Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գոհար Խանումյան
ՀՑԹԻ Թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ
Սողոմոն Թեհլիրյանը (1896 թ. ապրիլի 2-1960 թ. մայիսի 23) իրավամբ Հատուկ գործի («Նեմեսիս» գործողության) ամենահայտնի դեմքն է: Դա պայմանավորված է ոչ միայն այն բանով, որ նրա թիրախը Հայոց ցեղասպանությունը իրագործած ամենահայտնի ոճրագործն էր՝ Թալեաթը, այլև նրա դատավարության` հասարակական լայն հնչեղություն ունենալու փաստով: Հաճախ «Նեմեսիս» գործողությունը հանրության շրջանում անձնավորվում է հենց նրա կերպարով: Ի դեպ, եթե Սփյուռքում դեռ 1920-ական թվականներից Սողոմոն Թեհլիրյանին ճանաչում էին որպես հերոս, ապա Խորհրդային Հայաստանում հասարակության լայն շերտերի համար նրա անունը մինչև 1990-ական թվականների սկիզբը գործնականում անհայտ էր։ Միայն նորանկախ Հայաստանում հնարավոր դարձավ լայնորեն վեր հանել «Նեմեսիսի» հանիրավի մոռացված հերոսների անունները: Հենց այս շրջանում տպագրվեց Ս. Թեհլիրյանի դատավարության սղագրությունը3: Ի դեպ, այդ հրատարակության մեջ Ս. Թեհլիրյանի ազգանունը սխալ ձևով է գրված՝ Թեհլերյան: Թեհլիրյանի ազգանվան գրության ոչ ճիշտ ձևն այսօր էլ շատ տարածված է, հատկապես՝ հանրագիտարաններում, համացանցում, անգամ դասագրքերում: Մինչդեռ դատավարության ռուսերեն թարգմանության մեջ այն ճիշտ է տառադարձված` Тейлирян4: Սողոմոնի ազգանվան սխալ գրությունը հանդիպում ենք ինչպես արևելահայերեն, այնպես էլ արևմտահայերեն գրելաձևերում: Օրինակ` Ս. Թեհլիրյանի դատավարությունից մի քանի օր անց «Առաւօտ» թերթը, ազդարարելով գերմանական դատարանի վճիռը, հոդվածում Սողոմոնի ազգանունը գրում է «Թայլէրեան»5:
Հարկ է նշել, որ հատկապես ոչ մասնագիտական շրջանակներում, հաճախ շրջանառության մեջ են դրվում Ս. Թեհլիրյանի կենսագրության այնպիսի դրվագներ, որոնք վերցված են նրա դատավարության սղագրական զեկույցից, սակայն չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ` այն, որ նա իբր ականատես է եղել իր ընտանիքի անդամների սպանությանը, տեղահանվել է հայրենի քաղաքից, բողոքական ընտանիքից է սերում և այլն:
Թեհլիրյանի կենսագրության վաղ շրջանի՝ 1914-1921 թթ. իրադարձությունների ուսումնասիրության լավագույն աղբյուրը Վահան Մինախորյանի6 գրի առած Ս. Թեհլիրյանի հուշագրությունն է7: Ուշագրավ է այն փաստը, որ Վ. Մինախորյանը մահացել է Բելգրադում 1946 թվականին8, իսկ Թեհլիրյանի` նրա կազմած հուշագրությունը հրատարակվել է 1953 թ. Կահիրեում: Այսինքն` հուշերը գրի են առնվել հրատարակությունից առնվազն 7-8 տարի առաջ: Թեև հուշագրությունը հրատարակվել է Թալեաթի մահապատժից 32 տարի անց, այնուամենայնիվ, Թեհլիրյանը չի գաղտնազերծում գործողության որոշ մասնակիցների անունները (երբեմն ստեղծելով կեղծանուններ կամ անվան և ազգանվան տառերից կազմված նոր անուններ, օրինակ՝ Հրափ (Հրաչ Փափազյան ‒ Գ. Խ.), Հազոր (Հակոբ Զորյան ‒ Գ. Խ.)9, Վազա (Վահան Զաքարյան ‒ Գ. Խ.)10:
Թեհլիրյանի կենսագրության կարևոր դրվագը՝ Բեռլինի բանտում անցկացրած օրերը և մտորումները, ներկայացված են նրա գրառումներում, որոնք կինը՝ Անահիտ Թաթիկյանը, ամուսնու մահից տարիներ անց՝ 1970-ական թվականներին, բերել է Խորհրդային Հայաստան և պահ տվել Ազգային արխիվին11:
Նախքան Հատուկ գործի մեջ ներգրավվելը Ս. Թեհլիրյանը, չնայած երիտասարդ տարիքին, անցել էր մարտական հարուստ ուղի՝ դառնալով ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի, Կայծակ Առաքելի, Սեպուհի և այլոց զինակից ընկերը: Ընդ որում, մարտական բազմաթիվ գործողություններին մասնակցելուց բացի (որոնցում նույնիսկ վիրավորվում է)12, Ս. Թեհլիրյանը 1916-1917 թթ. զբաղվել է նաև որբահավաք գործունեությամբ, ինչը տակավին նրա կենսագրության չլուսաբանված և պատշաճ ուշադրության չարժանացած դրվագներից է: 1916 թ. ամռանը նրա ավագ մարտական ընկերը՝ Սեբաստացի Մուրադը, հռչակել էր «մեկ հայ-մեկ ոսկի» կարգախոսը, որը կարճ ժամանակահատվածում վերաճեց համահայկական փրկության ծրագրի13:
Դրանից ոգեշնչվելով՝ Ս. Թեհլիրյանն իրականացնում է ազգանվեր կարևոր առաքելություն. Երզնկայում 1916 թ. հայտնաբերում է անմարդաբնակ վայրերում՝ քարանձավներում, անտառներում, լքված ու ավերակ տներում թաքնված անապաստան ու ծնողազուրկ երեխաների և նրանց հանձնում հայկական որբանոցների խնամքին: Նա Երզնկայում հայ կամավորականներից կազմված որոնողական խմբի անդամ էր և ստացել էր «որբեր հավաքողի պաշտոն»14: Իր հուշերում, անդրադառնալով որբահավաք աշխատանքներին, Ս. Թեհլիրյանը գրում է. «Ապրիլին ռուսները գրաւեցին Տրապիզոնը, իսկ յուլիսի կէսերին՝ Երզնկան: Էրզրումի դաշտում ամէն տեղ յայտնւում էին ոսկրացած, վայրենական վիճակի մատնուած մանուկներ, որոնց մեծ մասը իր գոյութիւնն էր պահպանել աւերուած հայ գիւղերի փլատակներում: Ձեռք ընկնողները դողում էին աշնան տերեւի պէս. մեծ ջանք էր պէտք հասկացնելու, որ իրենց այլեւս վտանգ չի սպառնում: Մոռացել էին լեզու, հայութիւն, մարդկութիւն: Խնուսում դրանցից խմբուած էին շուրջ երկու հարիւր հոգի: Ամէն տեղ առաջնակարգ արժէք էր ստացել որբերի գործը. ամէն որբուկ մի նոր աղիւս էր ազգը վերակառուցելու համար»15:
Թալեաթին որպես հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչ թիրախավորելու և ոչնչացնելու մտահղացումը Ս. Թեհլիրյանի մտքում ծագել է 1916 թ., երբ երիտասարդ կամավորականը, իր զինակից ընկերների հետ մտնելով հայրենի Երզնկա քաղաքը, տեսնում է հայրական տունը դատարկված, թալանված և ավերակ դարձած: Հոգեկան ծանր ապրումներից նա կորցնում է գիտակցությունը և ունենում սպանված մոր տեսիլքը16: Թեհլիրյանը հիշում է. «….Ու իմ առջեւ դարձեալ պատկերում է Թալէաթի փքուն, ինքնագոհ դէմքը, որ մթութեան մէջ կարծես վեր է հանում բրդոտ թաթը…. Ա՛խ, կտրել այդ ձեռքը ու թողնել, որ արիւնաքամ լինի հրէշը, որ կարող լինի զգալ ու հասկանալ իր կատարած ոճիրի ահաւոր չափերը… Հաւատա՞լ արդեօք, որ մի օր կլինի արդար դատաստան….»17: Թալեաթին նա, ինչպես նաև իր ժամանակակիցներից շատերը համարում էին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ և կոտորածների պատասխանատու: Ի դեպ, մոր տեսիլքը հետագայում դատավարության ժամանակ օգտագործվեց դատապաշտպանների կողմից՝ նրա պաշտպանությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Ս. Թեհլիրյանը 1918 թ. վերջին` պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ իր կորցրած հարազատներին գտնելու հույսով թերթերում հայտարարություն տալու համար ժամանել էր Կոստանդնուպոլիս, փորձեց գործնական քայլեր անել Թալեաթի սպանությունն իրագործելու ուղղությամբ: Աջակցություն ստանալու նպատակով նա անգամ դիմեց աքսորից Կ. Պոլիս նոր վերադարձած Զավեն պատրիարքին՝ ստանալով վերջինիս մերժումը18: Կ. Պոլսում հենց այս ընթացքում՝ 1919 թ. սկզբին, նա պատահական տեղեկանում է հայ մատնիչ-դավաճան Հարություն Մկրտչյանի19 հայադավ գործունեության մասին «Ճակատամարտ» թերթի աշխատակից Երանուհի Դանիելյանի միջոցով, ով հետագայում առանցքային դերակատարություն է ունենում Թեհլիրյանին Հատուկ գործում ներգրավելու հարցում20: Անդրադառնալով մատնիչի սպանությանը՝ Թեհլիրյանը գրում է, որ նրան մահապատժի ենթարկելը իր սեփական նախաձեռնությունն է եղել. «Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրէշն էր՝ մատնիչ Յարությունը. անհրաժեշտ չէ՞ր վրէժխնդրութեան առաքելութիւնս, որ վաղուց դարձել էր գոյութեանս նպատակ, նրանից սկսել….»21: Որոշ ժամանակ հետապնդելով իր զոհին, ճշտելով նրա ինքնությունը՝ երիտասարդ վրիժառուն ի վերջո իրագործում է սպանությունը22: Թեև Թեհլիրյանը կոնկրետ չի նշում սպանության օրը, սակայն, դատելով նրա կողմից իրադարձությունների շարադրման ընթացքից, կարող ենք եզրակացնել, որ դեպքը տեղի է ունեցել 1919 թ. մարտի վերջին23: Այսինքն՝ հայ դավաճանի սպանությունը չի կարող համարվել Հատուկ գործի մաս, քանի որ այն ժամանակագրորեն ավելի վաղ է կատարվել, քան գործի է դրվել «Նեմեսիս» գործողությունը: Բացի այդ, հենց Թեհլիրյանի վկայությամբ, այն իր սեփական նախաձեռնությունն է եղել և ոչ թե ուղղորդվել որևէ մեկի կողմից: Սակայն մատնիչի սպանությունը նպաստեց նրան, որ Ս. Թեհլիրյանն ընդգրկվեց Հատուկ գործի մեջ: Հ. Մկրտչյանի սպանությունից հետո Թեհլիրյանը 1919 թ. նոյեմբերին մեկնում է Փարիզ, որտեղ մնալով շուրջ մեկ տարի՝ 1920 թ. հոկտեմբերին ուղևորվում է Բոստոն՝ ստանձնելու հատուկ առաքելությունը՝ Հատուկ գործի առանցքային գործողության՝ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի նկատմամբ մահապատժի իրագործումը:
