կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-01 12:06
Քաղաքական

Սողոմոն Թեհլիրյանը և Հատուկ Գործը

Սողոմոն Թեհլիրյանը և Հատուկ Գործը

Սողոմոն Թեհլիրյանը (1896 թ. ապրիլի 2-1960 թ. մայիսի 23) իրավամբ Հատուկ գործի («Նեմեսիս» գործողության) ամենահայտնի դեմքն է: Դա պայմանավորված է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախը Հայոց ցեղասպանությունը իրագործած ամենահայտնի ոճրագործն էր՝ Թալեաթը, այլև նրա դատավարության` հասարակական լայն հնչեղություն ունենալու փաստով: Հաճախ «Նեմեսիս» գործողությունը հանրության շրջանում անձնավորվում է հենց նրա կերպարով: Ի դեպ, եթե Սփյուռքում դեռ 1920-ական թվականներից Սողոմոն Թեհլիրյանին ճանաչում էին որպես հերոս, ապա Խորհրդային Հայաստանում հասարակության լայն շերտերի համար նրա անունը մինչև 1990-ական թվականների սկիզբը գործնականում անհայտ էր։ Միայն նորանկախ Հայաստանում հնարավոր դարձավ լայնորեն վեր հանել «Նեմեսիսի» հանիրավի մոռացված հերոսների անունները: Հենց այս շրջանում տպագրվեց Ս. Թեհլիրյանի դատավարության սղագրությունը: Ի դեպ, այդ հրատարակության մեջ Ս. Թեհլիրյանի ազգանունը սխալ ձևով է գրված՝ Թեհլերյան: Թեհլիրյանի ազգանվան գրության ոչ ճիշտ ձևն այսօր էլ շատ տարածված է, հատկապես՝ հանրագիտարաններում, համացանցում, անգամ դասագրքերում: Մինչդեռ դատավարության ռուսերեն թարգմանության մեջ այն ճիշտ է տառադարձված` Тейлирян: Սողոմոնի ազգանվան սխալ գրությունը հանդիպում ենք ինչպես արևելահայերեն, այնպես էլ արևմտահայերեն գրելաձևերում: Օրինակ` Ս. Թեհլիրյանի դատավարությունից մի քանի օր անց «Առաւօտ» թերթը, ազդարարելով գերմանական դատարանի վճիռը, հոդվածում Սողոմոնի ազգանունը գրում է «Թայլէրեան»:

Հարկ է նշել, որ հատկապես ոչ մասնագիտական շրջանակներում, հաճախ շրջանառության մեջ են դրվում Ս. Թեհլիրյանի կենսագրության այնպիսի դրվագներ, որոնք վերցված են նրա դատավարության սղագրական զեկույցից, սակայն չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ` այն, որ նա իբր ականատես է եղել իր ընտանիքի անդամների սպանությանը, տեղահանվել է հայրենի քաղաքից, բողոքական ընտանիքից է սերում և այլն:

Թեհլիրյանի կենսագրության վաղ շրջանի՝ 1914-1921 թթ. իրադարձությունների ուսումնասիրության լավագույն աղբյուրը Վահան Մինախորյանի գրի առած Ս. Թեհլիրյանի հուշագրությունն է: Ուշագրավ է այն փաստը, որ Վ. Մինախորյանը մահացել է Բելգրադում 1946 թվականին, իսկ Թեհլիրյանի` նրա կազմած հուշագրությունը հրատարակվել է 1953 թ. Կահիրեում: Այսինքն` հուշերը գրի են առնվել հրատարակությունից առնվազն 7-8 տարի առաջ: Թեև հուշագրությունը հրատարակվել է Թալեաթի մահապատժից 32 տարի անց, այնուամենայնիվ, Թեհլիրյանը չի գաղտնազերծում գործողության որոշ մասնակիցների անունները (երբեմն ստեղծելով կեղծանուններ կամ անվան և ազգանվան տառերից կազմված նոր անուններ, օրինակ՝ Հրափ (Հրաչ Փափազյան ‒ Գ. Խ.), Հազոր (Հակոբ Զորյան ‒ Գ. Խ.), Վազա (Վահան Զաքարյան ‒ Գ. Խ.):

Թեհլիրյանի կենսագրության կարևոր դրվագը՝ Բեռլինի բանտում անցկացրած օրերը և մտորումները, ներկայացված են նրա գրառումներում, որոնք կինը՝ Անահիտ Թաթիկյանը, ամուսնու մահից տարիներ անց՝ 1970-ական թվականներին, բերել է Խորհրդային Հայաստան և պահ տվել Ազգային արխիվին:

