կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-03 11:31
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը

Հոկտեմբերի 2-ի առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իրինեյի հանդիպմամբ մեկնարկեց պաշտոնական այցելությունը Սերբիա։

 

Սերբիայի պատրիարք Իրինեյը ասաց, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում՝ երկու երկրների համագործակցության զարգացման համար։ Հայաստանի արտգործնախարարն ու Սերբիայի Պատրիարքը կարևորեցին Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները։ Հանդիպմանը անդրադարձ արվեց բալկանյան տարածաշրջանի զարգացումներին։

 

Սերբիայի Պատրիարքը խնդրեց իր բարեմաղթանքները և եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին։ Բելգրադում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սերբիայի Նախագահը նշեց, որ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Նախագահ Նիկոլիչին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները և վստահություն հայտնեց, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երևան նոր խթան կհանդիսանա՝ երկու երկրների համագործակության ընդլայնման և խորացման համար։ Զրույցի ընթացքում ընդգծվեց երկուստեք պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդելու հայ-սերբական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։

 

Հանդիպմանը կարևորվեց Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը։ Նախագահ Նիկոլիչը և նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին՝ մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Բելգրադում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին, որի հետ քննարկեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Սերբիայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն ընդծեցին, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ գոյություն ունի և վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերով հնարավոր է աշխուժացնել առևտրատնտեսական կապերը, ակտիվացնել գործարարների միջև կապերը, խրախուսել փոխադարձ ներդրումները, զարգացնել փոխգործակցությունը՝ տուրիզմի, գիտության, առողջապահության բնագավառներում, որակապես նոր մակարդակի բարձրացնել երկկողմ համագործակցությունը։

 

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ շփումների խթանմանը։ Նախարար Նալբանդյանը Սերբիայի վարչապետին Հայաստանի կառավարության ղեկավարի անունից հրավիրեց այցելել Հայաստան։ Սերբիայի կառավարության ընդունելությունների տանը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի բանակցությունները։

 

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իվիցա Դաչիչը եղբայրական բնորոշեց Հայաստանի և Սերբիայի՝ պատմության փորձությունն անցած հարաբերությունները և ընդգծեց, որ Հայաստանի արտգործնախարարի այցելությունը լավ հնարավորություն է՝ երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար։ Շնորհակալություն հայտնելով Բելգրադ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված Է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ համակրանքի վրա:

 

«Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը` առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում, զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք լրացուցիչ ջանքեր ներդնել` մեր փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ»,- ասաց նախարար Նալբանդյանը։ Նախարարներն անդրադարձան Սերբիայի Նախագահի` Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի խորացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը։

 

Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել աշխատանքները` երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։ Նախարար Դաչիչը տեղեկացրեց Երևանում Սերբիայի դեսպանություն հիմնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կփոխադարձի այդ քայլին։ 2015թ. ԵԱՀԿ-ում Սերբիայի գալիք նախագահության համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային խնդիրների շուրջ: Զրուցակիցները անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցերի:

 

Նախարար Դաչիչը ներկայացրեց բալկանյան տարածաշրջանի խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ Սերբիայի մոտեցումները։ Նախարար Նալբանդյանը սերբ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նախարար Դաչիչը վերահաստատեց Սերբիայի սկզբունքային դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի աջակցության և նրանց կողմից առաջարկված սկզբունքների և տարրերի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը սատարելու վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և ողջունեց փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն միտված Բելգրադի ու Պրիշտինայի միջև ընթացող երկխոսությունը:

 

Նախարար Վուչիչը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա շնորհակալություն հայտնեց՝ Կոսովոյում հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան։ Հանդիպումից հետո Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միրյանա Միլոսլավլյեցիչը ստորագրեցին ՀՀ ԱԳՆ Դիվագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր։

 

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Սերբիայի Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Իվան Մրկիչի հետ։ Զրուցակիցները, վերհիշելով ս.թ. մարտին Երևանում կայացած հանդիպումը, գոհունակություն հայտնեցին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն իրականացվում են։ Նրանք քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

 

Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Սերբիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ Խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Մարցինկովիչի և Հայաստան - Սերբիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդր Չոդրիչի հետ։ Հանդիպմանը կարևորվեց միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվեցին միջորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։ Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։ Նույն օրը՝ երեկոյան, ավարտելով այցելությունը, Հայաստանի արտգործնախարարը ուղևորվեց Երևան։