ՀՅԴ-ի կողմից ստեղծված Հատուկ մարմինն արդեն 1920 թ. կեսերից անցել էր գործուն քայլերի, այն է՝ հետախուզական խմբերի միջոցով հայտնաբերել դատավարությունից խուսափած երիտթուրք հանցագործներին, որոնք կեղծ անձնագրերով, փոփոխված արտաքինով ծպտյալ բնակություն էին հաստատել հիմնականում եվրոպական երկրներում, և ընտրել նրանց մահապատիժն իրականացնելու համար համապատասխան թեկնածուների: Ինչպես արդեն վերը նշվեց, մատնիչ Հ. Մկրտչյանի սպանությունը նպաստեց, որ Թեհլիրյանն ընդգրկվի Հատուկ գործի կարևոր առաքելության մեջ: Այս կապակցությամբ նա գրում է. «Մատնիչի մահը Պոլսոյ հայութեան մէջ առաջ բերեց ընդհանուր ցնծութիւն: Կուսակցութեան շրջաններում հարց բարձրացաւ հետամուտ լինելու մեծ մարդասպաններին, յարաբերութեան մէջ մտնելու այդ առթիւ Ռուսաստանի, Անդրկովկասի, Բերլինի, Ժընեւի կուսակցական մարմինների հետ»24: «Նեմեսիս» գործողության մեջ Թեհլիրյանին ներգրավելու հարցում իրենց նպաստն ունեցան նրա վաղեմի ծանոթներ Երանուհի Դանիելյանի և Համոյի (Համազասպ Բարաղամյան)25 միջնորդությունները, ովքեր Հատուկ գործի մեջ ներգրավված անձինք էին:
1920 թ. հոկտեմբերին ստանալով Համոյի նամակը՝ Թեհլիրյանն ուղևորվում է ԱՄՆ և Բոստոնում հանդիպում Արմեն Գարոյի26 հետ, որից ստանում է համապատասխան հրահանգներ, Թալեաթի և Բեռլինում գտնվող նրա թուրքական շրջապատի անձանց լուսանկարները: 1920 թ. դեկտեմբերի 3-ին Թեհլիրյանը ժամանում է Բեռլին՝ իբրև ուսանող:
Թալեաթի մահապատիժը
Սողոմոն Թեհլիրյանն անձամբ չէր ճանաչում Թալեաթին, երբևիցե չէր հանդիպել նրան երես առ երես, Բեռլին ժամանելու պահին բացարձակապես չէր տիրապետում գերմաներենին: Նրան վստահված կարևոր առաքելությունն իրագործելու համար Բեռլինում սպասում էր արհեստավարժ թիմը, որն արդեն կատարել էր հետախուզական և կազմակերպչական զգալի աշխատանք: Ձեռք բերված տեղեկություններից պարզ էր դարձել, որ Եվրոպա ճողոպրած ու թուրքական դատարանի վճռից խուսափած երիտթուրքերի շրջանում27 մեծ ոգևորություն էին առաջացրել Մուստաֆա Քեմալի ռազմական և քաղաքական հաջողությունները Թուրքիայում: Կիլիկիայում մարում էին հայերի ինքնապաշտպանության վերջին օջախները, իսկ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվել էր. երկրում հաստատվել էր նոր՝ բոլշևիկյան իշխանություն: Ուստի ռազմաքաղաքական նոր շրջադարձը պահանջում էր հնարավորինս արագ և գրագետ գործել: Բեռլինյան գործողության մեջ ներգրավված էր Հրափը (Հրաչ Փափազյանը)28, որը, ծնունդով լինելով Բուրսայից (Օսմանյան կայսրություն), փայլուն տիրապետում էր թուրքերենին և մուտք էր գործել Բեռլինում ծպտյալ ապրող երիտթուրքերի շրջանակ, մասնավորապես՝ Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիի որդու «մտերիմ ընկերն էր»: Նա գործում էր Մեհմեդ Ալի կեղծանունով և արժեքավոր տեղեկություններ էր փոխանցում ճողոպրածների գործունեության վերաբերյալ29: Հետախուզական խմբի մյուս անդամներն էին Վազան (Վահան Զաքարյանը), Հազորը (Հակոբ Զորյանը)30, որն առաջինն էր բացահայտել Թալեաթին Բեռլինում և գերմանական դատարանում դարձավ Ս. Թեհլիրյանի թարգմանիչը31, Հայկոն, որին հետազոտող Վարդան Մատթեոսյանը նույնացրել է ՀՅԴ անդամ Հայկ Տեր-Օհանյանի հետ32, և Բեռլինում ՀՀ ներկայացուցիչ, փոխհյուպատոս Լիպարիտ Նազարյանցը:
