Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները կարևոր են բոլոր այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, և կապ չունի՝ հումանիտա՞ր, թե՞ բնագիտական առարկա է ընտրվում. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում տեղ գտած վիճելի դրույթներին, նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ. Արմեն Մանվելյանը:
Հիշեցնենք՝ նշյալ նախագծի մի շարք դրույթների մասին բազմաթիվ հայագիտական ինստիտուտներ արդեն հայտնել են իրենց հիմնավոր բացասական կարծիքները:
Ա. Մանվելյանը կարծում է, որ հատկապես հայոց լեզուն զարգացման տարբեր մակարդակներ ունի, և մարդը բուհ ընդունվելուց հետո, ուսմանը զուգահեռ, պետք է իր մասնագիտությանը համապատասխան ուսումնասիրի և տիրապետի հայերենին, որպեսզի հետագայում կարողանա իր ստացած գիտելիքը մատուցել մեկ ուրիշի:
«Օրինակ՝ բժիշկը չի կարող պատշաճ սպասարկել հիվանդին, եթե չի տիրապետում լեզվի համապատասխան մասնագիտական մակարդակին, նույնը վերաբերում է և՚ ֆիզիկոսին, և՚ քիմիկոսին, և՚ մաթեմատիկոսին, և՚ մյուսներին»,- ասաց Մանվելյանը՝ փաստելով, որ լեզուն ոչ միայն պարզ հաղորդակցման միջոց է, ինչպես հիմա փորձում են համոզել մեզ, այլ նաև գիտելիքի հանձնման, փոխանցման միջոց:
«Դպրոցական լեզվամտածողություն ունեցող մարդը չի կարող բուհում ստացած գիտելիքները նորմալ տեղ հասցնել: Եթե ընդունվի այդ օրենքը, մենք վաղը խնդիր ենք ունենալու այդ մասնագետների հետ: Առանց մասնագիտական լեզվական հմտություններին տիրապետելու՝ մարդը չի կարող ընկալել համապատասխան գրականությունը, էլ չեմ խոսում նման գրականություն ստեղծելու մասին: Լեզվամտածողությունը մասնագիտություն ձեռք բերելու ամենակարևոր նախապայմանն է, եթե լեզուն կտրում են մասնագիտությունից, ինչպե՞ս կարելի է մտածել, որ մասնագետը լավն է լինելու: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին է լինելու լեզվամտածողությունից զուրկ մասնագետի գրած գիտական հոդվածը», - շարունակեց նա:
«Այս որոշումն ուղղակի միամտության կամ անփորձության հետևա՞նք է, թե՞ միտում կա» հարցին Մանվելյանը պատասխանեց. «Ցավոք, այս երևույթը տանում է նրան, որ սկսենք մտածել՝ այստեղ կա որոշակի միտում, որն այս իշխանություններին հատուկ է. նրանց կողմից հայագիտական առարկաները թիրախավորված են: Այդ առարկաների դեմ տարվող պայքարն արդեն քաղաքական երանգներ է ստանում, դա նույնպես շատ վտանգավոր է: Ասում են՝ դպրոցում լիարժեք կսովորեն, և դա բավարար է, բայց դա սխալ մոտեցում է, դպրոցում սովորած տարեթվերն ու անգիր արված անունները շատ քիչ են, հայ մարդը պետք է բուհում կարողանա վերլուծել ու խորքային առումով մոտենալ այդ թվականներին ու անուններին, այսինքն՝ մոտենալ բովանդակությանը, ոչ թե ձևին: Դա մի բան է, որ ցանկացած մասնագիտության տեր մարդու անհրաժեշտ է»:
Ըստ ԵՊՀ դասախոսի՝ այս երկրի համար պատրաստվող մասագետը պետք է տիրապետի պետության ու ժողովրդի պատմությանը, դա խիստ անհրաժեշտ է:
«Այս ամենը ես օդից չեմ վերցնում, աշխարհի բոլոր առաջատար համալսարանների ծրագրերում այդ առարկաներն առկա են»,- եզրափակեց Մանվելյանը: