կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 11:00
Արցախ

Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը

 Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը

Հայ-իրանական հարաբերություններում ռիսկային ոլորտը, որ նկատում է իրանագետ Վարդան Ոսկանյանը, Արցախի խնդրի կապակցումն է Հայաստան-Իրան հարաբերություններին: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Իրանի հետ հարաբերությունների սառեցման, դադարեցման փոխարեն մեզ առաջարկում են Արցախյան հիմնախնդրի լուծում:

«Ենթադրում եմ, որ Արցախյան հիմնախնդրի լուծումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը Արևելքից ու Արևմուտքից կունենա բաց սահմաններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ինչը, բնականաբար, կնվազեցնի Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը: Բացի այդ` Հայաստանը, ենթադրվում է, կարող է մաս դառնալ ԱՄՆ-ի կողմից ծրագրվող հակաիրանական գործողությունների: Բայց ես կարծում եմ` հայ-իրանական հարաբերություններն Արցախի հետ շաղկապելը պետք է խեղդվի խանձարուրում»,- ընդգծեց իրանագետը:

Մեր զրուցակիցը վստահեցրեց` Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը կարող է միայն նպաստել Արցախյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը: Ինչո՞ւ, որովհետև Իրանն այն բացառիկ պետությունն  է, որը սահման ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի երկու հատվածների` Նախիջևանի ու «մայրցամաքային» Ադրբեջանի հետ: Հետևաբար, ըստ Ոսկանյանի, այս պետության հետ մեր հարաբերությունները ոչ թե խանգարում, այլ նպաստում են մեր պետության անվտանգության բաղադրիչի պահպանմանը:

«Նույնը վերաբերում է նաև Իրանին, ու եթե մի պահ պատկերացնենք`Արցախ-Իրան սահմանը գոյություն չունի, ապա Իրանի հյուսիսը ենթակա է անվտանգության հսկայական ռիսկերի: Իրանցիներին նույնպես ձեռնտու է, որ Հայաստան-Իրան սահմանն` իր երկու բաղադրիչներով, երբևիցե չփոխվի հօգուտ Ադրբեջանի»,- ասաց իրանագետը:

Վրույր Սևակ