Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
«Ռազմավարական նշանակության ուղղություններ են, եթե հանձնեց` ՀՀ-ն վերածվելու է կիսաանկլավային տարածքի»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Տավուշից տարածքներ ու գյուղեր հանձնելու մասին Փաշինյանի հայտարարությանը։
«Տնտեսական, էներգետիկ կոլապսի առաջ պետությունը կկանգնի։ Նաև պետք է հաշվի առնենք, որ այդ 4 գյուղերը միայն սկիզբն են լինելու, հետագայում նոր տարածքներ են հանձնելու, և դա շարունակական է լինելու։ Հասնելու են մինչև Լոռի, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում կանգ առնել ու բավարարվել միայն այդ 4 գյուղերով, համարյա հասնելու են մինչև Վանաձոր ու այդպես շարունակ… Պետք է հնարավորինս շուտ սրանացից ազատվել, որ կարողանանք երկիրը պահել»,- ասաց Արմեն Մանվելյանը։
-Պարո՛ն Մավելյան, Ադրբեջանը կրկին պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. հետևանք ունեցո՞ղ է։
-Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է Մեծամորի ատոմակայանը փակելու հարցը, տարիներ շարունակ այդ քաղաքական գիծն է տանում: Հիմա խնդիրն այն է, որ Ադրբեջանը դրանով փորձում է մաքսիմալ ճնշում գործադրել Հայաստանի վրա, բայց դա իրավական, քաղաքական, առավել ևս, տեխնիկական հիմք չունի, որովհետև հայկական ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԳԱՏէ-ի վերահսկողության ներքո։ ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար առցանց վերահսկողություն է իրականացնում և շատ լավ գիտի ատոմակայանի անվտանգային վիճակը, հետևաբար, Ադրբեջանի պահանջները զուտ քաղաքական են։
-Իսկ ի՞նչ երաշխիք, որ ՀՀ իշխանությունները չեն կատարի Ադրբեջանի՝ ատոմակայանը փակելու մասին պահանջը, եթե նկատի առնենք վերջին շրջանում օրվա իշխանության՝ թշնամու պահանջները ինտենսիվորեն կատարելու պատրաստակամությունը։
-Ոչ մի երաշխիք գոյություն չունի, շատ ճիշտ նշեցիք՝ հաշվի առնելով իրենց պատրաստակամությունը՝ չկա նման երաշխիք. սրանք պատրաստակամ են այն ամենին, ինչը պահանջում է Ադրբեջանը: Հույս ունենք, որ գոնե ատոմակայանի հարցով իրենք հաշվի կառնեն, որ մեծ ներդրումներ են արվել (200 մլն դոլարի չափ), և այդ գումարները, որոնց մի մասը Ռուսաստանն է տվել պարտքով, պետք է մի օր հետ վերադարձվեն։
- Բրյուսելում ընթացող միջուկային էներգիայի գագաթնաժողովի ժամանակ երեկ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպես են երկարաձգել ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը, սակայն նոր ատոմակայան կառուցելու մասին, կարծես, ծրագիր կամ որևէ խոսակցություն չկա։
- Նորություն չէ , որ ատոմակայանի ռեակտորի կյանքը երկարացվել է 10 տարով, և մինչև 2036 թվականը առանց խնդրի կարելի է շահագործել, ավելին՝ 2036 թվականից հետո էլ կարելի է ևս 10 տարով ռեակտորի կյանքը երկարացնել։
Ատոմակայանի ռեակտորի վերակառուցումն իրականացրել է «Ռոսատոմը», և համաշխարհային պատմության մեջ շատ են դեպքերը, երբ ատոմակայանի ռեակտորի կյանքը երկարացվել է։ Մեծ Բրիտանիայում կա ատոմակայան, որի ռեակտորի կյանքը 5 անգամ երկարացվել է, այսինքն՝ նախատեսվածից 50 տարուց ավել աշխատել է։ Ինչ վերաբերվում է նոր ատոմակայանի կառուցմանը, ապա շատ բարդ է՝ ելնելով ֆինանսական և այլ խնդիրներից, բայց ամենամեծ խնդիրը արտադրված էլեկտրաէներգիայի սպառումն է։ Հայաստանի շուկան շատ փոքր է, իսկ այսօրվա կայանները՝ ռեակտորները շատ հզոր են, նվազագույնը՝ 1200 մեգավատ հզորություն ունեն։ Գոնե այս պահին, մասնագետները նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չեն տեսնում։
Հերմինե Զեյնալյան