կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-02 22:42
Հասարակություն

Վահանն ուզում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը կանգնեցնել. Հրանտ Մարգարյան

Վահանն ուզում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը կանգնեցնել. Հրանտ Մարգարյան

Այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը:

 

News.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է. «Գերմանիա այցելության ժամանակ եմ զրուցել հետը: Վիրահատությունից հետո էր, վատառողջ էր, բայց հույս ուներ, որ ոտքի կկանգնի, նորից կաշխատի: Թալեաթի սպանության վայրում ուզում էր Սողոմոնի արձանը բարձրացնել: Ուզում էր տեսնել այն երկիրը, որտեղ հայ մարդը արժանապատիվ ապրեր, կարողանար զարգանալ: Ինքն ուզում էր, որ Հայաստանը լինի ամենալավ երկիրը»:

 

Հրանտ Մարգարյանը, որը 25 տարի ճանաչել է Վահան Հովհաննիսյանին, նրան հիշում է որպես դրական, հումորով, դիպուկ ու ստեղծագործ մտքով մարդու: Ինչպես նշեց Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը բացառիկ մարդ էր` կարողանում էր քննադատել, բայց չվիրավորվել, ամենասուր խոսքերն ասել, բայց ոչ ոք վատ չզգար, որովհետեւ գիտեին, որ դրա մեջ չարություն չկա, թույն չկա: