կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 09:23
Քաղաքական

Արցախն ապրում է

44-օրյա պատերազմի տարելիցին Արցախում, Հայաստանում և Սփյուռքում իրականացվեցին հիշատակի և բողոքի մի շարք միջոցառումներ:

Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների՝ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ, որին մասնակցել են հազարավոր արցախցիներ:

Երթին են միացել «Հայաստան», «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։ Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։ Նրանք էլ միացել են երթին:

Սեպտեմբերի 26-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից Սուրբ խաչի և պետականությունը խորհրդանշող դրոշների առաջնորդությամբ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների։

Երթին մասնակցում էր ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, խմբակցության պատգամավորները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: Երթին միացել էին բազմահազար քաղաքացիներ։

Սեպտեմբերի 27-ին ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի Հովանու Մայր տաճարում կատարվել է հոգեհանգստյան արարողություն, ժամը 11-ին Հայաստանում և Արցախում հայտարարվել էր լռության րոպե, որից հետո կայացել է քայլերթ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Հիշատակի միջոցառումներ և բողոքի ցույցեր են անցկացվել նաև Սփյուռքի մի շարք գաղթօջախներում՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների կողմից:

Սեպտեմբերի 26-ին Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

ՀՅԴ Լիբանանի երիտասարդական և Զավարյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 26-ին Անթիլիասի մայրավանքի մոտ տեղի է ունեցել Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին նվիրված «Միշտ ձեր կողքին» խորագիրը կրող առցանց ձեռնարկ:

Սեպտեմբերի 27-ին Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի խաղաղ ցույց` լիբանանահայ երիտասարդների եւ ուսանողների նախաձեռնությամբ:

Ցույցի ընթացքում դատապարտող կարգախոսներ են ուղղվել Ադրբեջանի և իր հովանավոր Թուրքիայի գործած պատերազմական ոճիրների և մարդկային իրավունքների ոտնահարման դեմ:

Սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց և պահանջել հայ գերիներին անհապաղ ազատ արձակել, պատժել Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։ 

Սեպտեմբերի 27-ին ՀՅԴ Հու­նաս­տա­նի ե­րի­տա­սար­դա­կան միու­թյան կազ­մա­կեր­պու­թյամբ Ա­թեն­քում եւ ­Թե­սա­ղո­նի­կեում հու­նա­հա­յու­թյու­նը իր բո­ղո­քի ար­դար ձայ­նն է բարձ­րա­ցրել ընդ­դեմ թուր­ք-ադր­բեջա­նա­կան հար­ձա­կո­ղա­կա­նու­թյան, ի­րա­գոր­ծե­լ բո­ղո­քի ցույց Ա­թեն­քում՝ Ադրբեջանի դես­պա­նա­տան դիմաց և հար­գան­քի հա­վաք ­Թե­սա­ղո­նի­կեում՝ «Ս. Աս­տվա­ծա­ծին» ե­կե­ղեց­ու դիմաց։

Սեպտեմբերի 27-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել «ժողովրդավարության» հրապարակում՝ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակողական գործողությունների, հայկական մշակութային կոթողների ոչնչացման, ինչպես նաև՝ պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Ավստրալահայ մի խումբ դաշնակցական երիտասարդներ տարբեր շրջաններով քայլել են հայ ռազմագերիների նկարներով և դրանք փակցրել հանրային վայրերում, ինչպես նաև տեղադրել QR-կոդով ինֆորմացիոն պաստառներ:

Աշխարհի 12 երկրներից ՀՅԴ երիտասարդական և ուսանողական շուրջ 16 միություններ իրենց աջակցությունն են հայտնել Արցախին:

Վահագն Խաչատրյան