կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-27 10:18
Քաղաքական

Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն. բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքդ բռնել. Էդմոն Մարուքյան

Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն. բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքդ բռնել. Էդմոն Մարուքյան

Ես որեւէ զգացողություն չունեմ, որ 44-օրյա պատերազմից դասեր են քաղվել, զգացողություն չունեմ, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի հուն, որտեղ բոլորն անկեղծ են եւ ասում են, թե ինչու է այս ամենը եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից, դա նշանակում է, որ մեկ տարում դասեր քաղելու մասին խոսակցություններն անիմաստ են: Ինչ վերաբերում է պատերազմի պատասխանատուներին, դուք գիտեք, որ պատերազմը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանով, ծրագրով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ: Այդ սպառնալիքները, որ կան մեր պետականության, մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, այսօր էլ կան»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք տեղյակ է, թե ինչ դրական ազդակներ են իրար փոխանցում Էրդողանն ու Փաշինյանը, Մարուքյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ, ես էլ ձեզ պես մամուլից եմ հետեւում: Իմ ընկալումն այն է, որ հարեւան երկրների հետ որեւէ ձեւով դիալոգ սկսելու միտված քայլեր են փորձում անել, բայց որքանով են դրանք ճիշտ կազմակերպված, դա առանձին քննարկելու թեմա է, բայց ոչ՝ այսօր:  Երկու տարբերակ կա՝ կա՛մ պատերազմ հայտարարել հարեւան երկրներին, կա՛մ խոսել այն մասին, որ դու  խաղաղություն ես ցանկանում եւ պատերազմի նախաձեռնողը չես: Այսօր էլ Ադրբեջանը պնդում է, որ պատերազմը Հայաստանն է սանձազերծել, հետեւաբար, կարեւոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից, ասում է՝ ես պատրաստ եմ խաղաղության, դուք պատրա՞ստ եք, թե՞ ոչ: Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով: Ես չեմ հասկանում այդ քննարկումը, որ անդադար ասվում է՝ այ քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան են հարձակվել, մենք ինչ կարող ենք անել: Այսինքն՝ ի՞նչ պետք է անենք, պետք է պատերա՞զմ հայտարարենք իրենց: Մենք պատրա՞ստ ենք այդ պատերազմին: 1915-ին Ցեղասպանություն է եղել, 1918-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել, դեսպան ենք ունեցել Թուրքիայի: Հետեւաբար, պետք չի դրանք իրար հետ խառնել: Խոսել հարեւանների հետ մի բան է, քո երկրի անվտանգությունն ամրացնելը մեկ այլ բան է: Հարեւանի հետ խոսելը չի խանգարում բանակդ ամրացնելուն: Բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքերդ բռնել, զենք առ, տնտեսությունդ վերականգնի, ո՞վ է ձեռքերդ բռնել, խրամատներդ փորիր, ինժեներական գործդ արա, դա ի՞նչ կապ ունի՝ ում հետ ես խոսում: Տնային աշխատանքը պետք է արվի, մեկը մյուսի հետ կապ չունի: Մյուս կողմից՝ շատ մեծ դիվանագիտական աշխատանք կա տանելու: Եթե մենք լավ կազմակերպված ու հետեւողական լինենք, կարող ենք նաեւ պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, նաեւ տարբեր երկրներում համընդհանուր իրավազորության ներքո»: