|
Փոխարժեքներ
16 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը գրում է.
«ՀՀ իշխանության կոմպլեքս թիվը․
Մաթեմատիկայում կոմպլեքս թիվը գրվում է z = a + bi տեսքով, որտեղ a-ն իրական մասն է, bi-ն՝ կեղծ մասը, իսկ i-ն՝ կեղծ միավորը, որի քառակուսին հավասար է -1-ի (i² = -1)։
Մաթեմատիկական այս մեծությունը գոյություն ունի միայն թղթի վրա, քանի որ, այն անհնար է` պատկերավոր ասած, դնել կշեռքին:
Փորձեմը պրոյեկտել մերօրյա իրականության վրա:
a-ն այն չափելի, վիճակագրական և անհերքելի իրականությունն է, որը գոյություն ունի անկախ իշխանությունների գեղեցիկ հայտարարություններից։ Դրանք խանութների գներն են, գնաճը, աղքատության ցուցանիշները, արդարադատությունը, և անվտանգային համակարգի խնդիրները։ Այս ամենը կարելի է ստուգել առանց վարչապետի ուղիղ եթերներին հետևելու։
bi-ն իշխանական պրոպագանդայի և առօրյա հայտարարությունների ծավալն է, որտեղ տեղ են գտնում բացարձակ կեղծ ու անհիմն պնդումները։ Հիշենք մի քանի վառ օրինակ՝ «Հայաստանը ժողբաստիոն է », «տնտեսական հեղափոխություն», կամ այն հավաստիացումները, թե սահմանային անվտանգությունն ու խաղաղության դարաշրջանն արդեն իրականություն են։ Այս ամենը զուտ կեղծ հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն հասարակությանն մոլորեցնելու և տպավորություն ստեղծելու համար։
Մենք չափազանց շատ ժամանակ ենք ծախսում bi-ների վրա, ասել է թե, կեղծ մասի վրա:
Ո՞վ ավելի լավ խոսեց։
Ո՞վ ավելի համոզիչ ձևակերպեց։
Ո՞վ ավելի լավ բացատրեց։
Ո՞վ ավելի արդյունավետ մեղադրեց մյուսին։
Մինչդեռ պետության համար կարևոր թիվը a-ն է, նույն ինքը` թվի իրական մասը:
Որովհետև պետությունը չի ապրում ելույթներով։
Պետությունը ապրում է արդյունքով։ Քաղաքացին նույնպես։
Եվ եթե իշխանության քաղաքական կոմպլեքս թիվը արտահայտվում է z = a + bi բանաձևով,
ապա հասարակության պահանջը շատ ավելի պարզ պետք է լինի։
Մի կողմ դրեք bi-ն, և ցույց տվեք a-ն:
Որքանո՞վ է անվտանգ երկիրը։
Որքանո՞վ է ուժեղ բանակը։
Որքանո՞վ է արդյունավետ պետությունը։
Որքանո՞վ է բարեկեցիկ քաղաքացին։
Որքանո՞վ է անկախ դատարանը։
Որքանո՞վ է զարգացած տնտեսությունը։
Որքանո՞վ է վստահելի պետական համակարգը։
Որքան էլ մեծ լինի կոմպլեքս թվի կեղծ մասը, bi-ն հաց չի դառնում, բանակ չի դառնում, անվտանգություն չի դառնում և պետություն չի դառնում»։