Նախքան Հատուկ գործի մեջ ներգրավվելը Ս. Թեհլիրյանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի և այլոց զինակից ընկերը: Ընդ որում, մարտական բազմաթիվ գործողություններին մասնակցելուց բացի (որոնցում նույնիսկ վիրավորվում է), Ս. Թեհլիրյանը 1916-1917 թթ. զբաղվել է նաև որբահավաք գործունեությամբ, ինչը տակավին նրա կենսագրության չլուսաբանված և պատշաճ ուշադրության չարժանացած դրվագներից է: 1916 թ. ամռանը նրա ավագ մարտական ընկերը՝ Սեբաստացի Մուրադը, հռչակել էր «մեկ հայ-մեկ ոսկի» կարգախոսը, որը կարճ ժամանակահատվածում վերաճեց համահայկական փրկության ծրագրի:

Դրանից ոգեշնչվելով՝ Ս. Թեհլիրյանն իրականացնում է ազգանվեր կարևոր առաքելություն. Երզնկայում 1916 թ. հայտնաբերում է անմարդաբնակ վայրերում՝ քարանձավներում, անտառներում, լքված ու ավերակ տներում թաքնված անապաստան ու ծնողազուրկ երեխաների և նրանց հանձնում հայկական որբանոցների խնամքին: Նա Երզնկայում հայ կամավորականներից կազմված որոնողական խմբի անդամ էր և ստացել էր «որբեր հավաքողի պաշտոն»: Իր հուշերում, անդրադառնալով որբահավաք աշխատանքներին, Ս. Թեհլիրյանը գրում է.

«Ապրիլին ռուսները գրաւեցին Տրապիզոնը, իսկ յուլիսի կէսերին՝ Երզնկան: Էրզրումի դաշտում ամէն տեղ յայտնւում էին ոսկրացած, վայրենական վիճակի մատնուած մանուկներ, որոնց մեծ մասը իր գոյութիւնն էր պահպանել աւերուած հայ գիւղերի փլատակներում: Ձեռք ընկնողները դողում էին աշնան տերեւի պէս. մեծ ջանք էր պէտք հասկացնելու, որ իրենց այլեւս վտանգ չի սպառնում: Մոռացել էին լեզու, հայութիւն, մարդկութիւն: Խնուսում դրանցից խմբուած էին շուրջ երկու հարիւր հոգի: Ամէն տեղ առաջնակարգ արժէք էր ստացել որբերի գործը. ամէն որբուկ մի նոր աղիւս էր ազգը վերակառուցելու համար»:

