Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տպավորություն է, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը ՀՀ իշխանությունները նվեր են արել Ադրբեջանին, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվել է ներքին շրջափակման մեջ, չնայած իրենք խոսում են ապաշրջափակման մասին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին պատերազմին, երբ Վրաստանը փակել էր ճանապարհը՝ և՛ օդային, և՛ ցամաքային, Իրանի կողմից այն բաց էր և ռուսական ռազմական ինքնաթիռները Հայաստան էին գալիս Իրանի օդային տարածքով և Սյունիքով, Սյունիքով գալիս էր նաև վառելիք և շատ կարևոր, անհրաժեշտ ապրանքներ Հայաստանի համար։
«Հիմա մենք զրկվում ենք նաև Իրանի հետ այդ հնարավորությունից։ Այսինքն, Աստված չանի, վաղը նման մի իրավիճակ ստեղծվի՝ ադրբեջանցիները հանգիստ կփակեն Իրանից դեպի Հայաստան եկող ճանապարհը, և Հայաստանը կհայտնվի վերջնական ու ամբողջական շրջափակման մեջ»,-ասաց նա։
Առաջին արցախյան պատերազմի ժամանակ էլ Իրանով էր գալիս մեր ամբողջ պարենամթերքը, որը մտնում էր Հայաստան, և որը թույլ տվեց Հայաստանին դիմանալ այդ շրջափակմանը։ Իրանը մեզ համար ստրատեգիկ կարևոր հարևան է՝ ընդգծեց նա, երբ Հայաստանը շրջափակման մեջ է հայտնվում, Իրանից է գալիս հիմնական օգնությունը։
«Եթե նախկինում ադրբեջանական շրջափակման հետևանքով պրոբլեմատիկ էր ապրանքներ տանել Ռուսաստան, հիմա արդեն խնդիր է դարձել Կապանից գնալ Գորիս և Գորիսից գալ Կապան։ Արդյունքում Հայաստանը հայտնվել է ներքին շրջափակման մեջ և մենք չենք էլ կարող նույնիսկ Ադրբեջանին մեղադրել, որովհետև Ադրբեջանն իր քայլերը շատ հաշվարկված է անում։ ՀՀ իշխանությունների չմտածված կամ մտածված քայլերն են հնարավորինս վնասել Հայաստանի ներքին տեղաշարժը»,-ասաց նա։
Այս վիճակը վերացնելու ամենաարդյունավետ ձևը, նրա գնահատմամբ այն է, որ եթե մենք ունենայինք իշխանություն, եթե ինքնիշխան պետություն լիներ Հայաստանը, մենք ուղղակի Գորիս-Կապան ամբողջ միջպետական մայրուղին կվերցնեինք մեր վերահսկողության տակ և կշարունակեինք շահագործել։
«Հիմա ՀՀ իշխանությունները ո՛չ կամք ունեն, ո՛չ էլ կարողություն ինչ-որ խնդիր լուծելու, որովհետև այդ ճանապարհին այլընտրանքային ճանապարհը եթե կար, իշխանությունները մոտ 1 տարի ժամանակ ունեին՝ այդ այլընտրանքային ճանապարհը կարող էին վաղուց արդեն կառուցած լինել, կամ գոնե 21 կմ-ը շրջանցող ինչ-որ ճանապարհ կառուցած լինել, դրա ժամանակը ունեին, բայց իրենք նախընտրում են փողերը ծախսել գունագեղ միջոցառումների անցկացման վրա»,-ասաց նա։
Արմեն Մանվելյանը դժվարացավ պատասխանել՝ ինչո՞ւ է մեր իշխանությունն այսպես անում՝ չհասկանալո՞վ է անում, թե՞ հասկանալով, բայց նրա մոտ երբեմն տպավորություն է, որ իրենք այդ ամենը հասկանալով են անում և, ընդհանրապես, խնդիր ունեն սեփական իշխանությունը ամեն գնով պահելու, մնացածը՝ այլընտրանքային ճանապարհ, Հայաստան-Իրան հարաբերություններ նրանց համար երկրորդական թեմաներ են։
«Այս իրավիճակը, որ իշխանությունները մեր գլխին բերել են, հանգեցրել է նրան, որ մենք հսկայական տնտեսական կորստի առջև ենք կանգնում, որովհետև այս մեքենաները՝ մոտ 30 հազար մեքենա տարեկան հասնում է Իրան-Հայաստան սահման, դա տնտեսական մեծ օգուտ է բերում Հայաստանին։ Մենք դրանից էլ ենք զրկվում, որովհետև իրանական ընկերությունները կնախընտրեն շրջանցել Հայաստանը, և գնալ Ադրբեջանով, որովհետև հատում են Իրան-Հայաստան սահմանը հետո իրենցից անկախ հայտնվում են ադրբեջանցիների հսկողության տակ, և ստիպված են լինում կրկնակի մուծումներ կատարել, որովհետև մի անգամ Իրան-Հայաստան սահմանն անցնելիս են մուծում, հիմա էլ, փաստորեն, Ադրբեջանին պետք է մուծեն»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Նա վստահեցրեց, որ իրանական ընկերությունները վաղ թե ուշ ստիպված կլինեն ուղղակի հեռանալ և օգտագործել ադրբեջանական ճանապարհը, որովհետև հայկական ճանապարհի արդյունավետությունն այն է, որ կարճ է դեպի Սևծովյան նավահանգիստներ գնալու համար, և շատ ավելի արագ։ Եթե նախկինում նրանք կարող էին 3 օրում հասնել Փոթի՝ վճարելով որոշակի գումար, հիմա դրա վրա ավելանում է ավելի մեծ գումար և տեղ են հասնում ոչ թե 3, այլ 5 օրում, որովհետև դա նաև դանդաղեցդնում է ճանապարհի այդ հատվածի անցումը։ Եթե նրանք ավելի մեծ գումար են մուծում, ավելի դանդաղ են անցնում, վաղ թե ուշ կնախընտրեն ավելի ապահով ճանապարհով գնալ՝ Ադրբեջանի տարածքով։ Մենք հայտնվում ենք նաև տնտեսական լուրջ խնդրի առջև և վաղը խնդիրներ ենք ունենալու նաև Իրանի հետ, որովհետև Իրանը անվտանգության լուրջ երաշխիքներ է պահանջելու և պահանջելու է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից։
Պետք է հասկանանք, ասաց Ամեն Մանվելյանը, որ սահմանազատումը և սահմանագծումը ևս, իրականության մեջ, ոչ մի հարց չեն լուծում, որովհետև մեր թիվ 1 խնդիրը անվտանգության խնդիրն է՝ ադրբեջանցիներին բերել, հասցրել ենք մինչև մեր գյուղերի, քաղաքների սահմանը։ Հույս ունենալ, թե սահմանագծումից հետո ադրբեջանցիները դադարելու են կրակել գյուղերի ուղղությամբ, կամ դադարելու են գողանալ անասուններին, խանգարել գյուղատնտեսական աշխատանքները, ճիշտ չէ՝ չեն դադարելու, սահմանազատումը օրակարգային ոչ մի հարց չի լուծում։
Աննա Բալյան