Թալեաթը Բեռլինում փոխել էր իր անձնական տվյալները և իր կնոջ հետ Ալի Սալիհ բեյ անունով ապրում էր Հարդենբերգ փողոցում վարձակալած ինը սենյականոց շքեղ բնակարանում: Ըստ լեգենդի՝ Ալի Սալիհը սնանկացած նախկին վաճառական էր, ով Բեռլինում արևելյան սրճարան էր աշխատացնում: Բնակարանը նրա և կնոջ համար վարձակալել էր թուրքական դեսպանատունը33: Նա փոխել էր նաև արտաքին տեսքը, հագուկապը. իր սիրելի թուրքական ֆեսի փոխարեն կրում էր եվրոպացուն բնորոշ գլխարկ: Թալեաթի նկատմամբ տարվող հետախուզությունն ուղղորդվում էր Բոստոնից, որտեղից պարբերաբար ուղարկվում էին ծածկագրված հեռագրեր: Ս. Թեհլիրյանին հաջողվում է բնակարան վարձել Թալեաթի վարձակալած բնակարանի հարևանությամբ և մի քանի օր շարունակ մոտիկից հետևել նրան:
Թալեաթը բացահայտված էր. մանրակրկիտ ստուգված էր նրա ինքնությունը, քանի որ կարևոր էր, որ գործողության ընթացքում պատահական մարդ չտուժի: 1921 թ. մարտի 15-ին՝ առավոտյան, Բեռլինի Հարդենբերգ փողոցում Ս. Թեհլիրյանն ատրճանակով գնդակահարում է Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուին՝ Թալեաթ փաշային: Այն, որ սպանվածը Թալեաթն էր, այդ պահին գիտեր միայն Սողոմոնը:
Թեհլիրյանը ձերբակալվեց սպանության վայրում և տարվեց ոստիկանություն, որտեղ սկսվեց հարցաքննությունը: Քանի որ նա հարցաքննության պահին գրեթե չէր տիրապետում գերմաներենին34, իբրև թուրքահպատակի՝ նրան առաջարկեցին հարցաքննվել թուրքերենով: Սակայն Թեհլիրյանի պահանջով հարցաքննությունը կատարվեց հայ թարգմանչի միջոցով: Նա պնդում էր, որ Թալեաթին սպանել է վրեժից դրդված, գործել է միայնակ և հանցակիցներ չի ունեցել:
«Ալի Սալիհի» դին ճանաչել էր նրա վաղեմի ընկերը՝ Բեհաէդդին Շաքիրը, ով հաստատել էր, որ սպանվածը Թուրքիայի նախկին մեծ վեզիր Թալեաթն է35: Թալեաթին հուղարկավորեցին միայն մահվան 5-րդ օրը, քանի որ թուրքական իշխանություններն արգելեցին նրան ամփոփել հայրենիքում: Բեռլինում նախկին դաշնակիցները՝ գերմանացիները, կազմակերպեցին Թալեաթի ճոխ հուղարկավորությունը. բազմաթիվ ծաղկեպսակներ, տարբեր երկրներից ժամանած թուրքեր, հակահայկական ելույթներ և կոչեր…36։
Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը և Հատուկ գումարը
Ս. Թեհլիրյանի դատավարությունը դարձավ Հատուկ գործի ամենահնչեղ էջը։ Այն դարձավ նաև քաղաքական հարթակ՝ հայկական կոտորածների մասին բարձրաձայնելու և միջազգային հանրության ուշադրությունը վերստին այդ հարցի վրա հրավիրելու համար37: Անհրաժեշտ էին նյութական զգալի միջոցներ՝ Գերմանիայի լավագույն դատապաշտպաններին վարձելու և Թեհլիրյանի պաշտպանական գործը պատշաճ կազմակերպելու համար: Այդ միջոցները հայթայթվում էին Հատուկ գումարի ֆոնդից, որը ստեղծվել էր դեռ 1920 թ.: Շահան Նաթալին այն անվանում էր «Վրեժի ֆոնդ»38: Հատուկ գործի ֆինանսական պատասխանատու Ահարոն Սաչակլյանի39 անձնական արխիվում Հատուկ գումարի վերաբերյալ հանդիպում ենք ինչպես դրամական նվիրատվությունների մասին նշումների, այնպես էլ կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունների40: Ինչպես նշում է ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանը, համայն հայության կողմից այդ նպատակի համար հանգանակվեց շուրջ 700.000 մարկ:
Դրանից բացի` այդ օրերին Փարիզում Խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի կողմից կազմակերպված հանգանակության շնորհիվ հավաքագրվեց շուրջ 300.000 մարկ: Միայն դատավարության ընթացքում ծախսվեց 306.484 մարկ41:
Ս. Թեհլիրյանին դատարանում պաշտպանելու էին Գերմանիայի անվանի իրավաբաններ Ադոլֆ ֆոն Գորդոնը՝ իրավական գաղտնի խորհրդական, Յոհաննես Վերթաուերը՝ իրավական խորհրդական, և Նիմայերը՝ Քիլի համալսարանի իրավագիտության բաժնի պրոֆեսոր: Յուրաքանչյուր դատապաշտպանի վճարվեց 75.00042 մարկ:
Դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին ժամանակին տրված հայերի բնաջնջման և տեղահանության հրամանների բնօրինակ հեռագրեր, որոնք գերմանական դատարանին էր ներկայացրել Արամ Անտոնյանը: Դատավարության ընթացքում (Բեռլին, 2-3-ը հունիսի 1921 թ.) վկայություններ տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր, այդ թվում՝ Գրիգորիս Պալաքյանը, որի հետ դատավարության ավարտից հետո Թեհլիրյանը մեկնեց Մանչեստր43:
Իրավական առումով Թեհլիրյանի պաշտպանությունը հիմնվում էր Գերմանիայի քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի վրա, որը սահմանում էր. «Պատժելի արարք չկա, եթե արարքը կատարելու պահին հանցագործը գտնվում էր անգիտակից վիճակում կամ հոգեկան գործունեության պաթոլոգիական խախտում ունի, որի պատճառով բացառվում էր նրա կամարտահայտությունը»44: 1921 թ. հունիսի 3-ին երդվյալ ատենակալների վճռով Ս. Թեհլիրյանն ազատ արձակվեց և արտաքսվեց երկրից45:
Դատավարությանը մասնակցում էր նաև երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որի կյանքում Թեհլիրյանի դատական գործը ճակատագրական նշանակություն ունեցավ: Տարիներ անց արդեն փորձառու իրավաբանը ստեղծեց «գենոցիդ» եզրույթը, և նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան:
Ս. Թեհլիրյանի դատավարությունը հասարակական-քաղաքական մեծ արձագանք գտավ. այն լայնորեն լուսաբանվեց ինչպես ժամանակի եվրոպական, ամերիկյան ու հայկական մամուլում, այնպես էլ գերմանացի և թուրք լրագրողների կողմից:
Դատավարությունից հետո Ս. Թեհլիրյանը բնակություն է հաստատում նախ Մանչեստրում, ապա՝ Բելգրադում (Սերբիա)՝ իբրև Սարո Մելիքյան46: Ունեցել է սեփական բիզնես: Անվան փոփոխությունը կապված էր նրա և իր ընտանիքի անվտանգության հետ: 1953 թ. տեղափոխվել է Կասաբլանկա (Մարոկկո), այնտեղից էլ 1954 թ.՝ Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ), որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին՝ Սողոմոն Մելիքյան անունով: Նրա աճյունը հողին է հանձնվել Ֆրեզնոյում:
Անահիտ Թաթիկյանի հետ ամուսնությունից Ս. Թեհլիրյանն ուներ 2 որդի՝ Զավենը և Շահենը:
_____________________________________________________________
1Ս. Թեհլիրյանի կենսագրությունը տե՛ս Խանումյան Գ., Սողոմոն Թեհլիրյան-120 /
http://www.genocide-museum.am/arm/soghomon-tehliryan.php (մուտք՝ 30.03.2021):
2Հատուկ գործի մասին տե՛ս Խանումյան Գ., Սողոմոն Թեհլիրյանը և «Նեմեսիս» գործողությունը, «Վէմ» համահայկական հանդես, Եր., 2019, № 4 (68), էջ 67-84:
3Տե՛ս Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (սղագրություն), Եր., «Արևազուն», 1990:
4Տե՛ս Судебный процесс Талаата паши: стенографический отчет. Под редакцией, с предисловием и примечениями доктора исторических наук, профессора Степана Степаняна, Ер., 2007:
5Տե՛ս «Առաւօտ», 6 յունիս, 1921, թիւ 11 (63):
6Վահան Մինախորյան (1884 թ., Գանձակ – 1946 թ., Բելգրադ) – քաղաքական գործիչ, էսէռ, 1918-1919 թթ.` ՀՀ խորհրդարանի անդամ, 1920 թ. վերջին` հանրային կրթության նախարար, Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններում` ՀՀ պատվիրակության անդամ: 1921 թ. մասնակցել է Փետրվարյան ապստամբությանը, անցել Պարսկաստան, այնուհետև՝ Պրահա: 1934-1946 թթ. հաստատվել է Բելգրադում:
7Տե՛ս Մինախորեան Վ., Սողոմոն Թեհլիրեան. վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953:
8Այդ տարիներին Ս. Թեհլիրյանը նույնպես ապրում էր Բելգրադում:
9Տե՛ս Քեշիշյան Մ., Նեմեսիսի զինվորը՝ Հակոբ Զորյան, «Հայ զինվոր», Եր., 23.05.2013, № 20 (987):
10Մանրամասն տե՛ս Մատթէոսեան Վ., ՀԱՅԿՕ. Թալէաթի ահաբեկումին վերջին անծանօթ մասնակիցը, 11«Բանբեր Մատենադարանի», Եր., 2014, № 21, էջ 249-260:
12Տե՛ս Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ. 314, ց. 24, գ. 2:
1918 թ. ապրիլի 6-ին Կարաքուրդի կիրճում՝ Սարիղամիշի մոտ, Թեհլիրյանը հրազենային վնասվածք է ստանում և ապաքինվելու համար տեղափոխվում Թիֆլիս (տե՛ս Մինախորեան Վ., նշվ. աշխ., էջ 140):
13Մանրամասն տե՛ս Խանումյան Գ. Վ., Հայոց ցեղասպանության տարիներին «մեկ հայ-մեկ ոսկի» փրկության առաքելության հարցերի շուրջ, «Ցեղասպանագիտական հանդես», Եր., 2017, № 5 (2), էջ 35-47:
14Տե՛ս Մինախորեան Վ., նշվ. աշխ., էջ 75:
15 Նույն տեղում, էջ 88:
16Տե՛ս նույն տեղում, էջ 95:
17Նույն տեղում, էջ 75:
18 Տե՛ս նույն տեղում, էջ 212: Տե՛ս նաև նույն տեղում, էջ 222:
19Հարություն (Արթին) Մկրտչյան ‒ թուրքական գաղտնի ոստիկանության աշխատակից, լրտես: Նրա կազմած «սև» ցուցակով սկսվեցին հայ մտավորականության ձերբակալությունները Կ. Պոլսում 1915 թ. ապրիլի 24-ին:
20 Վ., Մինախորեան Վ., Սողոմոն Թեհլիրեան. վերյիշումներ (Թալէաթի ահաբեկումը), Գահիրէ, տպ. «Յուսաբեր», 1953:
նշվ. աշխ., էջ 235:
21Տե՛ս նույն տեղում, էջ 190:
22Տե՛ս նույն տեղում, էջ 205-206:
23Տե՛ս նույն տեղում, էջ 199: Տե՛ս նաև Mesrobian MacCurdy M., էջ 136:
24Մինախորեան Վ., Ս. Թեհլիրեան նշվ. աշխ., էջ 207:
25Համազասպ Բարաղամյան ‒ հայ կամավորական, «Հորիզոն» (Երևան) թերթի թղթակից, «Հայրենիք» (Բոստոն) թերթի խմբագրության անդամ, ԱՄՆ-ում ՀՅԴ ԿԿ քարտուղար, հատուկ գործի մեջ ներգրավված անձ:
26Արմեն Գարո (Գարեգին Փաստրմաճյան) (1872 թ., Կարին ‒ 1923 թ., Ժնև) ‒ հայ ականավոր քաղաքական, պետական ու հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ:
27Բեռլինում ծպտյալ ապրում էին Թալեաթը կնոջ հետ, Ջեմալ Ազմին ընտանիքի հետ, Պոլսի նախկին ոստիկանապետ Բեդրի բեյը, Իսմայիլ Հագգը բեյը և Բեհաէդդին Շաքիրը:
28Հրաչ Փափազյանի մասին տե՛ս Սապունճեան Զ., Հրաչ Փափազեան. Յեղափոխական եւ ազգային մեծ գործիչ (կեանքն ու գործը), Պէյրութ, 1987:
29 Տե՛ս Մինախորեան Վ., նշվ. աշխ., էջ 255:
30Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 138:
31Տե՛ս Քեշիշյան Մ., նշվ. աշխ.:
32 Մանրամասն տե՛ս Մատթէոսեան Վ., նշվ. աշխ., էջ 249-260։
33Մինախորեան Վ. Ս. Թեհլիրյան Վերյիշումներ
34Բեռլինում գտնվելու երեք ամիսների ընթացքում նա որոշակի քայլեր արել էր գերմաներեն սովորելու ուղղությամբ, սակայն բավականաչափ չէր տիրապետում հաղորդակցվելու համար:
35Տե՛ս Մինախորեան Վ., նշվ. աշխ., էջ 335:
36Տե՛ս նույն տեղում, էջ 338:
37Ս. Թեհլիրյանի դատավարության մասին մանրամասն տե´ս Hoffman T., New Aspects of the Talaat Pasha Court case, Armenian Review. Winter, 1989, volume 42, Number 4/168:
38Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 129:
39Ահարոն Սաչակլյան (1879 թ., Մալաթիա, Օսմանյան կայսրություն ‒ 1964 թ., Սիրակուզա, ԱՄՆ) ‒ ՀՅԴ գործիչ, «Հայրենիք» թերթի (Բոստոն) աշխատակից, Հատուկ գործի ֆինանսական հարցերով պատասխանատու:
40Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 216-219:
41Տե՛ս Yeghiayan V., The case of Soghomon Tehlirian, 2-nd edition, «Center for Armenian rememberance (CAR)», Glendale, 2006, էջ xxvii:
42 Տե՛ս նույն տեղում:
43Տե՛ս Mesrobian MacCurdy M., նշվ. աշխ., էջ 129։
44https://lexetius.com/StGB/51,4 (մուտք՝ 22.11.2019).
45 Տե՛ս Hoffman T., նշվ. աշխ., էջ 47:
46Տե՛ս «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, օգոստոս, 1960, № 8, էջ 84: Տե՛ս նաև «ՀՅ Դաշնակցութեան թանգարան» հիմնադրամ, ֆոնդ 330 դ։