Թալեաթին որպես հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ թիրախավորելու և ոչնչացնելու մտահղացումը Ս. Թեհլիրյանի մտքում ծագել է 1916 թ., երբ երիտասարդ կամավորականը, իր զինակից ընկերների հետ մտնելով հայրենի Երզնկա քաղաքը, տեսնում է հայրական տունը դատարկված, թալանված և ավերակ դարձած: Հոգեկան ծանր ապրումներից նա կորցնում է գիտակցությունը և ունենում սպանված մոր տեսիլքը16: Թեհլիրյանը հիշում է. «….Ու իմ առջեւ դարձեալ պատկերում է Թալէաթի փքուն, ինքնագոհ դէմքը, որ մթութեան մէջ կարծես վեր է հանում բրդոտ թաթը…. Ա՛խ, կտրել այդ ձեռքը ու թողնել, որ արիւնաքամ լինի հրէշը, որ կարող լինի զգալ ու հասկանալ իր կատարած ոճիրի ահաւոր չափերը… Հաւատա՞լ արդեօք, որ մի օր կլինի արդար դատաստան….»: Թալեաթին նա, ինչպես նաև իր ժամանակակիցներից շատերը համարում էին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ և կոտորածների պատասխանատու: Ի դեպ, մոր տեսիլքը հետագայում դատավարության ժամանակ օգտագործվեց դատապաշտպանների կողմից՝ նրա պաշտպանությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Ս. Թեհլիրյանը 1918 թ. վերջին` պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ իր կորցրած հարազատներին գտնելու հույսով թերթերում հայտարարություն տալու համար ժամանել էր Կոստանդնուպոլիս, փորձեց գործնական քայլեր անել Թալեաթի սպանությունն իրագործելու ուղղությամբ: Աջակցություն ստանալու նպատակով նա անգամ դիմեց աքսորից Կ. Պոլիս նոր վերադարձած Զավեն պատրիարքին՝ ստանալով վերջինիս մերժումը: Կ. Պոլսում հենց այս ընթացքում՝ 1919 թ. սկզբին, նա պատահական տեղեկանում է հայ մատնիչ-դավաճան Հարություն Մկրտչյանի հայադավ գործունեության մասին «Ճակատամարտ» թերթի աշխատակից Երանուհի Դանիելյանի միջոցով, ով հետագայում առանցքային դերակատարություն է ունենում Թեհլիրյանին Հատուկ գործում ներգրավելու հարցում: Անդրադառնալով մատնիչի սպանությանը՝ Թեհլիրյանը գրում է, որ նրան մահապատժի ենթարկելը իր սեփական նախաձեռնությունն է եղել. «Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրէշն էր՝ մատնիչ Յարությունը. անհրաժեշտ չէ՞ր վրէժխնդրութեան առաքելութիւնս, որ վաղուց դարձել էր գոյութեանս նպատակ, նրանից սկսել….»: Որոշ ժամանակ հետապնդելով իր զոհին, ճշտելով նրա ինքնությունը՝ երիտասարդ վրիժառուն ի վերջո իրագործում է սպանությունը: Թեև Թեհլիրյանը կոնկրետ չի նշում սպանության օրը, սակայն, դատելով նրա կողմից իրադարձությունների շարադրման ընթացքից, կարող ենք եզրակացնել, որ դեպքը տեղի է ունեցել 1919 թ. մարտի վերջին: Այսինքն՝ հայ դավաճանի սպանությունը չի կարող համարվել Հատուկ գործի մաս, քանի որ այն ժամանակագրորեն ավելի վաղ է կատարվել, քան գործի է դրվել «Նեմեսիս» գործողությունը: Բացի այդ, հենց Թեհլիրյանի վկայությամբ, այն իր սեփական նախաձեռնությունն է եղել և ոչ թե ուղղորդվել որևէ մեկի կողմից: Սակայն մատնիչի սպանությունը նպաստեց նրան, որ Ս. Թեհլիրյանն ընդգրկվեց Հատուկ գործի մեջ: Հ. Մկրտչյանի սպանությունից հետո Թեհլիրյանը 1919 թ. նոյեմբերին մեկնում է Փարիզ, որտեղ մնալով շուրջ մեկ տարի՝ 1920 թ. հոկտեմբերին ուղևորվում է Բոստոն՝ ստանձնելու հատուկ առաքելությունը՝ Հատուկ գործի առանցքային գործողության՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի նկատմամբ մահապատժի իրագործումը:

ՀՅԴ-ի կողմից ստեղծված Հատուկ մարմինն արդեն 1920 թ. կեսերից անցել էր գործուն քայլերի, այն է՝ հետախուզական խմբերի միջոցով հայտնաբերել դատավարությունից խուսափած երիտթուրք հանցագործներին, որոնք կեղծ անձնագրերով, փոփոխված արտաքինով ծպտյալ բնակություն էին հաստատել հիմնականում եվրոպական երկրներում, և ընտրել նրանց մահապատիժն իրականացնելու համար համապատասխան թեկնածուների: Ինչպես արդեն վերը նշվեց, մատնիչ Հ. Մկրտչյանի սպանությունը նպաստեց, որ Թեհլիրյանն ընդգրկվի Հատուկ գործի կարևոր առաքելության մեջ: Այս կապակցությամբ նա գրում է.

«Մատնիչի մահը Պոլսոյ հայութեան մէջ առաջ բերեց ընդհանուր ցնծութիւն: Կուսակցութեան շրջաններում հարց բարձրացաւ հետամուտ լինելու մեծ մարդասպաններին, յարաբերութեան մէջ մտնելու այդ առթիւ Ռուսաստանի, Անդրկովկասի, Բերլինի, Ժընեւի կուսակցական մարմինների հետ»: «Նեմեսիս» գործողության մեջ Թեհլիրյանին ներգրավելու հարցում իրենց նպաստն ունեցան նրա վաղեմի ծանոթներ Երանուհի Դանիելյանի և Համոյի (Համազասպ Բարաղամյան) միջնորդությունները, ովքեր Հատուկ գործի մեջ ներգրավված անձինք էին:

1920 թ. հոկտեմբերին ստանալով Համոյի նամակը՝ Թեհլիրյանն ուղևորվում է ԱՄՆ և Բոստոնում հանդիպում Արմեն Գարոյի հետ, որից ստանում է համապատասխան հրահանգներ, Թալեաթի և Բեռլինում գտնվող նրա թուրքական շրջապատի անձանց լուսանկարները: 1920 թ. դեկտեմբերի 3-ին Թեհլիրյանը ժամանում է Բեռլին՝ իբրև ուսանող:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

 

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող

Գոհար Խանումյան