Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015-ի ապրիլ ամսին Շիրակի մարզի Մարալիկ գյուղում կտեղադրվի Ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի քանդակը, այն կնվիրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Քանդակի հեղինակն անվանի քանդակագործ Սամվել Պետրոսյանն է /վերջին գործերից մեկը Կոմիտասի հուշարձանն է` Գյումրու «Գոհար» երաժշտանոցի դիմաց, հեղինակ է Գյումրիում տեղադրված` Խրիմյանի Հայրիկի, Շառլ Ազնավուրի, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի և մի շարք այլ հուշարձանների/:
Yerkir.am-ի հետ զրույցում Սամվել Պետրոսյանը նշեց, որ Թեհլերյանի քանդակը վաղուց պետք է տեղադրվեր Հայաստանում, քանի որ նա հերոսների հերոսն էր: Քանդակը բրոնզաձույլ է լինելու` 4 մետր բարձրությամբ:
«Երբ Գուրգեն Մարգարյանին ադրբեջանցի թափթփուկը սպանեց, մարդասպանին հերոսի կոչում շնորհեցին, իսկ մենք քաղաքական կռիվների հետևից ենք ընկել: Թեհլերյանին քանդակելու եմ կանգնած` ձեռքին զենք, իսկ ոտքերի տակ` Թալեաթի գլուխը: Ես այդպես եմ նրան տեսնում: Սա արժանի լուծում է, քանի որ Թեհլերյանը վրիժառու էր, իսկ եթե վրիժառուի կերպար ես կերտում` պետք է կերպարն ամբողջացնես, բոլոր դետալները ներկայացնես»,- ասաց քանդակագործը:
Նա նշեց նաև, որ ինչ-ինչ խնդիրներ կան քանդակը նման տեսքով պատկերելու հետ կապված, Մարալիկի քաղաքապետին այնքան էլ դուր չի գալիս քանդակի վերջնական էսքիզը /մասնավորապես` Թեհլերյանի ոտքերի տակ ընկած` Թալեաթի գլուխը/:
«Եթե պատմությունը ճիշտ չպետք է ներկայացնես` քանդակը կեղծ կլինի: Ես Թեհլերյանին չեմ ներկայացրել որպես մարդասպանի կամ տեռորիստի, այլ` վրիժառուի` փորձելով այդկերպ պատմական ճշմարտությունը վերհանել»,- ասում է քանդակի հեղինակը:
Հարցին, թե արդյո՞ք տեսարանը թյուր կարծիք չի ձևավորի, քանի որ Թեհլերյանը ոչ թե գլխատել էԹալեաթին, այլ կրակել է նրա վրա, քանդակագործը պատասխանեց, որ իր համար էականը հերոսի կերպարն ամբողջովին ներկայացնելն է: «Պարտադիր չէ, որ Թալեաթի ամբողջ ֆիգուրան լիներ, հիմնական միտքն եմ փորձել ներկայացնել: Պատմաբաններ կան իմ թիկունքին կանգնած ու ասում են, որ այդպես պետք է ներկայացվի, նրանք էլ համակարծիք են ինձ հետ»,- ասաց նա:
Հարցին, թե որևէ գեղխորհուրդ մասնագիտական պատասխան տվե՞լ է քանդակի տեսքի վերաբերյալ, Պետրոսյանը պատասխանեց, որ այո, գեղարվեստական խորհուրդ եղել է, մասնագետներն էլ իրենք համաձայնությունն են տվել: «Կառավարական մասշտաբով իրենց կարծիք-համաձայնությունը տվել են: Քանդակն էլ հիմա ձուլման փուլում է արդեն»,- ասաց նա:
Yerkir.am-ի հետ զրույցում Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը նշեց, որ իրենք, ցավոք, գեղխորհուրդ չունեն, իսկ քանդակը ստեղծելու մտահղացումն ու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ոչ պաշտոնապես` բարերարի և քանդակագործի միջև:
«Բարերարը մեր համայնքի ներկայացուցիչ է, ով այժմ Լենինգրադում է գործունեություն ծավալում: Ուսումնասիրվել է տարածքը, հնարավորությունները, բարերարի և քանդակագործի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ես նույնպես համաձայն եմ եղել Թեհլերյանի քանդակի ստեղծմանն ու տեղադրմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քանդակի գեղարվեստական լուծումներին, Գևորգյանը նշեց, որ, դրա հետ կապված, պետք է միայն պատկան մարմինների հետ ինչ-ինչ հարցեր ճշգրտել: Ըստ նրա` եթե ամեն ինչ նորմայի մեջ լինի` կտեղադրվի այնպես, ինչպես քանդակագործն է այն նախատեսել:
«Հարցի հետ կապված` փորձել ենք դիմել մշակույթի նախարարություն, մարզպետարան, որ հասկանանք` կարելի՞ է նման լուծումներ տալ քանդակին: Առաջիկայում բարերարը նույնպես գալու է Հայաստան, և մենք փորձելու ենք վերջնական էսքիզը տեսնել: Ի վերջո, մեկը ներդրողն է, մյուսը` քանդակագործը, ով, որպես արվեստագետ, իր աշխատանքն է անում, բայց, ի վերջո, նաև եկամուտ ունի դրանից: Այնպես չէ, որ ոճրագործներն այսօր մեր բարեկամներն են, ուղղակի գոյություն ունեն միջազգային ինչ-ինչ նորմեր, որոնք պետությունը պետք է որոշի` ինչպես արվի: Թալեաթը ոճրագործ է եղել և իր արժանի պատիժը ստացել է: Արյունախում մարդու կերպարը ներկայացնելու համար` դեռ մի բան էլ քիչ է, բայց, մյուս կողմից, գեղարվեստական լուծումները, վերջնական տեսքը չպետք է հակասեն պետական շահին»,- ասաց Մարալիկի քաղաքապետը:
Նա նշեց նաև, որ իրենք արդեն քանդակի տեղադրման տարածքի բարեկարգման, պատվանդամի հարցերն են կարգավորում: Քանդակը բացման արարողությունը նախատեսվում է ապրիլի 22-24-ն ընկած ժամանակահատվածում:
Ուշագրավ է, որ ՀՀ մշակույթի նախարարությունից yerkir.am-ին տեղեկացրին, որ իրենք քանդակի, քանդակի արտաքին տեսքի կապակցությամբ որևէ դիմում, հարց, գրություն չեն ստացել:
Կարինե Հարությունյան