը:
Դրական ձեռքբերումների առումով Բաղդասարյանը նշեց, որ մի քանի հեռանկարային ծրագրերի հիմքեր դրվեցին' աշխատավարձերի հետեւողական աճ, կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարը' անհրաժեշտ շտկումներով եւ այլն:
Վահրամ Բաղդասարյանը կողմնակից է, որ ցանկացած համակարգի ղեկավար ինքնուրույն ձեւավորի իր թիմը, որն ամբողջական պատասխանատվություն կկրի իրականացվող ծրագրերի թե' հաջողության, թե' ձախողումների համար, որովհետեւ համոզված է, որ երբ թիմի ղեկավարն ինքը չի ձեւավորում իր թիմը, հետագայում' խոչընդոտներ առաջանալու դեպքում, նա ունենում է պատճառաբանություններ, թե իր ընտրած թիմը չէր ինչ-որ ծրագիր ձախողողը:
Մեր հարցին' եթե նորանշանակ Հովիկ Աբրահամյանը կտրուկ' ռեֆորմային առաջարկություններով հանդես գա, անհրաժեշտ աջակցություն կստանա՞ քաղաքական թիմի կողմից, պատգամավորը միանշանակ պատասխանեց' այո:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարության առանցքային մտքին' նոր կառավարության գերխնդիրը ժողովրդի բարեկեցության բարձրացումն է, Բաղդասարյանը նշեց, որ դա ընդհանուր դրույթ է, եւ երբ ամեն ինչ կլինի դետալավորված' ըստ ոլորտների, նոր մանրամասները կքննարկվեն:
Մեր դիտարկմանը, թե ժողովրդի բարեկեցությունը ենթադրում է հարված որոշակի շրջանակների շահերին, որոնք թույլ չեն, Հովիկ Աբրահամյանը նրանց շահերին կհարվածի՞ կամ այդ դեպքում քաղաքական մեծամասնության կողմից անհրաժեշտ աջակցություն կգտնի՞, Վահրամ Բաղդասարյանը հստակ պատասխանեց. «Պետք է գնա դրան: Ինձ թվում է' առանց այդ քայլերին գնալու` չի լինի, քանի որ երբ պահանջվում է պաշտպանել մեծամասնության շահերը, պետք է փոքրամասնությանն ինչ-որ կերպ նեղություն տալ: Առանց դրան գնալու` հնարավոր չի լինի խնդիրները կարգավորել»:
Կառավարության դերն էլ, պայմանավորված Հովիկ Աբրահամյանի անձով, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, կմեծանա' հաշվի առնելով նրա բնավորությունն ու երկար տարիների քաղաքական ու գործադիր իշխանությունում ունեցած աշխատանքնային փորձը:
«Ես միշտ դեմ եմ եղել, երբ կառավարությունն անմիջական ու շատ սուր ազդեցություն է ունեցել խորհրդարանի վրա, եւ ԱԺ-ն, կարծես, դարձել է կառավարության գործիքը: Սա իմ կողմից ընդունելի չէ: Բայց որ ներկա վարչապետի առաջարկություններին ԱԺ-ն լուրջ կվերաբերվի, նաեւ դրան չեմ կասկածում' առայժմ անձով պայմանավորված: Չեմ ընդունում նաեւ այն, որ ինչ վարչապետը ներկայացնի ԱԺ, այն էլ ԱԺ-ն պետք իմպերատիվ ձեւով ընդունի»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը: