կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 17:58
Քաղաքական

Իրանի վերաբերմունքն Արցախյան հիմնախնդրի նկատմամբ չի փոխվել. իրանագետ

Իրանի վերաբերմունքն Արցախյան հիմնախնդրի նկատմամբ չի փոխվել. իրանագետ

Եթե ընտրություններից հետո Փաշինյանը կրկին ընտրվի վարչապետ, կարևոր կլինի, որ նա այցելի Իրան, այդպիսի այցը լուրջ ուղերձ կլինի մեր հարավային հարևանին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Նշենք, որ Փաշինյանը տարածաշրջանային երկրներից պաշտոնական այցով եղել է միայն Վրաստանում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ստամբուլում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով: Բանակցությունների ավարտին ընդունված հռչակագրում նախարարներն ընդգծեցին այն պարտավորությունները, որոնք վերաբերում են պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը և հատկապես այն աջակցությանն ու հարգանքին, որ պետք է ցուցաբերվի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ:

Ոսկանյանից հետաքրքրվեցինք, թե Իրանի՝ այդ հռչակագրին միանալը կարո՞ղ է որևէ կապ ունենալ Բոլթոնի՝ Հայաստանում Իրանի հասցեին հնչեցրած սպառնալիքների հետ: Իրանագետի կարծիքով` սխալ կլինի այդ ամենը կապել Բոլթոնի այցի և հայտարարությունների հետ: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշված հանդիպման վերջում ընդունված հայտնի փաստաթղթում հատուկ չի շեշտադրվել, այլ շեշտադրվել է, որ կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և մի շարք այլ միջազգային իրավունքի սկզբունքներ: Այսինքն՝ ուղղակի հիշատակում արցախա-ադրբեջանական սահմանի մասին չկար: Ուղղակի մեր լրատվամիջոցներում տարածվեց Ադրբեջանի արտգործնախարարի մեկնաբանությունը, ինչի հետևանքով էլ թյուրընկալում եղավ: Այդպիսի հռչակագրեր, այդպիսի հայտարարություններ եղել են նաև նախկինում, մասնավորապես՝ նախորդ տարի Բաքվում կայացած նույնանման հանդիպման ընթացքում»,- նշեց նա:

Ըստ Ոսկանյանի՝ Իրանի վերաբերմունքն Արցախյան հիմնախնդրի նկատմամբ չի փոխվել, ավելին՝ պաշտոնական մակարդակում իրանցիները հանդես են գալու հավասարակշռված քաղաքականությամբ: «Իրանին ձեռնտու է, որպեսզի  այն իրավիճակը, որը դե ֆակտո ստեղծվել է Արցախյան հակամարտության գոտում, հատկապես՝ սահմանների առումով, պահպանվի: Տարածքային ամբողջականության մասին խոսելիս Իրանի արտգործնախարարն ավելի շուտ իր սահմանների մասին է ակնարկել, այսինքն՝ ոչ թե Արցախի, այլ Իրանի տարածքի՝ Սիրիայի, Իրաքի հետ կապված, որտեղ եթե կիրառվի ազգերի ինքնորոշման սկզբունքը, ապա այդ պետությունները կարող են մասնատվել, ինչը չի բխում Իրանի շահերից»,- պարզաբանեց նա:

Երեկ Փաշինյանն ԱԺ-ում ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին ի պատասխան՝ նշել էր, որ վերջերս մի շատ փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացրել է Հայաստանի իրավիճակը: «Ասացի՝ մեր 4 սահմաններից 2–ը փակ են՝ Ադրբեջանի հետ սահմանը փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով և Թուրքիայի հետ սահմանը՝ նույնպես Ղարաբաղյան հակամարտության պատճառով: Կարող է թվալ, թե մյուս երկու սահմանները բաց են, բայց այդ սահմանները կիսաբաց են, որովհետեւ հայ–իրանական սահմանը, օրինակ, ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի եւ Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։ Հայ–վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ, վատ եղանակային պայմանների կամ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով»,- ասել էր Փաշինյանը։

Հարցին, թե հայ-իրանական սահմանի փակման մասին ակնարկը կարո՞ղ է Իրանում թյուրընկալման տեղիք տալ, Ոսկանյանը պատասխանեց, որ Փաշինյանը դիվանագետի հետ զրույցի ընթացքում է այդ խնդիրը քննարկել, և, իր կարծիքով, գույները խտացվել են, հավանաբար, Հայաստանի համար որևէ շահավետ դիրքորոշում դիմացինի մոտ ստեղծելու նպատակով: «Ավելի կարևոր է ակնհայտ հայտարարությունն առ այն, որ նույնիսկ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումների ընթացքում Հայաստանն առաջնորդվել է բացառապես սեփական, ազգային և պետական շահով, և դա ընկալելի է եղել Նահանգների կողմից: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ Հայաստանը չի անսացել ԱՄՆ-ի հորդորներին կամ տուրք չի տվել ճնշումներին, եթե այդպիսիք եղել են»,- ասաց իրանագետը:

Իսկ թե ի՞նչ ընթացք է սպասվում հայ-իրանական հարաբերություններում, Ոսկանյանը նշեց, որ մեր հարաբերություններն Իրանի հետ շարունակելու ենք զարգացնել, դա նշել է նաև Փաշինյանը: «Փաշինյանն էլ նշեց, որ իր՝ կրկին վարչապետ դառնալու պարագայում Իրանի հետ հարաբերությունները կստանան նոր մակարդակ և կզարգանան նոր մթնոլորտում: Մենք ունենք շատ կարևոր խնդիր՝ իրանցիներին բացատրել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների տրամաբանությունը, քանի որ Իրանում այդքան էլ լավ չեն հասկանում՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Մյուս կարևոր խնդիրը, բնականաբար, Փաշինյան-Ռոհանի հանդիպումն է՝ ոչ թե տարբեր կառույցների շրջանակում, քանի որ ՄԱԿ-ում նման հանդիպում եղել է` այլ պաշտոնական այցերի մակարդակով: Նման հանդիպումները լուրջ խթան են  երկկողմ հարաբերություններում առաջընթաց  գրանցելու համար»,- ասաց Ոսկանյանը: