կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-20 18:03
Քաղաքական

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին թեև վերջին 20 տարվա ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրյա պատերազմը, մեծ տերությունների և ՀՀ հարևան պետությունների, այդ թվում` Իրանի պաշտոնական հայտարարությունները և նրանց կողմից որդեգրված դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտություն` վերանայելու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նշված պետությունների, մասնավորապես Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանավորված էր նախկին պատերազմների ընթացքում և դրանց ակտիվ փուլերում (1992-1994 թթ. և 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թվականից մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում արձանագրված իրողություններով։

Արցախյան առաջին պատերազմ

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Իրանը եղել է միջնորդական առաքելություն իրականացրած ամենաակտիվ պետություններից։ Լինելով աստվածապետական կառավարում և շիայադավան մեծամասնություն ունեցող պետություն՝ Իրանը մեծ մասամբ կարողացել է գործնականում չեզոքություն պահպանել հակամարտող կողմերի միջև այն դեպքում, երբ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը նույնպես իսլամի շիայական ուղղության հետևորդ է, և ադրբեջանական իշխանություններն էլ, օգտվելով այդ հանգամանքից, պարբերաբար փորձել են կրոնական երանգավորում տալու հակամարտությանը և ջիհադի քողի տակ ստանալու մուսուլմանական աշխարհի, այդ թվում և` Իրանի աջակցությունը։ Թեև պաշտոնական Թեհրանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ արել է առնվազն երեք հայտարարություն, որոնցում ձևականորեն պաշտպանել է Ադրբեջանի շահերը, սակայն այնպիսի գործնական աջակցություն, ինչպիսին ակնկալում էին Բաքվում և Անկարայում, և որը կարող էր որևէ ազդեցություն ունենալ ռազմական գործողությունների և պատերազմի ելքի վրա, չի ցուցաբերել։

Նշված հայտարարություններից առաջինը ԻԻՀ փոխարտգործնախարարի՝ 1992 թ. օգոստոսին արած հայտարարությունն էր, որում նա նշել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է և պետք է մնա նրա գերիշխանության տակ։ Մենք երբեք չենք ընդունի, որ Ղարաբաղը միանա Հայաստանին կամ էլ առանձին պետություն դառնա։ Մենք ոչ մի պարագայում չենք ընդունի ո՛չ բանակցությունների, ո՛չ պատերազմի հետևանքով և ո՛չ էլ ճնշման տակ կատարված սահմանների փոփոխությունը թե՛ Ադրբեջանում, թե՛ Նախիջևանում։ Դա մեր պետության և ժողովրդի, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդի ցանկությունն է»։

Երկրորդ հայտարարությունն արվել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից 1993 թ. հուլիսին Թավրիզ քաղաքում. «Հայաստանի կառավարությունը և Ղարաբաղի հայերը ճնշում են տարածաշրջանի մահմեդականներին։ Դատապարտելով Հայաստանի աջակցությամբ արցախահայերի վերջին գործողությունները՝ իրանահայությունից ակնկալում ենք նմանօրինակ վերաբերմունք»։ Կա այդ ժամանակաշրջանով թվագրվող և Ալի Խամենեիին վերագրվող ևս մեկ հայտարարություն կամ կրոնական հրովարտակ՝ ֆաթվա, ինչպես դա անվանեց այս տարվա հուլիսի 23-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, ըստ որի՝ «Ղարաբաղը իսլամական հող է»։ Թեև չկա այդ հայտարարությունը հաստատող որևէ տեսահոլովակ կամ այլ ապացույց, սակայն այն բազմիցս շահարկվել է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ Իրանի պանթյուրքական տարբեր խմբավորումների անդամների և պրոադրբեջանական տրամադրվածություն ունեցող հասարակական, քաղաքական ու կրոնական գործիչների կողմից և առ այսօր պաշտոնապես չի հերքվել։

Երրորդ հայտարարությունն արվել է Իրանի ԱԳՆ-ի կողմից 1993 թ. օգոստոսի 12-ին. «Իրանն անտարբեր չի մնա հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների նկատմամբ ագրեսիայի շարունակման դեպքում, և իսլամական աշխարհը նույնպես թույլ չի տա, որ մի անկախ իսլամադավան երկիր ենթարկվի ագրեսիայի»։

Բերված երեք հայտարարությունները թեև պաշտոնապես ի ցույց են դնում Իրանի արտաքին ձևական աջակցությունը Ադրբեջանին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, սակայն գործնական աջակցություն իրանական կողմից Ադրբեջանին չի ցուցաբերվել։ Ադրբեջանում ակնկալում էին, որ Իրանը, հետևելով Թուրքիայի օրինակին, ոչ միայն չի հաստատի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, այլև կմասնակցի Հայաստանի շրջափակմանը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Ադրբեջանում կա տարածված մի տեսակետ, որ Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցիների կրած պարտության հիմնական մեղավորների շարքում առաջինն Իրանն է, որը, չմասնակցելով Հայաստանի սահմանների շրջափակման ադրբեջանա-թուրքական ծրագրին, ապահովել է Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ՝ պատճառ դառնալով Ադրբեջանի պարտությանը։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իրանի՝ Ադրբեջանին գործնական աջակցություն չցուցաբերելու կարևոր պատճառներից մեկը Բաքվում «Ազգային ճակատ»-ի` իշխանության գալն էր, որի առաջնորդը՝ Աբուլֆազ Էլչիբեյը, պանթուրանական գաղափարախոսության կրող էր, հանդես էր գալիս բացահայտ հակաիրանական հայտարարություններով և կասկածի տակ էր դնում Իրանի տարածքային ամբողջականությունը՝ չթաքցնելով պատմական Ատրպատականի կամ, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի» հանդեպ ունեցած իր պանթյուրքական նկրտումները։

2016 թ. Ապրիլյան պատերազմ

2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակել է պահպանել իր գործնական չեզոքությունը և ինչպես առաջին պատերազմի, այնպես էլ Ապրիլյան քառօրյայի ժամանակ փորձել է իրականացնել միջնորդական առաքելություն։ Պատերազմի երկրորդ օրը Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում հրավիրվել է արտահերթ նիստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, որի ավարտից հետո ԻԻՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իրանը ԼՂ հակամարտության հարցում որդեգրում է անկողմնակալ դիրքորոշում։ Պատերազմի օրերին ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ և ԱՀ նախագահների հետ հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նաև երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցներ են ունեցել ԻԻՀ արտաքին գործերի, պաշտպանության և ԶՈՒ աջակցման նախարարները՝ շեշտելով ռազմական գործողությունները դադարեցնելու և խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը։ 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ ԻԻՀ-ն պահպանել է չեզոքություն ոչ միայն գործնականում, այլև պաշտոնական հայտարարությունների մակարդակում՝ ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, որի ժամանակ թեև պահպանել էր գործնական չեզոքություն, սակայն պաշտոնական հայտարարությունների մակարդակում մի քանի անգամ որոշակիորեն խախտել էր հավասարակշռությունը և չեզոքությունը։

Արտաքին միջամտություն:

Պաշտոնական Թեհրանի ընդհանուր մոտեցումները հակամարտության համեմատաբար պասիվ և ոչ պատերազմական շրջաններում

Տարբեր ժամանակահատվածներում ԻԻՀ նախագահների և արտաքին գործերի նախարարների՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ կատարած հայտարարություններում կարմիր թելի պես անցել են հետևյալ ցանկությունները, որոնց հիման վրա էլ, ըստ էության, ձևակերպվել է իրանական կողմի ընդհանուր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ.
-արդար լուծում,
-երկխոսություն,
-խաղաղ բանակցություններ,
-խնդրի լուծում միջազգային օրենքների շրջանակներում,
-խնդրի լուծում բանակցային եղանակով,
-խաղաղություն և կայունություն տարածաշրջանում,
-միջնորդական առաքելության ստանձնում:

Ստորև կներկայացնենք մի քանի պաշտոնական հայտարարություններ, որոնցում ընդգծվում է վերը թվարկված սկզբունքների կարևորումը Իրանի կողմից:

«Պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն օգտագործելու Ղարաբաղի հարցի արդար լուծման համար» (2001 թ., ԻԻՀ արտգործնախարար Քամալ Խարազի)։
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի արդարության սկզբունքի հիման վրա» (2011 թ. սեպտեմբեր, ԻԻՀ նախագահ Մ. Ահմադինեժադ):

«Թեհրանը շահագրգռված է այդ հակամարտության` խաղաղ ճանապարհով կարգավորմամբ միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք միշտ ցանկացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հաջող ավարտ և հակամարտության` խաղաղ ճանապարհով կարգավորում։ Իրանը` որպես հարևան երկիր, միշտ պատրաստ է դերակատարում ստանձնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում» (2015 թ. փետրվար, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ-Ջավադ Զարիֆ)։

«Ադրբեջանը և Հայաստանը մեր գործընկերներն են, և մենք հուսով ենք, որ բանակցությունների ու քաղաքականության միջոցով Ղարաբաղի հարցում հնարավոր կլինի հասնել տևական խաղաղության: Նման խաղաղությունը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անկասկած, խաղաղության հասնելու համար գոյություն չունի ռազմական ճանապարհ: Եվ հուսով ենք, որ խնդիրը կլուծվի միջազգային օրենքների շրջանակներում՝ խաղաղ բանակցությունների միջոցով» (2016 թ. դեկտեմբեր, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի)։

Հակամարտության համեմատաբար պասիվ և ոչ պատերազմական շրջաններում հարցի առնչությամբ իրանական դիրքորոշումը հնարավոր է դուրս բերել նաև այն բացառումներից և անթույլատրելի համարված կետերից, որոնք շեշտադրել են ԻԻՀ նախագահները, արտգործնախարարները և դիվանագետները։

Դրանք են՝
-լարվածության բացառում,
-ցանկացած տեսակի ռազմական բախման բացառում,
-ռազմական ճանապարհով հարցի լուծման բացառում։

Օրինակ.
«Իրանը` իբրև միակ երկիր, որն ընդհանուր սահման ունի հակամարտության գոտու հետ, իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում լարվածություն և ցանկացած տեսակի բախում ստեղծելու կապակցությամբ» (2012 թ. մարտ, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն)։
«Անկասկած, խաղաղության հասնելու համար գոյություն չունի ռազմական ճանապարհ» (2016 թ. դեկտեմբեր, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի):

Նշված կետերից բացի՝ հատկապես վերջին տարիներին եղել է «պետությունների տարածքային ամբողջականության հարգում» սկզբունքի խնդիրը, որը կիրառվել է Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային երկրների նախագահների և արտգործնախարարների եռակողմ (Իրան, Վրաստան, Ադրբեջան) կամ քառակողմ (Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան) հանդիպումների համատեղ հայտարարությունների տեքստերում և Ադրբեջանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանների հայտարարություններում։

Նշված տարիների ընթացքում ոչ մեկ անգամ բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ են արտահայտել Ատրպատականի խոշոր քաղաքների (Թավրիզ, Արդաբիլ, Ուրմիա) ուրբաթօրյա աղոթապետերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի որոշ գեներալներ, Ադրբեջանում Իրանի դեսպաններ, որոնք չեն համարվել պաշտոնական Թեհրանի դիրքորոշում և հաճախ մեկնաբանվել են ու բացառվել որպես պաշտոնական Իրանի դիրքորոշում ՀՀ-ում Իրանի դեսպանների կամ ռազմական կցորդների կողմից։

Ունենալով ընդհանուր առմամբ արտաքուստ բացասական բովանդակություն հայկական շահերի տեսանկյունից, այնուամենայնիվ, ո՛չ այդ հայտարարությունները, ո՛չ անգամ ԻԻՀ մասնակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպությունում Արցախի խնդրով հակահայկական բանաձևերի կամ հայտարարությունների ընդունումը չեն ազդել Իրանի՝ գործնական չեզոքություն պահպանելու և ՀՀ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ կառուցելու քաղաքականության վրա։

2020 թ. 44-օրյա պատերազմ և հետպատերազմական շրջան

Թեև Իրանը 2020 թ. 44-օրյա պատերազմի առաջին փուլում ունեցել է համեմատաբար չեզոք դիրքորոշում, պաշտոնական հայտարարություններում անընդհատ շեշտել տարածաշրջանում ահաբեկիչների տեղակայման անթույլատրելիության մասին, դարձյալ հանդես եկել միջնորդական առաքելություն ստանձնելու առաջարկներով, սակայն երկրորդ փուլում՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացմանը և իրավիճակի փոփոխությանը զուգահեռ, վերանայել է կողմերի միջև չեզոքության և հավասարակշռության պահպանման իր նախկին սկզբունքներն ու հաշվի նստել պատերազմի դաշտում տեղի ունեցող փոփոխությունների և դրանց հետևանքով ձևավորվող նոր իրողությունների հետ։

Ի վերջո, 2020 թ. նոյեմբերի 3-ին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ձևակերպել է ԻԻՀ վերանայված դիրքորոշումը արցախյան հակամարտության առնչությամբ և սահմանել հետևյալ սկզբունքները.

-Ադրբեջանի գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն։
-Այդ տարածքի հայերի անվտանգությունը պետք է ապահովվի։
-Երկու կողմերն էլ չպետք է թիրախավորեն պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները։
-Եթե ահաբեկիչները մոտենան Իրանի սահմաններին, կտրուկ գործողությունների կհանդիպեն։

Պատերազմի ավարտից հետո՝ 2021 թ. հունվարի 25-ին, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ-Ջավադ Զարիֆը շնորհավորել է Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին` «վերջին հաղթանակների կապակցությամբ», իսկ հուլիսի 15-ին Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «բռնազավթված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ»։

Ամփոփելով պետք է նշել, որ 2020 թ. 44-օրյա պատերազմում հայկական կողմի անհաջողություններին և իրավիճակի փոփոխությանը զուգահեռ տեղի է ունեցել նաև արցախյան հակամարտության առնչությամբ իրանական պաշտոնական դիրքորոշումների և մինչ այդ օգտագործված եզրաբանության, բառերի ու արտահայտությունների հստակ փոփոխություն, որը հաստատվել է նաև պատերազմից ամիսներ անց երկրի նախկին արտգործնախարարի և նորընտիր նախագահի՝ Ադրբեջանի նախագահին, կառավարությանը և ժողովրդին ուղղված շնորհավորանքներով, դրանցում կիրառված տերմիններով և արտահայտություններով։

Արտյոմ Տոնոյան

«Դրօշակ», թիվ 9(1658), սեպտեմբեր, 2021 թ.